Բեղմնականխման քիմիական միջոցներ (սերմնասպան նյութեր)

14.07.2016 24456
Սերմնասպան նյութերը (սպերմիցիդներ) քիմիական նյութեր են, որոնք հեշտոցում քայքայում են սերմնաբջիջները և կանխում դրանց մուտքն արգանդ։ Ժամանակակից սերմնասպաններն ունեն երկու բաղադրիչ՝ քիմիական նյութ, որը սպանում է սերմնաբջիջները, և նյութ, որի շնորհիվ սերմնասպանը տարածվում է հեշտոցում։

Սերմնասպանների ամենատարածված ակտիվ բաղադրիչներից է բենզալկոնիումի քլորիդը։ Կան բեղմնականխիչներ, որոնց բաղադրության մեջ որպես ակտիվ բաղադրիչ օգտագործում են նոնոքսինոլ և այլ դեղապատրաստուկներ։ Սերմնասպանների արդյունավետությունը ճիշտ և կանոնավոր օգտագործման դեպքում հասնում է 82%-ի։

Վերջին տարիներին կատարված մի շարք հետազոտություններ վկայում են, որ երկարատև և հաճախակի օգտագործման դեպքում նոնոքսինոլը կարող է վնասել հեշտոցի և ուղիղ աղիքի հյուսվածքները, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել։

Տեսակները

Սերմնասպան նյութերը արտադրվում են տարբեր ձևերով՝
  • ժելե, 
  • փրփուր, 
  • հալչող մոմիկներ, 
  • փրփրող մոմիկներ, 
  • փրփրող հաբեր, 
  • լուծվող թաղանթներ, 
  • սպունգներ։ 
Կախված ձևից՝ օգտագործման ձևը տարբեր է։ Քսուքները և ժելեն օգտագործում են ինչպես առանձին, այնպես էլ կանանց համար նախատեսված մեխանիկական բեղմնականխիչների հետ միասին։ Այդ համադրությունը թույլ է տալիս ապահովել վեցժամյա բեղմնականխիչ ազդեցություն՝ օգտագործման պահից հաշված։ Փրփուրներն առանձին են օգտագործում։

Փրփուրն ազդում է անմիջապես և պահպանում իր ազդեցությունը մոտավորապես մեկ ժամ։ Մոմիկներն ու հաբերն սկսում են ազդել մոտավորապես 10 րոպեից, քանի որ լուծվելու կամ փրփրելու համար ժամանակ է պահանջվում։ Այդպիսի սերմնասպանների ազդեցությունը տևում է առավելագույնը մեկ ժամ։

Բեղմնականխիչ սպունգը մեխանիկականի և քիմիականի համադրությունն է, կանխում է սերմնաբջիջների մուտքն արգանդի պարանոց։ Սպունգի օգտագործման դեպքում հարկավոր չէ ամեն սեռական հարաբերության ժամանակ հավելյալ սերմնասպան ավելացնել։

Առավելությունները և թերությունները

Առավելությունները
  • Սերմնասպանները կարելի է օգտագործել սեռապես ակտիվ կնոջ կյանքի ցանկացած փուլում (դեռահաս աղջիկներ, կրծքով կերակրող մայրեր, ուշ վերարտդրողական և պերիմենոպաուզայի տարիքի կանայք)։  
  • Կարելի երկարատև օգտագործել։ 
  • Կարելի է համադրել բեղմնականխման այլ մեթոդների հետ, այդ թվում՝ մեխանիկական պատնեշային միջոցների (պահպանակներ, դիաֆրագմաներ, թասակներ)։ 
  • Կարելի է օգտագործել որպես խոնավացնող նյութ (լյուբրիկանտ)։ 

Թերությունները
  • Յուրաքնչյուր ակտից առաջ պետք է 10-15 ր սպասել (մոմիկների, հաբերի և թաղանթների դեպքում)։ 
  • Հիգիենիկ պրոցեդուրաների հետաձգում (արտաքին սեռական օրգանների լվացումը հնարավոր է կատարել սեռական ակտից վեց ժամ անց, ոչ շուտ)։ 

Կողմնակի ազդեցությունները՝
  • լորձաթաղանթների գրգռում, 
  • ալերգիա սերմնասպանի հանդեպ։

Օգտագործումը

Օգտագործան սահմանափակումները
  • Անատոմիական առանձնահատկություններ, որոնք դժվարացնում են պատրաստուկի օգտագործումը (ստենոզ, հեշտոցի նեղացում և այլն)։ 
  • Սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդություններ։

Օգտագործման ձևը
  • Մոմիկների կամ հաբերի դեպքում պատրաստուկը հրում են հեշտոցի մեջ որքան հնարաոր է խորը, որպեսզի այն հնարավորինս մոտ լինի արգանդի պարանոցին։ Հաբի (մոմիկի) լուծվելու համար անհրաժեշտ է սպասել 10-15 ր։ 
  • Փրփուրի օգտագործման դեպքում պետք է ուժգին թափահարել ամանը, այնուհետև փրփուրը հարմարանքի օգնությամբ լցնել հեշտոցի մեջ որքան հնարավոր է խորը։ Բեղմնականխիչ ազդեցությունն անմիջապես է սկսվում։ Յուրաքանչյուր սեռական ակտից առաջ հարկավոր է կրկին փրփուր լցնել։

Կարդացեք՝ Բեղմնականխման միջոցները

Չնայած որ բեղմնականխիչ ազդեցությունն այնքան էլ մեծ չէ բեղմնականխման ժամանակակից մյուս մեթոդների համեմատ, դրանք կարելի է հաջողությամբ օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ մյուս մեթոդների հետ համադրելով։

Աղբյուրը՝ "Гинекология" национальное руководство, Под ред. В.И. Кулакова (и др.), 2009 г․
Թարգմանությունը՝ www.sotskiy.am