Ինչ պետք է իմանա դեռատի աղջիկը դաշտանի մասին

04.09.201431625

Դաշտանը (ամսեկան, մենստրուացիա, կրիտիկական օրեր և այլն) սեռական ուղիներից եկող արյունային արտադրություն է, որ կրկնվում է յուրաքանչյուր ամիս: Սովորաբար այն անցավ է անցնում, սակայն երբեմն որովայնի ստորին հատվածում ցավ է զգացվում:

Դաշտանն սկսվում է 11-13 տարեկանում, երբեմն ավելի վաղ՝ 9 տարեկանում, և ավելի ուշ՝ 16 տարեկանում: Տևում է 3-5 օր, բայց 7 օրից ոչ ավել: Դաշտանի առաջին օրից մինչև հաջորդ դաշտանի առաջին օրն ընկած ժամանակահատվածը կոչվում է դաշտանային ցիկլ: Վերջինիս նորմալ տևողությունը 28-30 օր է, սակայն հնարավոր են և տատանումներ 21-35 օր: Որոշ աղջիկների դեպքում ցիկլի կարգավորումը երկար ժամանակ է պահանջում (1 տարին նորմա է համարվում):

Դաշտանի սկսվելուց հետո առաջին ամիսներին այն կարող է անհետանալ 2-6 ամսով առանց որևէ պատճառի կամ էլ ինչ-որ հիվանդության, արտաքին գործոնների պատճառով՝ ծանր ապրումներ, սթրես, վախ, բնակավայրի փոփոխություն, վնասվածք, ծանր քննական շրջան, վիճաբանություններ դպրոցում, թերսնում, սպորտային մրցույթներ, հղիություն, ձվարանների ուռուցքներ և այլն: 

Յուրաքանչյուր դաշտանի ժամանակ 50-70 մլ արյուն է կորչում: Դաշտանի օրերին օգտագործում են հատուկ հիգիենիկ միջադիրներ, որոնք ներծծում են արյունը: Վերջին տարիներին լայն տարածում են գտել վիրախցուկները (տամպոնները): Այն տեղադրվում է հեշտոցում և հեռացվում 4-6 ժամ անց: Վիրախցուկի տրամագիծն ավելի փոքր է, քան կուսաթաղանթի անցքը, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր է վնասել կուսաթաղանթը: Այդ պատճառով էլ նախընտրելի է սկսել ամենաբարակ տեսակից: Խորհուրդ է տրվում նախքան օգտագործումը խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Պետք է իմանալ, որ հեշտոցում երկար ժամանակ մնալով՝ տամպոնը երբեմն վնասում է, քանի որ օդի ոչ բավարար շրջանառությունը նպաստում է վնասակար մանրէների առաջացմանը, իսկ հեշտոցի բորբոքման պարագայում տամպոնի օգտագործումը կարող է և վտանգավոր լինել:

Ցանկալի է տամպոնն օգտագործել միայն առատ արտադրության պարագայում, դաշտանի 2-րդ և 3-րդ օրերին կամ էլ խիստ պատասխանատու օրերին, երբ կարևոր է հագուստի ճերմակությունը պահպանելը, օրինակ՝ պարային ելույթների, սպորտային մրցույթների ժամանակ, երբ հնարավոր չէ վերջիններիս հետաձգումը: Աղջիկներին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում օգտագործել արտաքին միջադիրներ և դաշտանի օրերին խստորեն հետևել հիգիենայի կանոններին: