Եթե աշխատող կամ ուսանող մայր եք

Եթե աշխատող կամ ուսանող մայր եք

Մեր օրերում հաճախ է պատահում, որ մայրն ուղղակի ստիպված է լինում վերսկսել աշխատանքը կամ ուսումը հենց այն շրջանում, երբ փոքրիկին դեռևս անհրաժեշտ է նրա համակ ուշադրությունը, սերը և հոգատարությունը: Դե իսկ մոր համար ևս սա ցանկալի չէ: Այդ պատճառով էլ եթե այսպիսի անհրաժեշտություն է ծագում, ապա պետք է կանխատեսել այն և նախապես պատրաստվել, որպեսզի կորուստները հնարավորին չափ քիչ լինեն: Հաճախ նմանատիպ իրավիճակը կանխատեսելի է լինում. մայրը և ընտանիքը գիտեն, որ երեխայի որոշակի տարիքում նա ստիպված է լինելու որոշ ժամանակով բացակայել տնից: Ինչպե՞ս անել, որ ճիշտ լինի:

1. Նախապես ծրագրեք ուսումը կամ աշխատանքը վերսկսելը՝ հաշվի առնելով երկու փաստ՝ երբ է պետք սկսել, ինչ պարբերականությամբ: Առաջին երեք ամիսների ընթացքում մայրը և նորածինը պարտադիր պետք է միասին լինեն (100%): Այս շրջանում մայրը և երեխան հարմարվում են իրար, կարգավորվում է կրծքով կերակրումը, քնի ռեժիմը, մայրն ավելի իրատեղյակ է դառնում (երբ մայրը գիտի, թե հատկապես ինչ է անհրաժեշտ երեխային, կարողանում է արագ և որակով անել դա), կարգավորվում է մոր և երեխայի շփումը:

Մինչև 6 ամսական հասակը մայրը և երեխան միմյանց կարիքն ունեն մոտավորապես 75%-ով (միայն ցերեկային ժամերը), այսինքն՝ օրվա մեկ քառորդը նա կարող է ազատ լինել: Այս շրջանում երեխան ամբողջական պատկերացում է կազմում մոր և այլ մեծահասակների մասին, ձևավորվում է կախյալության հիմնական առարկան (սովորաբար լինում է մայրը):

6 ամսականից մինչև 3 տարեկան հասակը մայրն ու երեխան կարող են բաժանվել ցերեկային ժամերի մոտավորապես կեսի չափով: Այս տարիքում վերջնականապես կապվածություն է ստեղծվում մտերիմ մեծահասակների հանդեպ, և ձևավորվում են անձնային հիմնական առանձնահատկությունները:

Մինչև նախադպրոցական մանկության վերջերը նրանց ընդհանուր ժամանակը կարող է աստիճանաբար կրճատվել և անգամ հնարավոր է բացակայել մի քանի օրով: Կյանքի ընդհանուր ռիթմում ամենօրյա շփումը նվազագույնը պետք է կազմի ցերեկային ժամերի 25%-ը: Այստեղից հետևում է, որ եթե անհրաժեշտ է պարբերաբար գնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություն, ապա ավելի լավ կլինի դա անել, երբ երեխան երեք ամսական և ավել լինի:

Տնից բացակայելը պետք լինի հետևյալ պարբերականությամբ.

  • Սկզբում մայրը բացակայում է մոտ մեկ ժամ և միայն այն ժամանակ, երբ երեխան խորը քնած է և չի արթնանում: Հետագայում այս ժամանակահատվածն աստիճանաբար մեծանում է՝ մոտենալով նաև երեխայի արթնանալու շրջանին: Քանի դեռ փոքրիկը չի վարժվել մոր բացակայությանը, վերջինս պարտադիր պետք է նրա կողքին լինի հիմնական պահերին՝ կերակրման, լոգանքի, քնեցնելու, արթնանալու և այլնի ժամանակ:
  • Երբ երեխան վարժվի մոր կարճատև բացակայությանը, վերջինս կարող է բացակայել նաև հիմնական, ռեժիմային պահերին, երբ նրան արդյունավետորեն փոխարինում են ընտանիքի անդամները:
  • Մոր մշտական բացակայության ռիթմի սահմանում՝ շաբաթական քանի անգամ, օրվա որ ժամերին և որքան ժամանակով: Այսպիսի ռիթմը պետք է պահպանել որքան հնարավոր է խիստ, այն հիմք է կյանքի նոր պայմաններին երեխայի հարմարվելու համար և միաժամանակ նախապատրաստում ռեժիմի ապագա փոփոխություններին ու նոր պայմաններին (մանկապարտեզ, դպրոց և այլն) հարմարվելուն:

 

2. Ծրագրեք, թե ով է մոր բացակայության ժամանակ փոխարինելու նրան: Ով էլ որ փոխարինի մորը, պետք է փոխարինի միշտ, լինի մշտական: Հնարավոր է, որ փոխարինողները երկուսը, անգամ երեքը լինեն, օրինակ՝ հայրը, տատիկը և դայակը, սակայն գլխավոր պայմանն այն է, որ նրանք պետք է լինեն ընտանիքի մշտական անդամներ: Ցանկալի չէ, որ կյանքի առաջին տարիներին երեխային հարազատ մարդիկ անհետանան, և նրանց նկատմամբ կապվածությունը խզվի: Այդ պատճառով էլ ձեզ փոխարինողների հետ նախապես քննարկեք նանց մշտական ներկայության հարցը: Դայակին, բնականաբար, պետք է ընտրել դեռևս մինչև երեխայի ծնունդը և նրա հետ քննարկել երեխայի հետ հարաբերությունների անհրաժեշտ մանրուքները և աշխատաժամերն աստիճանաբար երկարեցնելու հարցը:

