Լյարդի հեպատոզը հղիության ընթացքում

15.01.201510087

Հղիության ընթացքում օրգանիզմի բոլոր օրգանները և համակարգերը ստիպված են լինում ծանրաբեռնված գործել: Լյարդը ևս բացառություն չէ, քանի որ այն ստիպված է լինում սնունդ վերամշակել երկուսի կենսագործունեության համար՝ մոր և երեխայի: Բնականաբար այս կարևոր օրգանն ախտահարող ցանկացած հիվանդություն չի կարող իր ազդեցությունը չունենալ հղի կնոջ և իր փոքրիկի առողջության վրա: Յուրաքանչյուր 500 կանանցից մեկը հղիության ընթացքում բախվում է խոլեստատիկ (լեղականգային) հեպատոզ կոչվող հիվանդությանը:

Լեղականգային հեպատոզի դեպքում լյարդում խանգարվում է բջջային նյութափո-խանակությունը, դիտվում է հյուսվածքների դիստրոֆիայի զարգացում, վատթարանում է լեղու հոոսքը, նկատվում է դրա լճացում: Հազվադեպ ախտորոշվում է սուր ճարպային հեպատոզ հղիության ընթացքում, որի պարագայում լյարդի բջիջները վերածվում են ճարպային հյուսվածքի: Այս իրավիճակը վտանգավոր է և՛ մոր, և՛ երեխայի համար:

Բժիշկները հակված են հիվանդության պատճառ համարել ժառանգական նախատրա-մադրվածությունը կամ հղիությունից առաջ շատ վաղ ժամանակներում առաջացած լյարդի հիվանդությունը, որը մինչ այդ ոչ մի կերպ չի արտահայտվել: Բայց քանի որ կանանց օրգանիզմում հորմոնալ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, և բարձրանում է էստրոգենների մակարդակը, իսկ լյարդի հեպատոցիտները շատ զգայուն են դրանց նկատմամբ, օրգանի գործունեության հետ կապված որոշակի խնդիրներ արտահայտվում են բոլորի մոտ և համարվում են անխուսափելի ֆիզիոլոգիական գործընթաց: Հեպատոզի զարգացման մեջ իրենց լուման են ներդնում նաև այնպիսի սուբյեկտիվ գործոններ, ինչպիսիք են թերսնուցումը և վիտամինների անվերահսկելի ընդունումը:

Հեպատոզի ախտանշանները

Հղի կականց հեպատոզը դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝

  • թեփ և ուժեղ մաշկային քոր,
  • արտաթորանքի գունային փոփոխություններ՝ մեզի գույնի մգացում և կղանքի գունազրկում, 
  • ցավ լյարդի շրջանում,  
  • սրտխառնոց և փսխում (չշփոթել տոքսիկոզի հետ),
  • արագ հոգնածություն,
  • ախորժակի նվազում կամ կորուստ:

Հիվանդության ախտորոշում

Հեպատոզի ախտորոշումը շատ դժվար է. լյարդի պալպացիան (շոշափում) գործնականորեն անհնար է արգանդի մեծացած չափերի պատճառով, իսկ որոշ միջամտություններ՝ բիոպսիա (նմուշառում), լապարասկոպիա, հղիության ընթացքում հակացուցված են: Ախտորոշման գրեթե միակ հուսալի միջոց է դառնում արյան լաբորատոր քննությունը, կլինիկական և կենսաքիմիական հետազոտություն, մարդու խորիոնային գոնադոտրոպինի (ՄԽԳ) հակամարմինների քննություն, կոագուլագրամա, ինչպես նաև մեզի ընդհանուր հետազոտություն և Ռեբերգի փորձ (երիկամային գործառույթը որոշող հետազո-տություն): Ախտորոշումը հստակեցնելու նպատակներով հղի կնոջը երբեմն նշանակվում է ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտման, ԷՍԳ, աչքի հատակի քննության:

