Տրամադրությունը հղիության և ծննդաբերության ընթացքում

02.09.201411460

Հղիությունն ինքնին հուզական մեծ փորձ է: Երևի թե շատերը նկատած կլինեն, որ այլ մարդիկ, բժիշկները և մանկաբարձները, ինչպես նաև ընտանիքի անդամներն ու ընկերները հիմնականում կենտրոնանում են հղիության ֆիզիկական կողմի վրա: Նրանք ենթադրում են, որ մայրը և երեխան առողջ են, քանի որ ֆիզիկական կողմն ավելի պարզորոշ է և հեշտ նկատելի այլ մարդկանց համար: Այնուամենայնիվ, հղի կանանց մեծամասնությունը համակարծիք է, որ հույզերը և տրամադրության փոփոխությունները նույնքան կարևոր են, որքան ֆիզիկական վիճակը:

Ինչն է հղի կանանց այդքան տպավորվող դարձնում և ինչպես հաղթահարել այդ զգացումը:

Հարմարում

Կանանց մեծամասնությունը ձգտում է հղիանալ և մայրանալ, սակայն երբ հղիանում են, նախատեսված, թե պատահմամբ, զգացողություններն սպասվածից այլ են լինում: Որոշ կանայք, ովքեր կարծում էին, թե վախի զգացում կունենան, զարմանալիորեն հանգիստ են իրենց զգում, իսկ նրանք, ովքեր զգում էին, որ պատրաստ են մայրանալու, անպաշտպանության զգացում են ունենում:

Սովորաբար զգացումները փոխվում են անցնող յուրաքանչյուր եռամսյակին զուգընթաց, և յուրաքանչյուր փուլ նոր հուզական խնդիրներ է մատուցում: Հղիության առաջին եռամսյակում հնարավոր է, որ հղի կնոջն անհանգստացնի հղիության փաստը, երկրորդ եռամսյակում նա կարող է կենտրոնանալ երեխա ունենալու գաղափարի վրա, երրորդ եռամսյակում հնարավոր է, որ շարունակվեն նմանատիպ մտորումները, սակայն միաժամանակ սկսում են մտածել նաև պատասխանատվության և մայրության բերկրանքի մասին: Այդ պատճառով էլ հուզական լուրջ հարմարում է անհրաժեշտ:

Դերերի փոփոխություն

Հղիությունն անդրադառնում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա: Եթե սպասում եք ձեր առաջնեկին, ապա կսկսեք մտահոգվել այն բանից, որ դուք կամ անհատականություն եք, կամ զույգի մաս, պատասխանատու եք միայն ձեզ համար կամ այլ հասուն մարդու համար, և այժմ ստիպված եք լինելու պատասխանատվություն կրել նաև անմիջականորեն ձեզնից կախված նորածնի համար:

Եթե արդեն իսկ երեխա ունեք (երկու և ավել), ապա ընտանիքում միևնույն է փոփոխություններ կկատարվեն՝ պատասխանատվության սահմանների ընդլայնման հետ կապված: Հաճախ ընտանիքում նոր երեխայի հայտնվելը սթրեսի պատճառ է դառնում անգամ այն դեպքում, երբ երեխան ցանկալի և սպասված է: Ահա թե ինչու են հղիությունը երբեմն անվանում ընդլայնվող ճգնաժամ:

Չնայած որ հղիությունը նորմալ և հրաշալի երևույթ է ցանկացած կնոջ կյանքում, այնուամենայնիվ կարող է ճնշող լինել: Հնարավոր է, որ ձեր զգացումները չափազանցության հասնեն՝ պայմանավորված օրգանիզմում ընթացքող հորմոնային փոփոխություններով:

Սովորաբար ինչ զգացումներ են առաջանում

Ահա մի քանի զգացում և հակազդում, որ հաճախ նշում են հղի կանայք: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ նրանցից ոչ բոլորն են բացասական՝ ուրախություն, երջանկություն և խանդավառություն, դեպրեսիա, անորոշություն կամ վախ:

Հղի կինը հաճախ դյուրագրգիռ է լինում, հաճախ նաև հանգիստ, մեծ կախվածություն է զգում ամուսնուց կամ ընտանիքի այլ անդամներից: Հաճախ հպարտություն է զգում, որ հրաշք է գործել, երեխայի նկատմամբ սեր, շփոթահար վիճակ, տխրում է, որ ամեն բան այլևս նախկինի պես չի լինելու, ֆինանսի, կենցաղային պայմանների, երեխայի խնամքի, անկախության կորստի, ամուսնու հետ հարաբերությունների փոփոխության, ծննդաբերության, լավ մայր լինելու հետ կապված մտահոգություններ և այլ զգացումներ են առաջ գալիս:

Հույզերի վերահսկում

Չնայած որ վերոնշյալ զգացումները բնական են, այնուամենայնիվ կարող եք որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի մեղմեք այս հուզիչ և սթրեսային շրջանում տրամադրության անկումները:

Ամրացրեք ձեր ֆիզիկական առողջությունը, լավ սնվեք, ֆիզիկական վարժություններ կատարեք և հանգստացեք: Եթե ձեզ վատ եք զգում կամ հոգնել եք, ապա հավանականությունը, որ ավելի դյուրագրգիռ կամ գերհոգնած կլինեք, մեծանում է:

Մշտապես տեղեկացված եղեք: Հաճախեք հատուկ դասընթացների և հղիության մասին գրքեր կարդացեք: Մասնագետների կարծիքներին տեղեկանալը, ապագա այլ մայրերի հետ հանդիպումները կարող են մեղմել սթրեսը: Այդուհանդերձ միշտ իմացեք, որ յուրաքանչյուր կին յուրովի է տանում հղիությունը, և շատ բաներ կախված են ձեր օրգանիզմի առանձնահատկություններից: Անվերապահորեն մի մոտեցեք այլ կանանց փորձին և խորհուրդներին:

Մի խուսափեք ձեր մտքերով և ապրումներով ամուսնու, ընտանիքի այլ անդամների կամ ընկերների հետ կիսվելուց:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չընդունեք հատուկ դեղամիջոցներ, որպեսզի ազատվեք դեպրեսիայից կամ տրամադրության անկումներից: Նախքան այս կամ այն դեղորայքը կամ դեղաբույսն օգտագործելը խորհրդակցեք ձեր հղիությունը վարող բժշկի հետ:

Ավելի շատ ժպտացեք՝ դրական էներգիան առ ձեզ գրավելու համար: