Հղիության 15-րդ շաբաթ

22:40   25 փետրվարի, 2014

Հղիության տասնհինգերորդ շաբաթում կնոջ ինքնազգացողությունը լավ է, ախորժակը՝ նույնպես, սակայն շատերի դեպքում մաշկը չորանում է, եղունգները դառնում են դյուրաբեկ, իսկ մազերն սկսում են սովորականից շատ թափվել։ Այդ ամենով հանդերձ երեխայի զարգացումն ընթանում է իր բնական ուղով։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 8-9 սմ է, զանգվածը՝ 55-60գր: Պտուղը լավ շարժվում է, թեև մայրն այն չի զգում: Ձեռքերը վերջնական չափերի են հասնում, սակայն ոտքերը դեռևս կարճ են: Հստակ լսվում են պտղի սրտի զարկերը: Սիրտն աշխատում է և օրական մոտ 600 մլ արյուն է մղում:

Ի հայտ են գալիս քրտնագեղձերը, աճում են մազերը, զարգանում են ատամները, սկսում են աշխատել թքագեղձերը: Թոքերում տարբերվում են պտղահեղուկով լցված բրոնխները: Շարունակում է զարգանալ մարսողական համակարգը:

Ներարգանդային կյանքի ամբողջ ընթացքում բացառիկ կարևոր դերակատարում ունեն հորմոնները: Մինչև 2-3-րդ ամիսը պտուղը զարգանում է ընկերքի միջոցով իրեն հասնող մոր (ստերոիդային հորմոններ), ինչպես նաև ընկերքի հորմոնների ազդեցությամբ:

Այնուհետև սկսվում է պտղի սեփական հորմոնների արտադրությունը: Նորածինների հորմոնների արտադրությունը շատ քիչ է, սակայն այդ անբավարարությունը փոխհատուցվում է մոր հորմոններով, որոնք նա ստանում է կաթի միջոցով:

Ի՞նչ է կատարվում

Օրգանիզմում կալցիումի և սննդարար այլ նյութերի պահանջն զգալիորեն մեծանում է։ Պետք չէ հույսը դնել միայն վիտամինների վրա․ սնունդը նույնպես պետք է ապահովի անհրաժեշտ տարրերով։

Կարդացեք՝ Կալցիումը հղիության ընթացքում

Արգանդն ավելի է աճում և տեղափոխվում է որովայնի խոռոչ՝ դադարելով ճնշել միզապարկը, ինչի արդյունքում հաճախակի միզելու ցանկություն այլևս չի առաջանում։ Փոխարենը շարունակում է ճնշել աղիները՝ առաջացնելով փորկապություն, որից խուսափելու, իսկ առաջանալու դեպքում մեղմելու համար անհրաժեշտ է վերանայել սննդակարգը։

Կարդացեք՝ Փորկապությունը հղիության ընթացքում

Շրջանառվող արյան ծավալի մեծացումն ուղղակիորեն կապված է երկաթի պահանջի հետ։ Այդ տարրի անբավարարությունը կարող է սակավարյունության առաջացման պատճառ դառնալ, որի դեպքում դիտվում է գլխապտույտ, թուլություն, գունատություն և այլն։

Այցելեք ատամնաբույժի

Տասնհինգերորդ շաբաթում հատուկ հետազոտություններ չեն նշանակվում (եթե հղիությունը բնականոն է ընթանում)։ Այդ ժամանակն օգտագործեք ատամնաբույժի այցելելու համար։ Փորձեք ատամների հետ կապված բոլոր խնդիրները լուծել երկրորդ եռամսյակում, եթե չեք հասցրել դրանցով զբաղվել նախքան հղիությունը։

Կարդացեք՝ Ատամների խնամքը և բուժումը հղիության ընթացքում

Զգացողությունները

Հարպտկային շրջանի՝ արեոլի գույնն ավելի է մգանում։ Կուրծքը լցվում է։ Գիշերվա ընթացքում օդի չհերիքելու զգացումը բնական է, կարող է լինել։ Քթից արնահոսությունը նույնպես հնարավոր է, այն պայմանավորված է օրգանիզմում արյան ծավալի մեծացմամբ։ Հարկավոր է հրաժարվել նեղ հագուստից և ավելի լայն ու հարմարավետ տարբերակներ ընտրել։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում․ առաջին եռամսյակ



© sotskiy.am