Հեպատոզի հետևանքները մոր և մանկան համար՝

  • ներարգանդային հիպոքսիայի բարձր հավանականություն,
  • ընկերքային անբավարարության զարգացում,  
  • ծննդաբերության ժամանակ երեխայի մոտ շնչահեղձուկի առաջացման մեծ վտանգ,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • արյունահոսություն հետծննդյան շրջանում,
  • մահ (ճարպային հեպատոզի դեպքում):

Հղիների հեպատոզի բուժումը

Խոլեստատիկ (լեղականգային) հեպատոզ ունեցող կանայք հղիության պարագայում ենթարկվում են հոսպիտալացման: Գինեկոլոգը, թերապևտը և հեպատոլոգը միասնական ջանքերով փորձում են նորմայում պահել մոր և մանկան վիճակը մինչ ծննդաբերությունը հետևյալ միջոցներով:

Սննդակարգ

Հղի կանանց նշանակվում է խիստ սննդակարգ, (դիետա №5), որի առաջադրանքն է լյարդի ծանրաբեռնվածության նվազեցումը, նրա համար «աշխատելու խնայող ռեժիմի» անցնելը և աղիների ֆունկցիայի կարգավորումը: Այս սննդակարգը կազմված է սննդակարգում սպիտակուցների և ածխաջրերի քանակի վերահսկման և ճարպերի ու խոլեստերինի քանակի խիստ սահմանափակման հաշվարկներով:

Բոլոր ճաշերը պատրաստվում են խաշելու կամ շոգեխաշելու եղանակներով: Կատեգորիկ արգելքի տակ են մտնում՝ ձկան ճարպոտ տեսակները և միսը, լոբեղենը, սպիտակ հացը, բողկը, թրթնջուկը, սպանախը:

Դեղորայք

Դեղամիջոցներ նշանակում են՝ ելնելով խոլեստատիկ պաթոլոգիայի աստիճանից: Թեթևի դեպքում ցուցվում են էնտերոսորբենտներ, լեղամուղ պրեպարատներ, հակաօքսիդանտներ, անտացիդներ, հեպատապրոտեկտորներ (լյարդապաշտպան միջոց) և մեմբրանա-ստաբիլիզատորներ: Ճարպային հեպատոզի պարագայում անցկացվում է դեզինտոքսիկացիայի թերապիա, ավելացվում են խոլեստիրամին, հեպտրալ, ֆոլաթթու, երբեմն նաև քորը հանգստացնող դեղեր:

Ծանր աստիճանի հիվանդության պարագայում անցկացվում է արյունահոսություների պրոֆիլակտիկա, պլազմոֆերեզ, դեզինտոկցիկացիա: Եթե միջոցների ամբողջ համալիրը չի օգնում կանոնավորել իրավիճակը, ապա հնարավոր է հղիության դադարեցում:

Բարեբախտաբար սուր ճարպային հեպատոզը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն արտահայտվում է հղիության բավականին ուշ ժամկետներում՝ 30-38 շաբաթներում: Մոր և մանկան առողջությունն ու կյանքը ուղղակիորեն կախված են նրանից, թե որքան շուտ է ախտորոշվել հիվանդությունը և որքան շուտ են կատարել ծննդալուծման վիրահատություն: Եվ միայն այդ ամենից հետո են բժիշկներն սկսում անցկացնել ինտենսիվ թերապևտիկ միջոցառումներ: Այսպիսով, եթե նախկինում ունեցել եք խնդիրներ լյարդի հետ կապված կամ ընտանիքում եղել են նմանատիպ հիվանդություններ, հղիություն պլանավորելիս անպայման այցելեք  հեպատոլոգի: Եթե առաջին անգամ եք բախվում հեպատոզին՝ կրելով ձեր առաջնեկին, հաջորդող հղիությունների դեպքում խստորեն հետևեք բժիշկների խորհուրդներին, քանի որ հիվանդությունը կարող է կրկնվել: