Ուլտրաձայնային հետազոտությունը տղամարդկանց դեպքում

Ուլտրաձայնային հետազոտությունը տղամարդկանց դեպքում

Տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներ են, բայց հաճախ են կանաց աջակցության կարիքը զգում: Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ նրանց խնդիրն առողջական է։ Եթե այն կապված է ինտիմ ոլորտի հետ, ապա կանանցից պահանջվում է իրենց ամբողջ բնածին նրբազգացությունը, համբերությունն ու հավատարմությունը տղամարդուն օգնելու համար: Տղամարդուն հեշտ չէ բժշկի այցելելու կամ զննման գնալու որոշում կայացնել: Այդ պատճառով շատ կարևոր է, որ կինը բացատրի ժամանակին կատարված ախտորոշման կարևորությունը․ չէ՞ որ ժամանակակից մեթոդները թույլ են տալիս արագ և հստակ պատասխանել անհանգստացնող բոլոր հարցերին: Տղամարդու առողջական վիճակի ստուգման այդպիսի մի մեթոդ է սեռական օրգանների ուլտրաձայնային հետզոտությունը:

Ինչպե՞ս է կատարվում տղամարդկանց ՈւՁՀ-ն

Իզուր չէ, որ այս մեթոդը համարվում է լավագույնը: Բժիշկը կարողանում է առանց վիրահատական միջամտության տեսնել ներքին օրգաններում կատարվող գործընթացների բավականին հստակ պատկեր: Տղամարդու սեռական օրգանների ՈւՁ հետազոտությունը կարող է տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Այն թույլ է տալիս՝

  • տեսնել խորշիկային մարմինների կառուցվածքը, մասնավորապես դրանց արյունային մատակարարումը, կառուցվածքային փոփոխությունները, կուտակումները, արյունազեղումները և այլ գոյացությունները, 
  • բացահայտել կողմնակի մարմինների առկայությունը միզուղիներում, 
  • որոշել փոքր կոնքի արյունատար անոթներում արյան հոսքի հնարավոր խանգարումները կամ թրոմբների առկայությունը, 
  • ժամանակին հայտնաբերել տարաբնույթ նորագոյացությունները,
  • վնասվածքների ժամանակ տեղեկություն ստանալ խորշիկային մարմինների և դրանց թաղանթների վիճակի մասին, 
  • որոշել հնարավոր հեմատոմաների տեղակայումը և չափսերը, 
  • իրականացնել ընթացիկ բուժման վերահսկում և ժամանակին կատարել շտկումներ նշանակված բուժման սխեմայում:

Այդպիսով՝ տղամարդկանց փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ կիրառվում է ինչպես առաջնային ախտորոշման համար, այնպես էլ արդեն գոյություն ունեցող խնդրի բուժման ընթացքում: Իսկ եթե նաև հաշվի առնենք այս մեթոդի անցկացման պարզությունը, որ չի պահանջվում երկարատև նախապատրաստում, լրացուցիչ միջամտություններ և ցավոտ չէ, ապա այն կարելի է համարձակորեն համարել ներկայումս գոյություն ունեցող ախտորոշիչ մեթոդներից ամենալավը:

Ծանոթանանք ավելի մանրամասնորեն

Սովորաբար ՈՒՁՀ սարքերը հագեցած են տարբեր ցուցիչներով, որոնց ընտրությունը կախված է հետազոտության նպատակից և տվյալ իրավիճակից:

Առանձնացնում են՝ 

  • ախտորոշման տրանսաբդոմինալ (միջորովայնային) եղանակ, որը կատարվում է որովայնի առաջնային պատի միջով,
  • տրանսռեկտալ եղանակ՝ ուղիղ աղու միջով, 
  • տրանսուրետրալ եղանակ՝ միզուկի միջով:

