Դաշտանը կեսարյան հատումից հետո

Դաշտանը կեսարյան հատումից հետո

Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո բազմաթիվ կանանց հետաքրքրում է, թե երբ պետք է վերսկսվի դաշտանային ցիկլը: Անկախ այն բանից, թե ինչպես է ընթացել ծննդաբերությունը, դաշտանի վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում: Կեսարյան հատումից հետո դրա վերսկսումը պայմանավորված է մի շարք գործոններով: Միասին պարզենք, թե ինչն է համարվում բնականոն, և ինչն է անհանգստանալու տեղիք տալիս:

Բնական ծննդաբերությո՞ւն, թե՞ կեսարյան հատում

Մեր օրերում բավականին տարածված է վիրահատական ծննդալուծումը: Կեսարյան հատում կատարվում է այն դեպքերում, երբ բնական ծննդաբերությունն անհնար է կամ կարող է հանգեցնել մոր կամ պտղի մահվան: Բայց պետք չէ մոռանալ, որ այս միջամտությունը կարող է որոշակի հետծննդաբերական բարդությունների պատճառ հանդիսանալ, իսկ կնոջ առողջությանը սպառնացող վտանգը մեծանում է մի քանի անգամ: Բավականին հաճախ ոչ բնական ճանապարհով ծննդաբերելը կանանց հոգեբանական խուճապի մեջ է գցում: Շատերը պնդում են, որ կեսարյան հատումից հետո կանանց կաթն ավելի քիչ է լինում, քան ինքնուրույն ծննդաբերած կանանցը, բայց իրականում դա այդպես չէ: Իրականում այս վիրահատությունը միանգամայն բնական է ընկալվում օրգանիզմի կողմից: Բնականաբար, եթե կա ընտրության հնարավորություն, պետք է նախապատվությունը տալ բնական ճանապարհով ծննդաբերելուն, իսկ վիրահատության անհրաժեշտության պարագայում կինը պետք է նախապատրաստվի, և առաջին հերթին՝ հոգեբանորեն:

Դաշտանը ե՞րբ է սկսվելու կեսարայան հատումից հետո

Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո կնոջ օրգանիզմում սկսվում են հետաճման (ինվոլուցիայի) գործընթացներ, այսինքն՝ հակադարձ զարգացման: Այս ժամանակահատվածում օրգանիզմի բոլոր օրգան- համակարգերը և ֆունկցիաները վերադառնում են իրենց բնականոն ռիթմին: Հետծննդյան շրջանում դաշտանային ցիկլի կարգավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերականգնվում է օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան: Եթե կատարվել է կեսարյան հատում, խորհուրդ չի տրվում կրկին հղիանալ հաջորդ երկու տարիների ընթացքում, այդ պատճառով էլ վիրահատություն տարած կանայք հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հղիությունից պաշտպանվելու հարցին դեռ նախքան մենստրուացիայի վերսկսվելը:

Գործնականում հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե կեսարյան հատումից հետո դաշտանը երբ է վերսկսվելու: Սովորաբար դա կախված է լինում կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից, այդ պատճառով տարբեր կանանց համար դաշտանի հայտնվելու ժամկետները տարբեր են լինում (հիմնականում մեկ տարվա ընթացքում)։

Ծննդաբերության ավարտից և ընկերքի արտամղումից հետո օրգանիզմn սկսում է վերականգնվել: Տեղի է ունենում արգանդի կրճատում, այն աստիճանաբար ընդունում է այն չափը, զանգվածը, ինչ ունեցել էր նախքան հղիությունը և իջնելով օրական մեկ սանտիմետրի չափ ՝ զբաղեցնում է իր նախկին դիրքը: Արգանդի վերականգնման ընթացքը սովորաբար տևում է մոտ 7 շաբաթ: Որոշ դեպքերում արգանդի չափերը կարող են կրճատվել ծննդաբերությունից հետո՝ հատկապես, երբ կինը ինտենսիվորեն կերակրում է կրծքով: Աստիճանաբար վերականգնվում է նաև ձվարանների ֆունկցիան:

Ե՛վ կեսարյան հատումից, և՛ բնական ճանապարհով ծննդաբերելուց հետո առաջանում է արտադրություն, որն անվանում են լոխիա (հետծննդյան արտադրություն): Այն ավարտվում է արգանդի վերականգնման վերջում, այսինքն՝ ծննդաբերությունից մոտ 2 ամիս անց: Այդ ամբողջ ժամանակահատվածում արտադրության ինտենսիվությունը, գույնն ու հոտը կարող է փոփոխվել: Հետծննդյան արտադրությունը պետք չէ շփոթել դաշտանի հետ, այն առաջանում է արգանդի արյունահոսման հետևանքով և դադարում է դրա ապաքինման հետ մեկտեղ:

