Հոդվածի աղբյուրը՝ babyplan.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Երեխաների որդեգրման լավագույն տարիքը

06.04.20155540

Տարբեր ընտանիքներում երեխա որդեգրելու որոշում կայացնելը տարբեր կերպ է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ երեխա որդեգրում են այն զույգերը, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում երեխաներ ունենալ, և նրանց համար երեխան իրական երջանկություն է ու գոյության իմաստ:

Այն պահից, երբ ամուսինները երեխա որդեգրելու որոշում են կայացնում, ընտանիքի կյանքը կտրուկ փոխվում է, և ապագա ծնողները բախվում են մի շարք հարցերի: Ու՞մ է պետք նախապատվություն տալ, աղջկա՞, թե՞ տղայի, և ո՞ր տարիքում է ավելի լավ երեխային որդեգրել: Յուրաքանչյուր տարիք ունի իր առավելությունները և թերություննները: Ավելի մանրամասն ուսումնասիրենք տարիքային խմբերը:

Նորածիններ և կրծքի երեխաներ

Շատերը ցանկանում են ծնող դառնալ հենց նորածին երեխայի համար և դա բացատրելի է: Ներկայումս շատ զույգեր որոշում են կեղծել հղիությունը, այսինքն՝ կինն ստիպված է լինում կեղծ փորիկ կրել, որը հղիության ժամկետներին համապատասխան մեծանում է, իսկ այդ ընթացքում ծնողներն զբաղվում են փոքրիկին գտնելու և նրան որդեգրելու հարցերով: Պարտադիր չէ, որ երեխան լինի անմիջապես ծննդատնից վերցրած, այսինքն՝ նորածինը հնարավոր է որդեգրման պահին արդեն լինի մեկժ-երկու ամսական, չնայած, ընդհանուր առմամբ նրանք նման են նորածինների:

Նորածին երեխայի որդեգրումն իր առավելություններն ունի, քանի որ երեխան իր կյանքի առաջին իսկ օրերից ապրում է ընտանիքում: Իսկ երիտասարդ մայրիկը կարող է զգալ ֆիզիոլոգիական արձրակուրդի բոլոր հաճույքները՝ երեխային բարուրելը, փոքրիկ շորիկները, շշով կերակրելը, մանկասայլակով զբոսանքները և այլն: Ծնողների և երեխայի միջև ստեղծվում է ամուր հուզական կապ: Այնուամենայնիվ փոքր տարիքի երեխայի որդեգրումը նաև տագնապ է առաջացնում, ինչը հասկանալի է: Այդ տարիքում դժվար է գնահատել երեխայի տեսքը՝ նա մեկ տարի անց կարող է լիովին փոխվել, բացի այդ հնարավոր չէ որոշել երեխայի ինտելեկտը կամ բնավորությունը: Հնարավոր է, որ արդյունքում լուրջ խնդիրներ առաջանան, քանի որ որոշ բնածին ժառանգական հիվանդություններ ի հայտ են գալիս ավելի ուշ:

Մեկից երեք տարեկան երեխաներ

Երեխայի որդեգրման համար այս տարիքը բավականին գրավիչ է: Ծնողներն ավելի հեշտությամբ են կարողանում ընտրել իրենց պատկերացրած արտաքինով փոքրիկին ով գուցե մի փոքր նման լինի իրենցից մեկին: Արդեն կարելի է հասկանալ երեխայի բնավորությունը, նա կամ հանգիստ ու ամաչկոտ է, նախընտրում է հանգիստ խաղեր, կամ ակտիվ փոքրիկ է, ով ոչ մի վայրկյան տեղում չի մնում: Այս տարիքում երեխաներն սկսում են խոսել, նրանք հետաքրքրասեր են և ակտիվ, բաց են և շփվող, կրկնում են մեծահասակների վարքագիծը, ինչով ձեռք են բերում մեծերի հիացմունքն ու սերը: Առողջության տեսանկյունից էլ ավելի ապահով տարիք է, քանի որ ժառանգական հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը նվազում է:

Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ փոքրիկն արդեն հասցրել է զգալ միայնակություն և ուշադրության պակաս, որի պատճառով շատ երեխաներ ունենում են զարգացման և հուզական ոլորտի խնդիրներ: Որդեգրումից հետո երեխայի հարմարվողականությունը (ադապտացիան) կարող է բարդանալ այդ տարիքին բնորոշ ճգնաժամի լրացուցիչ ազդեցության ներքո: Այդ դեպքում անհրաժեշտ է պարզապես համբերությամբ լցվել և ավելի շատ կենտրոնանալ ընտանեկան կյանքի ուրախ ակընթարթների վրա:

Երեքից հինգ տարեկան երեխաներ

Այս տարիքում երեխաները բավականին ինքնուրույն են, նրանք ինքնուրույն ուտում են, հագնվում են, լվացվում և ատամները մաքրում: Այս տարիքի երեխայի որդեգրելով՝ ծնողները կարող են չանհանգստանալ իրենց աշխատանքի համար, քանի որ երեխային խնամելու համար կարիք չկա արձակուրդ վերցնելու, բացի այդ, երբ նա հարմարվի ընտանիքին, արդեն կարող է հաճախել մանկապարտեզ: Ի տարբերություն ավելի փոքրերի, 3-5 տարեկան երեխաները քիչ են հիվանդանում վարակիչ հիվանդություններով: Այս տարիքի երեխաների մեջ ավելի հեշտ է ընտրություն կատարել՝ արտաքինը և բնավորությունն ավելի արտահայտված են: Այս տարիքում նրանք կարիք ունեն մեծահասակների հետ շփման և որքան երկար մնան մանկատանը, այնքան ավելի արտահայտված կլինեն նրանց հուզական զարգացման խնդիրները՝ ի տարբերություն իրենց հասակակիցների, և հետևաբար՝ ավելի երկար ժամանակ կպահանջվի ընտանիքում հարմարվելու համար: Բացի հուզական զարգացման խնդիրներից, կարող են ի հայտ գալ այլ՝ բուժում պահանջող քրոնիկական հիվանդություններ:

Հինգից յոթ տարեկան երեխաներ

Այս տարիքի երեխան ունի հստակ ձևավորված բնավորություն, ունի իր սովորությունները: Երեխաների համար զարգանում է ընտանիք հասկացությունը, նրանք ցանկանում են ունենալ ծնողներ, այդ պատճառով փորձում են ամեն կերպ դուր գալ ապագա ծնողներին: Այս տարիքի երեխաները որդեգրվելիս համեմատաբար ավելի հեշտ են հարմարվում ընտանիքին, քանի որ նրանք էլ ցանկություն ունեն կապվել ընտանիքի հետ, նրանք սիրո և ուշադրության կարիք են զգում: Հեշտ է գնահատել երեխայի մտավոր ունակությունները, արվեստի հանդեպ նախասիրությունները: Նախադպրոցական տարիքի առողջ երեխաները հազվադեպ են հիվանդանում մրսածությամբ, գրիպով: Երեխան կարող է հաճախել նախադպրոցական հաստատություն և աստիճանաբար պատրաստվել դպրոց հաճախելու: Որդեգրող ծնողները պետք է հասկանան, որ այս տարիքում որդեգրումը գաղտնի պահելը բարդ է լինելու:

Յոթից տաս տարեկան երեխաներ

Այս տարիքի երեխաների բնավորությունը գրեթե ամբողջությամբ ձևավորված է, բացահայտվում են նրանց մտավոր և ստեղծագործական ունակությունները: Ապագա ծնողները, որոշելով որդեգրել դպրոցական տարիքի երեխայի, պետք է հասկանան, որ նա արդեն բավականին հասուն է և նրան վերադաստիարակել իրենց նորմերով և նախասիրություններով առանձնապես չի ստացվելու կամ շատ դժվար է լինելու: Պետք է գնահատել երեխայի անհատականությունը որպես մարդ և պարզապես շտկել որոշ հարցերում, ճիշտ ուղղություն ցույց տալ:

Դեռահասներ

Դեռահասության տարիքը համարվում է ամենապրոբլեմայինը ծնողների համար: Մեծահասակները պետք է գիտակցաբար մոտենան երեխայի ցանկացած բողոքի ու անհնազանդության, պետք է փորձեն փոխվել երեխայի համար ու նրա հետ խոսելիս նրան վերաբերվեն որպես մեծի: Երեխան սովորաբար հասկանում է և գնահատում, որ որդեգրած ծնողներն իրեն ընդունում են ընտանիք, որպեսզի օգնեն հաստատվել կյանքում և տան անհրաժեշտ աջակցություն: Նախքան դեռահասի որդեգրելը բավականին երկար ժամանակ է պահանջվում նրա հետ նախնական ծանոթության համար և բացի այդ, անհրաժեշտ է նաև որդեգրման համաձայնություն հենց երեխայից:

Ինչպես տեսնում ենք, որդեգրման համար կատարյալ տարիք գոյություն չունի և կարիք չկա տարիքի ու սեռի ընտրության հարցում խիստ լինել: Հնարավոր է, որ որոշեք 3 ամսական տղայի որդեգրել, բայց մինչ այդ նկատեք երկամյա աղջնակի և չկարողանաք անտարբեր անցնել նրա կողքով, և գուցե հենց նա դառնա ձեր սիրելի աղջիկը:

Որդեգրման յուրաքանչյուր պատմություն եզակի է …

Կարդացեք՝  Փոխնակ մայրություն․ ե՞լք, թե՞ փակուղի