Սովորաբար հետազոտությունն սկսվում է տրանսաբդոմինալ մեթոդով, որը թույլ է տալիս գնահատել շագանակագեղձի, միզապարկի և հարակից օրգանների ընդհանուր վիճակը: Եթե չեն դիտվում շեղումներ, և հիվանդը ոչ մի գանգատ չունի, ապա հետազոտությունն այդքանով ավարտվում է: Եթե ստացված պատկերը պահանջում է հստակեցում, կիրառվում է տրանսռեկտալ մեթոդը: Այն թույլ է տալիս շագանակագեղձի ամբողջական հետազոտություն անցկացնել, ինչպես նաև տեսնել սերմնային պղպջակները, որոնք չեն երևում նախորդ մեթոդով հետազոտելիս: Այսպես կարելի է գտնել անհանգստացնող հարցերի պատասխանները՝ կապված հնարավոր բորբոքումների կամ բեղմնավորման անհաջող փորձերի հետ: Տրասռեկտալ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ սարքի ցուցիչը ամենամոտն է գտնվում հետազոտվող օրգանին, և այդ պատճառով էկրանին արտացոլվող պատկերն ավելի շատ տեղեկություն կարող է տալ:

Որպեսզի տրանսաբդոմինալ ուլտրաձայնային հետազոտության արդյունքները հստակ լինեն, անհրաժեշտ է, որ միզապարկը լիքը լինի: Իսկ տրանսռեկտալ ՈՒՁՀ-ի դեպքում նման պայմանի առկայություն չի պահանջվում: Ինչ վերաբերում է տրանսուրետրալ մեթոդին, այն այնքան էլ տարածված չէ և հիմնականում կիրառվում է տղամարդկանց սեռական օրգանների փոքր ինվազիվ վիրահատությունների ժամանակ:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի

Ինչպե՞ս որոշել արդյոք տղամարդուն անհրաժեշտ է այցելել ուլտրաձայնային հետազոտության: Իհարկե ավելորդ չեր լինի առողջական խնդիրները բացառելու համար այս հետազոտության պարբերաբար այցելելը, բայց համաձայնեք, որ նման գիտակցված քայլի գնալը ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներին է բնորոշ: Իսկ եթե ձեր զուգընկերոջ տարիքը մոտ է քառասունին, անհրաժեշտ կլինի ՈՒՁՀ մասնագետին այցելելը ներառել պարտադիր գործողությունների ցանկում: Հենց այս տարիքային սահմանն է, որ բնորոշվում է շագանակագեղձի ուռուցքների առաջացման մեծ վտանգով, իսկ ինչպես հայտնի է հիվանդությունը կանխարգելելն ավելի հեշտ է, քան այն բուժելը:

Որքան էլ ցավալի է, տղամարդու առողջական խնդիրները գնալով ավելի շատ են անհանգստացնում երիտասարդներին: Սա հանգեցնում է ոչ միայն ֆիզիկական ակտիվության կորստի, այլև անձնական և ընտանեկան կյանքում դժվարությունների առաջացման: Եթե ձեր զուգընկերն ունի թեկուզ և չնչին անհանգստություն, ահրաժեշտ է նրան օգնել, որպեսզի բժշկի դիմելու որոշում կայացնի: Կախված տղամարդու գանգատներից և առկա ախտանշաններից՝ մասնագետը կնշանակի համապատասխան օրգանների հետազոտություն:

Սովորաբար շագանակագեղձի և միզապարկի ՈՒՁ հետազոտություն նշանակվում է նորագոյացությունների առկայություն կասկածելու դեպքում, ինչպես նաև սերմնահեղուկի հետազոտության (սպերմոգրամայի) արդյունքների էական շեղումների դեպքում: Այս հետազոտությունը ցուցված է նաև միզուղիների և սերմնաժայթքման ֆունկցիաների ցանկացած խանգարման դեպքում: Շագանակագեղձի հիվանդությունների սիմպտոմատիկան (ախտանշանաբանություն) ներառում է ցավեր և տհաճ զգացողություն միզարձակման ժամանակ, ինչպես նաև որովայնի ստորին հատվածի ցավեր: Այս նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է պարտադիր այցելել ուլտրաձայնային հետազոտության:

Կատարվում է նաև փոշտի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն, որը ներառում է ամորձու և սերմնալարի հետազոտություն: Ցավի առկայության դեպքում այս հետազոտությունը թույլ կտա բացահայտել բորբոքային պրոցեսները, ուռուցքների կամ կիստայի առկայությունը: Այս օրգաններում արյան հոսքի գնահատումը թույլ կտա բացահայտել մի շատ տարածված հիվանդություն՝ վարիկոցելեն: Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ առողջական խնդրի արդյունավետ բուժումը կախված է նրա վաղ բացահայտումից:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: