Ինչպե՞ս խնամել մաշկն աշնանը

21.09.2016 8125
Աշնանային եղանակը ոչ միայն տրամադրության փոփոխություններ է առաջացնում, այլև ազդում է մաշկի վրա: Ջերմաստիճանի տատանումների, ցուրտ քամիների, ներտնային չոր մթնոլորտի պատճառով մաշկը կորցնում է փայլը, փափկությունը, նվազում է տոնուսը, մեծանում է պիգմենտների և կնճիռների առաջացման վտանգը: Հետևաբար այս շրջանում հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել մաշկի խնամքին: Պարբերաբար կատարվող միջամտություններն ու ճիշտ խնամքը կօգնեն պահպանել մաշկի առողջությունը:

Պիլինգ

Սկրաբի կամ պիլինգի կիրառումն օգնում է թարմացնել ու վերականգնել մաշկը: Սակայն այս միջոցները հնարավոր է վնասեն այն, հետևաբար անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել և ոչ հաճախակի՝ շաբաթական մեկ անգամ:

Պաշտպանություն

Մաշկի խնամքի պարագաներում անհրաժեշտ է ներառել պաշտպանող, վերականգնող քսուքներ: Դրանց բաղադրության մեջ գերակշռում են ճարպային բաղադրիչները, ինչն էլ օգնում է ցրտից պաշտպանվել:

Սնուցում

Չմոռանանք մաշկը սնուցելու մասին: Կարելի է կիրառել ինչպես սնուցող քսուքներ, այնպես էլ դիմակներ: Վերջինս ցանկալի է օգտագործել շաբաթական մեկ անգամ ցերեկային ժամերին, քանի որ այդ ժամանակ մաշկն ավելի լավ է ներծծում նյութերը: Կարելի է նաև դիմակներ կիրառել քնելուց 3 ժամ առաջ:

Խոնավացում

Աշնանը մաշկը գրեթե չի շնչում, չորանում է և թեփոտում: Լավ կլինի կրել բնական կտորից հագուստ, օգտագործել ողջ մարմնի համար նախատեսված խոնավեցնող լոսիոններ կամ քսուքներ՝ ցանկալի է երեկոյան ժամերին: Բարենպաստ ազդեցություն են ունենում նաև եթերայուղերի օգտագործումը, մերսումը, շոգեբաղնիքը:

Ամրապնդում

Մաշկի ամրապնդումն օգնում է երկար պահպանել խնամված տեսքը: Ամրապնդման համար կիրառվում է մաշկի մերսում և դիմակներ: Խորհուրդ է տրվում օգտագործել ժենշենի, գազարի էքստրակտի, ծովային ջրիմուռների, եթերայուղերի պարունակությամբ քսուքներ և կոսմետիկ միջոցներ: