Հագուստը հղիության ընթացքում. երկրորդ եռամսյակ

01:53   25 փետրվարի, 2014

 

Հղիության 2-րդ եռամսյակում կինը նկատում է, որ կուրծքը խիստ մեծացել է, գոտկատեղն անհետացել է, իսկ որովայնը սկսել է կլորանալ: Նա արդեն չի կարող կրել նախկին սովորական հագուստը, բայց և ավանդական լայն շրջազգեստները դեռ բավականին մեծ են:
Կնոջ առջև ծառանում է հագուստի ընտրության բարդ խնդիրը: Իհարկե, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց յուրաքանչյուր եռամսյակ  ամբողջությամբ թարմացնել պահարանը: Այդ պատճառով գնեք ձեր չափսից մի քիչ մեծ հագուստ: 

Այն կարող է պետք գալ նաև ծննդաբերությունից հետո, երբ սովորական հագուստի մեջ «չեք տեղավորվի»: Որոշ կանայք օգտվում են իրենց ամուսինների պահարաններից: Այնպես որ կարող եք հագնել նրանց  սվիտրները, ջինսերը, վերնաշապիկները և այլն: Ժիլետները 
կարող են խիստ փոփոխել ձեր պահարանը: Եթե ժիլետներ չունեք, կարող եք  մի քանի վառ գույնի ժիլետներ գնել և հագնել մուգ տաբատի հետ:

Առավել հետաքրքիր է հղի կինը դիտվում ազատ բլեյզերի մեջ: Լավ կլինի նաև ժակետը, սակայն այն պետք է լինի երկար: Աշխատեք չհագնել ընդգծող տաբատներ լայկրայից, քանի որ այդ շրջանում մեծանում են ոտքերի ձկնամկանները և ազդրերը: Բացի այդ, տհաճ կլինի նաև ձգված որովայնի զգացողությունը: Ինչ վերաբերում է գուլպաներին կամ կիսագուլպաներին, ապա նախընտրեք մուգ գույներ: Այդպիսի զուգագուլպաները  կծածկեն ոտքերի թերությունները և ոտքերը կդարձնեն ավելի սլացիկ:

Կոշկեղեն

Երկրորդ եռամսյակում արդեն մեծանում է ոտքերի ծանրաբեռնվածությունն ի հաշիվ լրացուցիչ քաշի: Աշխատանքի ժամանակ, տևական քայլքի կամ կանգնած դիրքի արդյունքում հայտնվում է մեջքի ցավ, ոտքերը կարող են այտուցվել,  նախկին կոշիկները` նեղել: Այդ պատճառով այս շրջանում կրեք ազատ, կաշվե կոշիկ ցածր, լայն կրունկով` մինչև 3 սմ բարձրությամբ: Կոշիկի թաթերը պետք է լայն լինեն: Եթե երեկոյան  ձեր ոտքերը շատ հոգնեն, մի կես ժամ պառկեք վեր բարձրացրած ոտքերով:

Սպիտակեղեն

Այս շրջանում առավել շատ ուշադրություն դարձրեք սպիտակեղենին, որը պետք է լինի հարմար և հիգիենիկ: Առաջին հերթին կրեք բամբակե կտորից կրծկալ: Այն կպահի մեծացած կուրծքը և կպաշտպանի արտաքին ազդեցություններից: Սկզբում կարող եք կրել սովորական, հետո լայն բրետելներով, չափսից մեծ կրծքկալներ, քանի որ կուրծքը չպետք է սեղմվի: Ժամանակի հետ ձեռք բերեք նաև հղի և կերակրող կանանց համար նախատեսված կրծկալներ: Մի կրեք կարճ վարտիքներ` որովայնի տակով անցնող ռեզինով, քանի որ այն կսահմանափակի ձեր շարժումները և հագուստի տակ ծալք կառաջացնի: Գնեք մի քանի զույգ վարտիքներ և անպայման բամբակից. հղիության ժամանակ հնարավոր է արտադրություն հեշտոցից:


Աղբյ.՝ «Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց»
Ռ.Աբրահամյան, Գ. Ավագյան


© sotskiy.am