Հետծննդյան արտադրությունից հետո կարող է սկսվել դաշտան, և շատ հաճախ առաջին ցիկլի ժամանակ ձվազատում տեղի չի ունենում, հետևաբար հղիանալ հնարավոր չէ, այնինչ պետք չէ մոռանալ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմի անհատական և առանձնահատուկ կառուցվածքի մասին:

Դաշտանի վերսկսման վրա ազդող գործոններն են՝

  • հղիության ընթացքը,
  • երիտասարդ մայրիկի ապրելակերպը,
  • օրգանիզմի առանձնահատկությունները,
  • տարիքը,
  • որոշակի հիվանդությունների առկայությունը,
  • մայրիկի հոգեբանական վիճակը, հուզական տրամադրվածությունը,
  • սննդի և հանգստի որակը,
  • լակտացիան։

Վերջինս ամենամեծ ազդեցությունն ունի դաշտանի վերսկսման վրա: Բանն այն է, որ կրծքով կերակրման ընթացքում կնոջ օրգանիզմում արտադրվող պրոլակտին հորմոնի բարձր մակարդակը ճնշում է ձվարանների ակտիվությունը և հետևաբար արհեստական կերակրման դեպքում կանանց մոտ ավելի շուտ է վերականգնվում դաշտանը:

Եթե կինը կրծքով է կերակրում փոքրիկին, նրա դաշտանը կարող է բացակայել նույնիսկ ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում: Այնպես որ, եթե կեսարյան հատումից հետո երկար ժամանակ դաշտանը չի վերսկսվում, իսկ դուք կրծքով եք կերակրում, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե կինը կրծքով չի կերակրում, ապա դաշտանը պետք է վերսկսվի ոչ ուշ, քան ծննդաբերությունից հետո 3 ամսվա ընթացքում: Ե՛վ կրծքով, և՛ արհեստական սննդով կերակրող կանանց դաշտանի բացակայության թույլատրելի նորման կարող է լինել մինչև մեկ տարի:

Ո՞ր դեպքերում է զգոնություն պահանջվում 

Կեսարյան հատումից հետո 1.5-2 ամսվա ընթացքում կինը պետք է գինեկոլոգիական զննում անցնի: Սովորաբար շանակվում է ՈՒՁՀ՝ արգանդի կարը զննելու համար, և կատարվում է հետազոտություն գինեկոլոգիական աթոռի վրա, վերցվում է քսուք:

Գինեկոլոգին պետք է դիմել այն դեպքում, երբ դաշտանն սկսվելուց 6 ամիս անց ցիկլը դեռ չի կարգավորվել, չնայած որ շատ կանայք նշում են, որ ծննդաբերությունից հետո ցիկլն ավելի կանոնավոր է դառնում, իսկ նախադաշտանային երևույթները՝ քիչ արտահայտված:

Օրգանիզմի ավելի երկարատև վերականգնում և հետևաբար դաշտանի երկարատև բացակայություն կարող է դիտվել այն կանանց դեպքում, ում օրգանիզմը հյուծված է, ինչպես նաև 30-ն անց մայրիկների դեպքում, հատկապես, եթե հղիությունն ընթացել է բարդացումներով:

Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, եթե կեսարյան հատումից հետո դաշտանն առատ է կամ հակառակը՝ շատ սակավ, երկարատև (7 օրից ավել) կամ կարճատև: Անհանգստանալու առիթ է նաև դաշտանը, որ տհաճ հոտ ունի, որը կարող է վկայել սեռական օրգանների վարակների մասին:

Դաշտանից առաջ կամ դրա ավարտից հետո շարունակվող քսվող արտադրությունը չի համարվում բնականոն:

Հղիությունը և ծննդաբերությունը բավականին մեծ սթրեսներ են կնոջ օրգանիզմի համար, այդ պատճառով որոշ դեպքերում վերականգնման գործընթացը կարող է ձգձգվել: Օրգանիզմի բոլոր ֆունկցիաների արագ վերականգնման համար պետք չէ մոռանալ բազմազան և կանոնավոր սնվելու մասին, հաճախ դուրս եկեք մաքուր օդում զբոսնելու, լավ քնեք, փորձեք խուսափել լարվածությունից և սթրեսից: Այդ ամենը կօգնի ոչ միայն վերականգնվել հետծննդյան շրջանում, այլև կխթանի լակտացիան, որը պակաս կարևոր չէ երիտասարդ մայրիկի և փոքրիկի համար:

Հիշե՛ք, որ ցանկացած ախտանշան՝ դաշտանի բացակայությունը, ցավերը, որովայնի ստորին հատվածի վատ զգացողությունները, առիթ են բժշկի դիմելու համար: Մի մոռացեք, որ կեսարյան հատումը վիրահատական միջամտություն է, այդ պատճառով եղե՛ք ուշադիր ձեր օրգանիզմի հանդեպ:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար