Հեշտոցի չորությունն ու դաշտանային ցիկլը

03:40   22 հունվարի, 2019

Ինչու՞ է դաշտանից առաջ կամ հետո հեշտոցում չորություն զգացվում։ Ինչպե՞ս վերացնել չորության պատճառը։

Վերարտադրողական տարիքի կանայք հաճախ են նշում, որ դաշտանից առաջ կամ հետո հեշտոցում չորություն է նկատվում։ Երբեմն կարող է վկայել հիվանդության մասին, որը բուժում է պահանջում, օրինակ՝ վագինիտի կամ ատրոֆիկ երևույթների դեպքում։

Հեշտոցի չորությունը կարող է դրսևորվել որոշ ախտանշաններով՝ քոր և այրոց, ցավ սեռական ակտի ընթացքում, անհարմարություն առօրյա կյանքում։ Խնդրի մասին կարող է վկայել նաև հաճախակի միզարձակումը։ Այդ դեպքում հնարավոր է, որ ատրոֆիկ կոլպիտ, ինչպես նաև միզապարկի բորբոքում ախտորոշվի, որը վագինիտի բարդություններից է։

Հեշտոցի չորությունը դաշտանից առաջ կամ հետո կարող է կապված լինել հորմոնային հավասարակշռության խախտման կամ հիգիենան չպահելու հետ։ Հեշտոցային գեղձերի արտազատուկի նվազում կարող է դիտվել նաև հղիության ընթացքում և մենոպաուզան սկսվելուց հետո։

Հեշտոցի չորության իրական պատճառը պարզելու նպատակով հարկավոր է լաբորատոր մի շարք հետազոտություններ կատարել։ Բացի միկրոֆլորայի հետազոտության քսուքից, հարկավոր է նաև հորմոնների մակարդակի որոշման հետազոտություն կատարել՝ արյան նմուշ վերցնելով։ Այդ հետազոտությունը պետք է մի քանի անգամ անել տարբեր ժամկետներում, որպեսզի հնարավոր լինի հայտնաբերել էստրոգենների պակասը, քանի որ հենց այդ հորմոնն է դառնում հեշտոցային գեղձերի ակտիվության նվազման պատճառ։

Ինչպե՞ս ազատվել պատճառից․բուժումը

Բուժումը դեղորայքային է՝ ըստ բժշկի նշանակումների։ Եթե էստրոգենների պակասը վառ արտահայտված չէ և հեշտոցի չորության ախտանշանները թեթև են, ապա կարելի է նաև հոմեոպատիկ կամ բնական բաղադրիչների վրա հիմնված դեղորայքով բուժել։

Բուժմանը լրացնող միջոցներ

Հրաժարում վնասակար սովորություններից։ Ծխելն ու ալկոհոլի մեծ քանակությունը վատացնում են օրգանների, այդ թվում՝ փոքր կոնքի օրգանների արյունաշրջանառությունը։ Այդ պատճառով էլ այդ սովորություններից հրաժարվելուց մի քանի ամիս անց կնոջ ինքնազգացողությունն անհամեմատ լավանում է։

Ֆիտոէստրոգեններով հարուստ սնունդ ուտել։ Այդպիսի սննդամթերքներից են հատիկավորները (լոբի), սոյան և բրոկոլին, որոնք ի զորու են կարգավորել էստրոգեննրի մակարդակը։

Կանոնավոր սեռական կյանք։ Հենց սեքսն է բնական քսուքի արտադրման խթանիչ լավագույն միջոցը, այն նաև լավացնում է արյան միկրոշրջանառությունը։

Գոյություն ունեն նաև տեղային ազդեցությամբ խոնավացնող տարատեսակ գելեր, որոնք ցուցված են ֆիզիոլոգիական վիճակների (մենոպաուզայի ընթացքում, հղիության շրջանում, սթրեսով պայմանավորված կամ ծննդաբերությունից հետո ի հայտ եկած չորության նշանների դեպքում) շտկման համար։



© sotskiy.am