Ցիտոմեգալովիրուս

01:11   26 սեպտեմբերի, 2016

Ցիտոմեգալովիրուսը հերպեսի շարքի վիրուսներից է: Ցիտոմեգալովիրուսի հանդեպ իմունիտետ չի ձևավորվում, սակայն կարելի է նվազեցնել դրա առաջացրած բարդությունների թիվը:

Վիրուսի տարածումը տեղի է ունենում օդակաթիլային, սեռական, կոնտակտային և ներարգանդային ուղիներով:

Ցիտոմեգալովիրուսի սուր ընթացքը, այսինքն, հղիության ընթացքում առաջնային վարակումը կարող է վտանգավոր լինել հղի կնոջ և պտղի համար: Հիվանդ մարդուց վարակվելու դեպքում կնոջ արյան մեջ հակամարմիններ դեռ չկան և վարակը հեշտությամբ անցնում է ընկերքի միջով, հետևաբար նաև հավանական է պտղի վարակումը:

Հղիության վաղ ժամկետներում ցիտոմեգալովիրուսով պտղի վարակվելու դեպքում մեծանում է ինքնաբուխ վիժման վտանգը, և պտղի զարգացման անոմալիաների հավանականությունը: Հղիության ավելի ուշ ժամկենտներում պտղի վարակվելու դեպքում զարգացման արատներ սովորաբար չեն հանդիպում, սակայն հնարավոր է՝ զարգանա գերջրություն կամ վաղաժամ ծննդաբերություն և նորածնի, այսպես կոչված «բնածին ցիտոմեգալիա»:

Այս դեպքում վարակը բնորոշվում է նորածնի մոտ դեղնուկի առկայությամբ, լյարդի, փայծաղի մեծացմամբ, հեմոգլոբինի նվազմամբ (անեմիա) և արյան անալիզում այլ փոփոխություններով, ինչպես նաև հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի, աչքի և լսողության ախտահարումներ:

Եթե մայրիկի մոտ թաքնված վարակակրություն կա, և առաջին երեք ամիսների ընթացքում փոքրիկի արյան անալիզում հայտնաբերվում է IgG, դա դեռ չի համարվում բնածին ցիտոմեգալիա, քանի որ այդ հակամարմինները հավանաբար փոքրիկին փոխանցվել են մայրիկի օրգանիզմից և երեք ամիս անց ինքնուրույն կանհետանան: Իսկ եթե փոքրիկի մոտ հայտնաբերվում է IgM, սա արդեն ցիտոմեգալովիրուսի սուր փուլի առկայության ապացույց է:

Փոքրիկի մոտ հնարավոր է վարակն արտահայտվի թեթև գրիպանման երևույթներով, ոչ բարձր ջերմությամբ, ընդհանուր տկարությամբ:

Ախտորոշումը

Օրգանիզմում հարուցչի հայտնվելուց անմիջապես հետո սկսվում են արտադրվել ցիտոմեգալովիրուսի հանդեպ հակամարմիններ (իմունոգլոբուլիններ), ինչը մեծամասամբ թույլ չի տալիս վիրուսին սուր ընթացք ձեռք բերել, և փոխարենն առաջացնում է թաքնված՝ առանց ախտանշանների վարակակրություն: Վերջինիս դեպքում վիրուսը երկար ժամանակ կարող է ոչ մի կերպ չարտահայտվել:

Արյան հետազոտությամբ հայտնաբերվում են ցիտոմեգալովիրուսի հանդեպ հակամարմիններ, ինչն էլ ախտորոշման գլխավոր մեթոդն է:

M դասակարգման իմունոգլոբուլինները (IgM) առաջնային կամ կրկնվող վարակի ցուցանիշ են համարվում: Եթե անալիզում IgM-ը դրական է, նշանակում է, որ տեղի է ունեցել առաջնային վարակում, կամ լատենտ վիճակից վիրուսի անցում ակտիվի, որի դեպքում հնարավոր է ներարգանդային վարակում, այսինքն հղիանալ չի թույլատրվում: Վարակի փուլը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հակամարմինները ստուգել յուրաքանչյուր 10-14 օրը:

Եթե IgM ցուցանիշը բացասական է, ապա վարակում տեղի է ունեցել ախտորոշումից առնվազն մեկ ամիս առաջ, այս դեպքում ներարգանդային վարակումը քիչ հավանական է:

G դասակարգման իմունոգլոբուլիններ (IgG) հայտնաբերվում են ինչպես լատենտ, այնպես էլ վիրուսի առաջնային վարակման կամ սուր ընթացքի դեպքում:

IgG ցուցանիշի գերազանցումը մատնանշում է վիրուսով վարակում, որի դեպքում ներարգանդային վարակման վտանգ կա: Եթե ցուցանիշները նորմայի սահմաններում են, նշանակում է ցիտոմեգալովիրուսով վարակում չկա, կամ այն տեղի է ունեցել ախտորոշմանը նախորդող 3-4 շաբաթների ընթացքում: Եթե զուգահեռաբար IgM հայտնաբերված չէ, ապա ներարգանդային վարակում տեղի չի ունենում:

Եթե մարդը երբեք ցիտոմեգալովիրուսով վարակված չի եղել,ապա ցուցանիշները կլինեն նշված նորմայից ցածր: Այս դեպքում հղիության ընթացքում վարակվելու վտանգը շատ մեծ է:

Հղիության ընթացքում ցիտոմեգալովիրուսով վարակումը կանխարգելելու համար անհրաժեշտ է հղի կնոջը մեկուսացնել այն մարդկանցից, ում մոտ վիրուսը սուր փուլում է ընթանում:



© sotskiy.am