Եվս մեկ պահանջ՝ այս օգնականների ներկայության ռիթմը ևս պետք է առավելագույն չափով մշտական լինի երեխայի կյանքի առաջին տարիներին: Ձեզ համար մի փոքր ավելի դժվար կլինի, եթե ձեր բացակայության ռիթմը գերազանցում է վերոնշյալ ժամանակը, օրինակ՝ երբ ստիպված լինեք բացակայել մի ամբողջ օր: Այսպիսի ռեժիմը պետք է սկսել որքան հնարավոր է ուշ, իսկ երեխայի հետ մնացող մարդիկ պետք է լիովին «հարազատ» լինեն և՛ նրան, և՛ ձեզ: Այսպիսի օրերը չպետք է հաճախակի լինեն:

3. Պատրաստվեք միմյանց հաջորդող երկու փուլերի, որոնք նախորդելու են աշխատանքի կամ համալսարան գնալուն: Օգնականի փնտրտուք և հարմարում: Որքան վաղ սկսեք բացակայել տնից, այնքան երկար կտևի այս փուլը: Կատարյալ կլինի, եթե սկսեք անմիջապես նորածնի ծնունդից հետո: Ի սկզբանե օգնականի ներկայության և խնամքի ռիթմը պետք է համապատասխանի ձեր բացակայության ռիթմին: Միայն այն ժամանակ, երբ երեխան ձեր ներկայությամբ առանց որևէ խնդրի կարձագանքի այն փաստին, որ իրեն դուք չեք խնամում, այլ ուրիշ մարդ, կարող եք նրանց միայնակ թողնել:

Այս նպատակով սկզբում դուք պետք է օգնականի հետ խնամեք երեխային, այնուհետև միայն ներկա լինեք, որպեսզի երեխան տեսնի ձեզ, հետո զբաղվեք այլ գործերով կամ գտնվեք այլ սենյակում, իսկ ավելի ուշ կարող եք ընդհանրապես գնալ: Այս պարագայում դուք ինքներդ էլ վստահ կլինեք, որ ամեն բան կարվի այնպես, ինչպես պետք է, և երեխան էլ հանգիստ և գոհ կլինի: Գնալով՝ դուք այդ վստահությունը կփոխանցեք երեխային, և նա առանց լարվածության կտանի մայրիկի բացակայությունը:

4. Եթե նախապատրաստումը կամ մոր բացակայության արդեն իսկ կարգավորված ռիթմն անսպասելիորեն խանգարվում է, պետք չէ խուճապի մատնվել: Իմացեք. որ ձեր վիճակն անդրադառնում է երեխայի վրա, և ընտանիքի անդամների վստահությունը, որ ամեն բան կարգին է, օգնում է երեխային հարմարվել փոփոխված իրավիճակին: Փորձեք պահպանել ռիթմը և այնպես անել, որ նմանատիպ բարդ իրավիճակները քիչ լինեն:

5. Պատրաստ եղեք, որ կյանքի ռիթմի, երեխային արդեն իսկ ծանոթ մարդկանց կամ ընդհանուր իրավիճակի (տեղափոխություն այլ սենյակ կամ այլ բնակարան) փոփոխությունները հնարավոր է, որ անդրադառնան երեխայի քնի, ախորժակի և ակտիվության վրա, միգուցե կրկին գլուխ բարձրացնեն մոռացված քմահաճությունները (կրկին ծծակ է պահանջում, հրաժարվում է ուտել գդալով և այլն):

Սա վկայում է նոր պայմաններին հարմարվելու դժվարության մասին և պետք է օգնել երեխային: Հետևեք, որ որոշակի ժամանակ ռեժիմը չխախտվի, ուշադրություն դարձրեք մանրուքներին (սիրելի խաղալիքի, հագուստի ներկայություն և այլն), մի հոգնեցրեք երեխային, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Ամեն բան աստիճանաբար կանցնի իր բնականոն ընթացքին, պարզապես փորձեք հաջորդ անգամ կտրուկ փոփոխություններ չանել:

6. Նախապատրաստվելու համար ներդրված ջանքերն ու ժամանակը չնչին են այն ամենի համեմատ, որ կպահանջվի հետագայում, երբ ստիպված կլինեք երկար տարիներ լրացնել բացթողումները և ուղղել սխալներն այլ մարդկանց հանդեպ կապվածություն դրսևորելու անկարողության, մանկապարտեզին, դպրոցին հարմարվելու դժվարության և երեխայի զարգացման ըթացքում հանդիպող շատ այլ հարցերում: Ընդամենը 3 ամիս ամբողջովին տանը, ևս երեքը 75%-ով, իսկ հետո արդեն ազատություն կես օրով: Արդյունքում՝ առողջ, ակտիվ և կենսուրախ փոքրիկ, ով հաճույքով հետազոտում է շրջակա աշխարհը և ճկուն է գրեթե ցանկացած իրավիճակում:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: