Էխինակոկոզ

23.03.20157813

Էխինակոկոզը մարդու և կենդանիների հիվանդություն է, որն առաջանում է, երբ ժապավենաձև որդի՝ էխինակոկի թրթուրը հայտնվում և որպես մակաբույծ ապրում է օրգանիզմում:

Ընդհանուր տվյալներ

Հիվանդությունը կարող է տարիներ շարունակ ընթանալ առանց որևէ ախտանշանի: Կլինիկական երևույթներն սկսում են արտահայտվել, երբ մակաբույծի բուշտերը (կիստաներ) մեծանում են և ճնշում հարակից օրգանները: Բուժումը հիմնականում վիրահատական է: Մարդը վարակվում է հելմինտների ձվիկները կուլ տալու հետևանքով՝ գլխավորապես շների հետ շփման պատճառով:

Հիվանդության պատճառները

Ժապավենաձև որդի հասուն ձևերը մակաբուծում են շների և կրծողների աղիներում, որտեղ կատարում են ձվադրում, իսկ ձվիկներն արտաթորանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր: Այդ կենդանիների հետ շփվելուց հետո հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում հելմինտների ձվերը կարող են հայտնվել մարդու ստամոքսաղիքային համակարգում:

Աղիներում ձվիկներից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ներթափանցում են արյունատար անոթների մեջ և տեղափոխվում տարբեր օրգաններ, որտեղ էլ վերածվում են էխինակոկային բուշտերի՝ ֆինաների: Դրանք հարթ, երկշերտ թաղանթով բշտիկներ են, որոնցում զարգանում է մակաբույծը: Հաճախ դրանք հայտնաբերվում են լյարդում և թոքերում, հազվադեպ՝ գլխուղեղում: Ժամանակի ընթացքում ֆինաները մեծանում են, սկսում ճնշել հարակից հյուսվածքները և խաթարել օրգանների աշխատանքը։

Հիվանդության ախտանշանները

Սովորաբար հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է առանց ախտանշանների: Հաճախ էխինակոկային բուշտերը հայտնաբերվում են կանխարգելիչ զննումների՝ ռենտգենային կամ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Բուշտի մեծացման դեպքում հարակից օրգաններրը և հյուսվածքները ճնշելու ախտանշաններ կարող են առաջանալ: Լյարդում տեղակայված լինելու պարագայում կարող են առաջանալ տարբեր ուժգնության ցավեր աջ կողատակում, ծանրության, լարվածության, թուլության, զգացողություններ, տկարություն, արագ հոգնածություն, ակտիվության նվազում, երբեմն ալերգիկ ռեակցիաներ, դեղնախտ: Նկատվում է լյարդի մեծացում: Եթե էխինակոկային բուշտը տեղակայվել է թոքում, ապա դիտվում են ցավեր կրծքավանդակում, հազ և հևոց: Գլխուղեղի ախտահարման դեպքում դիտվում է գլխացավ, գլխապտույտ, փսխելու ցանկություն: Հնարավոր է պարալիչ, պարեզ, հոգեկան խանգարումներ, ցնցումներ և այլն:

Ախտորոշումը

Ախտորոշման համար կիրառվում են հետազոտության տեսանելի մեթոդներ՝ ռենտգեն, ՈւՁՀ, ՀՇ, ՄՌՇ: Բուշտի նմուշառումը (բիոպսիան) համարվում է վտանգավոր միջամտություն, քանի որ դրա ընթացքում կարող է տեղի ունենալ մակաբույծների տարածում հարակից հյուսվածքներ: Իմունոլոգիական մեթոդներն էլ քիչ տեղեկատվական են:

Բուժումը

Բուժումը կախված է մակաբույծի տեղակայումից, կլինիկական պատկերից և հիվանդի ընդհանուր վիճակից: Գլխավոր մեթոդը վիրահատական միջամտությունն է, եթե այն հնարավոր է իրականացնել: Վիրահատության ընթացքում բուշտը հեռացնում են:

Կանխարգելումը

Շուն պահելու և նրան խնամելու դեպքում անհրաժեշտ է խիստ հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ նրան դիպչելուց հետո ձեռքերը լվանալ, նրան թույլ չտալ շփվել մարդու սննդի կամ սպասքի հետ, կատարել տնային կենդանիների կանխարգելիչ բուժում (դեհելմինտացիա): Հատկապես թափառող շներն են ամենուր տարածում վարակը: