Հետծննդաբերական հոգնածություն

10:29   27 նոյեմբերի, 2017

Ծննդաբերությունից հետո երբեմն կանայք մեծ հոգնածություն և հյուծվածություն են զգում։ Զարմանալի և ամոթալի ոչինչ չկա։ Հաճախ կինը կախված է լինում երեխայի ինքնազգացողությունից ու տրամադրությունից, փակելով աչքերը՝ չգիտի, թե քանի ժամ կհաջողվի քնել, կերակուր պատրաստելիս չգիտի, թե իր կերածն ինչպես կանդրադառնա երեխայի ստամոքսի վրա և այլն։

Մեծանալով՝ երեխան նոր մարտահրավերների առջև է կանգնեցնում, լաց է լինում և վատ քնում, իսկ մայրը քնից չի հագենում։ Երբեմն բոլորից թաքնվելու և աշխարհի ծայրը փախչելու ցանկություն է առաջանում, սակայն նա դեռ պետք է լվանա հատակը, լվացք անի, կերակուր պատրաստի։ Գուցե այդ գործերն առժամանակ ցրեն բացասական մտքերը, գուցեև վերջնականապես խենթացնեն։ Մայր լինելը շատ հոգնեցնող է, և կինը պետք է հանգստանա, որպեսզի կարողանա կատարել իր պարտականությունները։ Ինչպե՞ս հանգստանա։

Ձեզ համար ավելորդ դժվարություններ մի ստեղծեք։ Եթե այլևս չեք ուզում վազել երեխայի անկողնու մոտ, նրան պառկեցրեք ձեր կողքին։

Երեխայի համար օրվա ռեժիմ սահմանեք։ Այդպիսով կկարողանաք որոշակի ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ։

Եթե երեխայի մաշկը լավ է արձագանքում տակդիրին, օգտագործեք այն։ Ոչ մի գերտաքացում էլ չի լինի։

Եթե երեխան լավ է քնում պատշգամբում, քնեցրեք այնտեղ։ Պարտադիր չէ ձեր կամքին հակառակ գնալ զբոսանքի։ Եթե երեխան լավ է քնում ծծակը բերանում պահելով, թույլ տվեք, որ այդպես էլ քնի։ Բազմաթիվ երեխաներ են այդպես քնում և հետագայում ոչ մի խնդիր էլ չի առաջանում։

Հարցրեք ձեր ամուսնուն, թե որն է նախընտրում՝ մի փոքր փոշի տան անկյուններում, ընթրիքին մակարոնով նրբերշիկ, քնից հագեցած կին և հանգիստ երեխա՞, թե՞ կատարյալ մաքուր տուն, հյուծված կին ու անհանգիստ երեխա, որն անդադար պահանջում է ուտել, քանի որ մայրը բավարար քանակով կաթ չունի։ Վստահ ենք, որ տղամարդկանց մեծամասնությունը կհամաձայնի առաջին տարբերակին։ Այդ պատճառով, երբ երեխան քնում է, դուք էլ փորձեք քնել։ Մի քանի ժամ անց կերակրեք երեխային և կրկին քնեք։ Միայն այդ ամենից հետո կարող եք անցնել տան գործերին (այսինքն այն մակարոնով նրբերշիկը եփելուն)։

Եթե մտերիմներից կամ ընկերներից որևէ մեկն իր օգնությունն է առաջարկում, անմիջապես հստակ պատասխանեք՝ «Այո, գնա խանութ, խնդրում եմ։», «Այո, ապուր եփիր, խնդրում եմ, քո սարքածը համով է։», «Այո, արդուկիր երեխայի հագուստը, խնդրում եմ։», «Այո, երեխային տար զբոսանքի, խնդրում եմ, նա լավ է քնում, երբ սայլակը շարժվում է։» և այլն։

Կարող եք անգամ կաթ կթել, թողնել տատիկի կամ ընկերուհու մոտ, խնդրել, որ որոշ ժամանակ մնան երեխայի հետ, իսկ ինքներդ գնաք քնելու։

Մայրական հոգնածության դեմ պայքարի գլխավոր միջոցը մի քանի ժամ ձեռք բերելն ու քնելն է։ Ի՞նչ անել, եթե այնքան հոգնած եք, որ չեք կարողանում քնել։ Տաք լոգանքը (ծննդաբերությունից հետո վեց շաբաթ անց) և դրանից հետո տաք վաննան, մեղրով տաք կաթը (եթե երեխան ալերգիա չունի) նպաստում են քնելուն։

Հնարավոր է, որ չհաջողվի քնել մկանների լարվածության պատճառով։ Սովորաբար ամենից շատ տուժում են ոտքերը, մեջքն ու դեմքը (պարանոցը)։

Կօգնի դեմքի մերսումը։ Լվացվեք գոլ ջրով և ձեր սիրած անուշաբույր օճառով։ Սրբվեք, կոսմետիկ կաթ կամ վարունգ քսեք մաշկին։ Ուժգին սեղմեք ծնոտները և այդ վիճակում մնացեք, որպեսզի ավելի հեշտ շոշափեք մկանը։ Միաժամանակ երկու ձեռքի մատներով, սկսելով ծնոտից, ներքևից վերև՝ դեպի ականջները բարձրացող, շրջանաձև շարժումներ արեք։ Կրկնեք հինգ անգամ։

Աչքերի շրջանը մերսելիս սկսեք քթից։ Մի փոքր բարձրացրեք հոնքերը և մատները աչքերի շրջանագծով սահեցրեք ներքև, այնուհետև ներքևից վերև և ավարտեք այն հատվածում, որտեղից սկսել էիք։ Կրկնեք հինգ անգամ։

Ճակատը մերսեք երկու ձեռքով՝ սկսելով հոնքերից և շարժվելով վերև՝ դեպի մազերի սահմանագիծը։ ձեռքերը հերթով փոխեք։ Կրկնեք երեք անգամ։

Պարանոցը մերսեք վերևից ներքև ուղղությամբ՝ փոփոխելով ձեռքերը, սկսելով ծնոտից և իջնելով դեպի կուրծքը։ Կատարեք այդ շարժումները հինգ անգամ։

Կարելի է սենյակում նաև հանգստացնող ազդեցությամբ օժտված բուրավետ յուղ պահել, օրինակ՝ լավանդայի, նարնջի, անանուխի և այլն։



© sotskiy.am