Տերատոզոոսպերմիան տղամարդու անպտղության պատճառ

Տերատոզոոսպերմիան տղամարդու անպտղության պատճառ

Հաջող բեղմնավորման գլխավոր պայմաններից մեկը սերմնահեղուկում մեծ քանակությամբ մորֆոլոգիապես (ձևաբանորեն) առողջ, լիարժեք սերմնաբջիջների առկայությունն է: Ներկայում տղամարդու անպտղության հանգեցնող ամենատարածված խնդիրներից մեկը տերատոզոոսպերմիան է:

Տերատոզոոսպերմիան սերմնագոյացման (սպերմատոգենեզի) գործընթացի խանգարումն է, որը բնորոշվում է սերմնահեղուկում մեծ քանակությամբ (սովորաբար ավելի քան 50%) պաթոլոգիական սերմնաբջիջների պարունակությամբ: Պաթոլոգիական են համարվում գլխիկի, մարմնի, պարանոցի կամ պոչի տարատեսակ թերություններով սերմնաբջիջները, որի հետևանքով նրանք անկարողունակ են դառնում բեղմնավորման հարցում: Տերատոզոոսպերմիայի առաջացման պատճաները տարբեր են, հաճախ ներառում են մի խումբ գործոններ, ինչպիսիք են՝

  • հորմոնային խանգարումները,
  • գենետիկական խանգարումները,
  • վիրուսային վարակները,
  • բորբոքային հիվանդությունները՝ շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ), ամորձաբորբ (օրխիտ) և այլ,
  • վարիկոցելեն,
  • ֆերմենտապաթիան,
  • ապրելակերպն ու վատ սովորությունները (ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը, անաբոլիկները),
  • արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները (ջերմային ազդեցությունները, թույները, ճառագայթային վնասվածքները, սթրեսները, որոշակի դեղամիջոցների ընդունումը):

Սերմնահեղուկում անոմալ սերմնաբջիջների քանակի բարձրացմանը զուգահեռ նվազում է բնական եղանակով բեղմնավորման հավանականությունը, քանի որ պաթոլոգիական սերմնաբջիջներն ընդունակ չեն ձվաբջիջը բեղմնավորելու: Եթե նույնիսկ բեղմնավորում տեղի ունենա, ապա ավելի շուտ կառաջանա պտղի պաթոլոգիական զարգացում, վիժում վաղ ժամկետներում կամ չզարգացող հղիություն: Այդ պատճառով զույգին խորհուրդ է տրվում հղիանալու փորձերից հրաժարվել ուրոլոգ-անդրոլոգի մոտ բուժման ընթացքում:

Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը

Ինչպես սերմնահեղուկի այլ պաթոլոգիաները, տերատոզոոսպերմիան նույնպես ախտորոշվում է սերմնահեղուկի հետազոտության՝ սպերմագրամայի միջոցով: Պաթոլոգիապես փոփոխված սերմնաբջիջները քիչ քանակությամբ առկա են նաև առողջ տղամարդկանց սերմնահեղուկում: Կարող են դիտվել հետևյալ փոփոխությունները՝

  • սերմնաբջջի գլխիկի կառուցվածքում՝ չափսերի, ձևի, կառուցվածքի, քանակի (երկու գլուխ), քրոմատինի, ակրոսոմի արատներ, 
  • սերմնաբջջի պարանոցի և միջին մասի կառուցվածքում՝ միջին մասի հաստացում կամ բարակում, պարանոցի թեքվածություն, ամրացման ասիմետրիա, 
  • շոշափուկի (պոչ)՝ կարճ, ոլորված, թեքված, հաստությամբ անհավասար, շատ բարակ կամ բազմաթիվ պոչեր:

Եթե հետազոտության նմուշ հանձնեք տարբեր լաբորատորիաներում, կնկատեք, որ սերմնահեղուկի տարբեր ցուցիչներ, այդ թվում և մորֆոլոգիան, կարող են տարբերվել: Դա կախված է սերմնաբջջի մորֆոլոգիայի գնահատման մեթոդից: Օրինակ՝ սովորական մանրադիտակով զննելիս անոմալ ձևերի քանակը չպետք է գերազանցի 50%-ը: Եթե հաշվվում է վերարտադրողականության ինդեքսը ըստ Կրյուգերի, ապա այն չպետք է գերազանցի 70%-ը: Գունավորված քսուքի վրա Կրյուգերի խիստ չափորոշիչներով մորֆոլոգիայի հետազոտության դեպքում՝ ոչ ավել, քան 85%-ը: Այդ պատճառով հետազոտության արդյունքները տարբերվում են, և սովորաբար յուրաքանչյուր լաբորատորիա նշում է իր սահմանած նորմաները:

Տերատոզոոսպերմիայի բուժումը

Հիվանդության բուժումը կախված է խանգարման՝ պաթոգեն սերմնաբջիջների բարձր քանակության պատճառից: Եթե պատճառը բորբոքումն է, ապա անցկացվում է հակաբորբոքային թերապիա, եթե վիրուսն է՝ հակավիրուսային թերապիա և այլն: Բայց բոլոր դեպքերում նշանակվում են վիտամիններ, ընդհանուր կազդուրիչ միջոցներ, կենսահավելումներ, որոնք դրական ազդեցություն են ունենում սերմնահեղուկի որակի վրա: Այդպիսի միջոցներ են՝

  • ֆոլաթթու,
  • սպերմակտին,
  • վիտամին E,
  • L-կարնիտին,
  • սելեն,
  • ցինկ,
  • յոդամարին,
  • վերոնա,
  • տրիբեստան,
  • մեգասպեռմին,
  • գերիմակս ժենշենով (մարդարմատ),
  • մեղվաբուծության մթերքներ և այլն։

Պետք չէ մոռանալ նաև հայտնի վիտամինային խառնուրդի մասին՝ ընկուզեղենի, չրեղենի, մեղրի և լիմոնի, այն ուժ կհաղորդի օրգանիզմին և դրական ազդեցություն կունենա տղամարդու ընդհանուր ինքնազգացողության վրա: Իհարկե նաև շատ կարևոր է առողջ ապրելակերպը, արդյունաբերական և կենցաղային գործոնների ազդեցության վերացումը:

Եթե հիվանդության առաջացման պատճառը բացահայտված չէ, իսկ բուժումը և ընդհանուր կազդուրիչ թերապիան արդյունավետ չեն լինում, ապա խորհուրդ է տրվում կիրառել արհեստական բեղմնավորման մեթոդ՝ ՍՆՆ-ով (սերմնաբջիջների ներցիտոպլազմային ներարկում), որի ընթացքում սերմնավորման համար ընտրվում և ներարկվում են միայն առողջ սերմնաբջիջներ:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: