Կրծքով սնուցման դժվարություններ

14.09.2016 32289
Եթե կասկած կա, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում, ապա պետք է գնահատել 2 կարևոր ցուցանիշներ՝ քաշի ավելացումը և միզելու հաճախությունը (բացառապես կրծքով սնուցման դեպքում)։ Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում քաշի ավելացումը ամսական առնվազն 500 գրամով (կամ շաբաթական 125 գրամով) և օրվա ընթացքում առնվազն 6-7 անգամ միզելը հավաստի նշաններ են այն բանի, որ երեխան բավականաչափ կաթ է ստանում։ Քաշի ավելացման ու միզելու հաճախականության վերը նշվածից փոքր ցուցանիշները հավաստում են, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում։ Այդ դեպքում պետք է փնտրել և հնարավորության դեպքում վերացնել երեխայի անբավարար կաթ ստանալու հնարավոր պատճառները։
Երեխայի անբավարար քանակությամբ կաթ ստանալու հնարավոր պատճառներն են.
  • կրծքով կերակրման հետ կապված գործոնները՝ կրծքով կերակրման ուշ սկիզբը, ոչ հաճախակի կերակրումները, կարճատև կերակրումները, գիշերային կերակրումների բացակայությունը, կերակրման սխալ դիրքը, կրծքագեղձերի անբավարար դատարկումը, շշերի և ծծակների օգտագործումը, լրացուցիչ սննդի ներմուծումը 
  • մոր հոգեբանական գործոնները՝ ինքնավստահության պակասը, անհանգստությունը, սթրեսը, հոգնածությունը, հակակրանքը կրծքով կերակրման նկատմամբ կամ երեխային չընդունելը 
  • մոր վիճակը՝ հակաբեղմնավորիչ հաբերի կամ միզամուղների օգտագործումը, հղիությունը, կտրուկ հյուծումը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, ընկերքի մնացորդը արգանդում, կրծքագեղձերի թերզարգացումը (շատ հազվադեպ) 
  • երեխայի վիճակը՝ հիվանդություն, ներարգանդային զարգացման անկանոնություններ:

Անբավարար կաթնարտադրություն

Կրծքով կերակրելու ընթացքում կանայք հաճախ ունենում են անբավարար կաթնարտադրության կարճատև դրվագներ՝ այսպես կոչված կաթնարտադրության ճգնաժամեր: Երեխան մի քանի օր անընդհատ քաղցած է թվում և հաճախակի կերակրումներ է պահանջում: Պատճառը երեխայի թռիչքաձև աճն է: Մորը պետք է խորհուրդ տալ մի քանի օրվա ընթացքում շատ հաճախակի կերակրել երեխային և լրացուցիչ սնունդ չտալ, որպեսզի կաթնարտադրության ծավալը մեծանա՝ հավասարվելով երեխայի աճած պահանջարկին: Շատ մայրեր երեխային սկսում են լրացուցիչ սնունդ տալ լացի պատճառով: Հաճախ լրացուցիչ սնունդը չի օգնում և երեխան շարունակում է լաց լինել, երբեմն նաև ավելի շատ է լաց լինում:

Քաղցի զգացում արագ աճի պատճառով

Երեխան մի քանի օր շատ քաղցած է թվում, հավանաբար այն պատճառով, որ սկսել է ավելի արագ աճել, քան նախկինում: Նա պահանջում է, որ իրեն հաճախ կերակրեն: 2-6 շաբաթական և մոտ 3 ամսական տարիքում սա լինում է լացի հիմնական պատճառը, չնայած դա կարող է լինել նաև ցանկացած այլ տարիքում: Եթե մի քանի օրվա ընթացքում երեխան սկսի ավելի հաճախ ծծել կուրծքը, կաթի արտադրությունը կավելանա և կերակրման ռեժիմը կկարգավորվի:

Մոր սնունդը

Երբեմն մայրը նկատում է, որ որոշակի սնունդ օգտագործելու դեպքում երեխան դառնում է անհանգիստ: Դա լինում է այն պատճառով, որ ընդունած սննդից որոշ նյութեր անցնում են կաթի մեջ: Սա վերաբերում է բոլոր սննդամթերքներին, այդ պատճառով կարիք չկա թվարկելու այն սննդամթերքները, որոնց օգտագործումից մայրը պետք է խուսափի: Նա ինքը կարող է նկատել, թե որոնք են դրանք: Մոր օգտագործած կովի կաթի, սոյայի, ձվի, գետնանուշի և այլ մթերքների մեջ պարունակվող սպիտակուցների հանդեպ երեխան կարող է ալերգիա զարգացնել, իսկ սուրճի, թեյի և այլ ընպելիքների մեջ պարունակվող կոֆեինը կարող է թափանցել կրծքի կաթի մեջ և անհանգստություն պատճառել երեխային: Եթե մայրը ծխում է կամ դեղորայք է ընդունում, ապա հավանական է, որ նրա երեխան ավելի շատ լաց լինի: Ընտանիքի այլ անդամի ծխելը նույնպես կարող է վատ անդրադառնալ երեխայի վրա:

Երեխայի կոլիկաներ

Որոշ երեխաներ շատ են լաց լինում և դա կապված չէ վերոհիշյալ պատճառներից որևէ մեկի հետ: Երեխան կարող է անհանգիստ լինել ամբողջ օրվա ընթացքում կամ օրվա որոշակի ժամերին՝ հատկապես երեկոյան: Նա կարող է ձգել ոտքերը՝ կարծես փորը ցավում է: Թվում է երեխան ուզում է ծծել, բայց նրան դժվար է հանգստացնել: Լացի այդպիսի պատկեր ունեցող երեխաները կարող են ունենալ ակտիվ մարսողություն և գազերի արտազատում սակայն լացի պատճառն անհայտ է: Այդպիսի վիճակը կոչվում է «կոլիկաներ»: «Կոլիկաներով» երեխաները սովորաբար լավ են աճում և 3 ամսականից հետո սկսում են ավելի քիչ լաց լինել:

Մեծ պահանջներով երեխաներ

Որոշ երեխաներ մյուսներից ավելի շատ են լաց լինում և կարիք է լինում նրանց գրկել և oրորել: Եթե մայրը երեխային իր մոտ է պահում, հաճախակի գրկում է, մեղմորեն շոյում և «զրուցում» է նրա հետ, երեխան ավելի քիչ է լաց լինում, քան եթե նա թողնում է երեխային պառկած և հեռանում է, կամ երեխան քնում է առանձին մահճակալում:
Աղբյուրը՝ Ձեռնարկ կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ/ՀՀ առողջապահության նախարարություն. 2013