Նորածին երեխա

27.10.2016 60160
Կյանքի առաջին 28 օրերը փոքրիկն անցկացնում է քնելու և սնվելու միջև՝ առանց տարբերելու օրը գիշերից: Այս շրջանում փոքրիկի համար գլխավոր պահանջմունքը մայրիկի հետ մարմնական շփումն է, ջերմությունն ու մայրական կաթը: Առաջին ամիսը փոքրիկի համար ադապտացիայի շրջան է, երբ նրա ֆիզիկական աճը շատ արագ է տեղի ունենում: Նա ինն ամիսների ընթացքում զարգացել է մայրիկի արգանդում՝ պաշտպանված արտաքին միջավայրից, և այժմ նա պետք է հարմարվի շնչելու, սնվելու նոր ձևերին, ինչպես նաև լսողական, տեսողական ու շոշափելիքի զգայարաններին: Նորածնի մկանները ծնունդից հետո դեռ թույլ են՝ նույնիսկ գլուխն ինքնուրույն պահելու համար: Հաճախ է մատները ծալում և բռունցնքերն ամուր սեղմում մարմնին: Երեբմն հարավոր է մկանի ձգում նկատվի, ինչը բնական երևույթ է, բարձր մկանային տոնուսը կարգավորվում է մինչև երեք ամսականը:

Կերակրումը

Նորածնի համար մայրական կաթից ավելի լավ սնունդ չկա, քանի որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը և վիտամինները և նորածնին կերակրելու իդեալական տարբերակ է: Բացի այդ, մոր կուրծքը երեխայի համար հանգստացնող դեր ունի: Քանի որ նորածնի որովայնը դեռ փոքրիկ է, նրան պետք է կերակրել հաճախակի, գրեթե 3 ժամը մեկ անգամ: Կերակրման հաճախության նվազմանը զուգահեռ կնվազի նաև երեխային կրծքին դնելու հաճախությունը:

Կերակրումից հետո երեխան երբեմն փսխում է, ինչը նշանակում է, որ կաթը կուլ տալիս նաև օդ է անցել: Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է փոքրիկին ճիշտ դիրքով կերակրել: Խորհուրդ է տրվում ծնունդից անմիջապես հետո կերակրել փոքրիկին: Մայրիկի կրծքին դնելիս նա ինքը կգտնի կուրծքն ու կսկսի ծծել: Կարևոր է հենց առաջին անգամ ճիշտ գրկել երեխային ու մոտեցնել կրծքին: Կուրծքը ծծելիս նա պետք է բռնի պտուկը և արեոլան, իսկ դնչիկը հպվի կրծքին: Մայրիկի կրծքին հպված՝ փոքրիկը զգում է մայրիկի ջերմությունը, ինչը ապահովության զգացում է ներշնչում: Երեխային կերակրելիս մայրիկը նույնպես պետք է հարմար դիրքում լինի, և կերակրման ընթացն ինքնին պետք է հաճելի լինի մայրիկին և նա ոչ մի անհարմարություն չպետք է զգա: Երեխան չպետք է շատ արագ խմի, որպեսզի կոլիկաներ չառաջանան:

Քունը

Եթե երեխան հաճախակի է փսխում, խորհուրդ է տրվում նրան քնեցնել կողքի վրա պառկած դիրքում, քանի որ փսխումների ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը վտանգավոր է: Միջինում, նործինը քնում է օրական 16-18 ժամ:

Կարդացեք ՝ Այն, ինչ հարկավոր է իմանալ նորածնի քնի մասին:

Լողացումը

Կարևոր է նորածնին լողացնելու պրոցեսը: Որպեսզի փոքրիկը չմրսի, պետք է նախապես պատրաստել անհրաժեշտ հագուստը: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի ոչ պակաս քան 22ՕC, իսկ ջրի ջերմաստիճանը՝ 37ՕC: Առաջին լողացման ժամանակ անհրաժեշտ է փոքրիկին զգուշորեն և աստիճանաբար մտցնել ջուրը, որպեսզի նա չվախենա: Խորհուրդ է տրվում լողացնելու ընթացքում փոքրիկի հետ խոսել նուրբ ու հաճելի բառերով, որպեսզի լողանալը միայն դրական հույզեր առաջացնի նրա մոտ: Լողացնելիս հարկավոր է մեկ ձեռքով պահել փոքրիկի գլուխը, իսկ մյուսով լողացնել: Ուշադի՛ր եղեք, որպեսզի օճառը չլցվի աչքերի կամ քիթիկի մեջ: Լողացնելուց անմիջապես հետո փաթաթեք նուրբ սրբիչով: Մաշկը չորացրեք նրբորեն, որպեսզի սրբիչը չքերի և չվնասի մաշկը: Չմոռանաք նաև ականջները չորացնելու մասին:

Հիգիենան

Նորածնի նուրբ և զգայուն մաշկը պահանջում է ամենօրյա ուշադիր խնամք: Անհրաժեշտ է մաշկը մաքրել յուրաքանչյուր կզազատումից հետո կամ տակդիրը փոխելիս: Դա կարելի է անել ծորակի ջրի տակ (37C), կամ մանկական խոնավ անձեռոցիկներով: Մաշկը մաքուր և չոր պահելը կօգնի խուսափել գրգռումից: Մեծահասակների նման՝ նորածիններին նույնպես հարկավոր է ամեն օր լվացվել: Դա կարելի է անել առավոտյան կերակրումից հետո. սենյակային ջերմաստիճանի ջրով թրջած բամբակով նրբորեն մաքրեք երեխայի դեմքը:

Հագուստը փոխելիս ուշադրություն դարձրեք մաշկի գույնին, եթե կարմրություն կամ ցան լինի, անհրաժեշտ է դիմել բժշկի: Մանկական հիգիենան նաև եղունգների մաքրությունն է: Եղունգները կտրում են երրորդ շաբաթից սկսած: Խորհորդ է տրվում նախքան կտրելը մկրատը մաքրել սպիրտով:

Կարևոր է առաջին օրերին հետևել նորածնի պորտի մաքրությանը: Այն մշակում են օրական 2-3 անգամ: Երկու շաբաթների ընթացքում այն ընկնում է և սկսում է սպիանալ: Պորտից արտադրության կամ արյունահոսության դեպքում հարկավոր է դիմել մանկաբույժի: Փոքրիկի օրգանիզմը կոփելու համար անհրաժեշտ է նրան զբոսանքի տանել: Հարկավոր է զբոսանքը սկսել կարճ տևողությամբ և աստիճանաբար երկարացնել այն: Պետք է հիշել, որ նորածինների մոտ ջերմային կարգավորումը դեռ թույլ է, և անհրաժեշտ է ուշադիր լինել շատ տաք կամ շատ ցուրտ եղանակին նրա հետ զբոսնելիս: