Հեղուկի կուտակում արգանդի հետնամասում (հետին կամարում)

28.08.201421328

Ցանկացած կին պետք է ուշադիր լինի իր առողջության նկատմամբ, և բժշկին պարբերաբար այցելելն առողջ ապրելակերպի մի մասն է կազմում: Առողջության վերաբերյալ գանգատների բացակայությունը պայման չէ գինեկոլոգին չդիմելու համար:

Ինչ անել, եթե «լիակատար առողջության» ֆոնի վրա հանկարծ արգանդի հետնամասում հեղուկի կուտակում է հայտնաբերվում: Հեղուկը, իհարկե, նորմայում չպետք է լինի, սակայն գինեկոլոգները ոչ միշտ են ազատ հեղուկի առկայությունը պաթոլոգիա համարում և բուժում են նշանակում: Պետք է հաշվի առնել դաշտանային ցիկլը, քանի որ ազատ հեղուկը կարող է և վկայել ձվազատման հաջող ավարտի մասին: Բանն այն է, որ ձվազատման ընթացքում գերիշխող, պատռված ֆոլիկուլի հեղուկ պարունակությունը կուտակվում է արգանդի հետնամասում: Դա փոքրաքանակ հեղուկ է, սակայն տեսանելի է լինում ՈւՁՀ-ի ժամանակ: Այդպիսի վիճակը բնականոն է համարվում և հեղուկը շուտով ինքնուրույն ներծծվում է:

Բավականին հաճախ, սակայն, հեղուկի կուտակումն այնուամենայնիվ նորմայից շեղում է համարվում, բայց հիվադություն չէ, այլ որևէ՝ հաճախ լուրջ, հիվանդության ախտանշան: Ցանկացած ներքին օրգանի բորբոքման դեպքում հնարավոր է, որ էքսուդատիվային հեղուկ կուտակվի: Հեղուկի կուտակում լինում է նաև աբորտից հետո, ձվարանի կամ ձվարանի կիստայի պատռվածքի դեպքում, էնդոմետրիոիդ կիստաների առաջացման դեպքում, երբ պատռվում են, և պարունակությունն արտահոսում է: Հենց այդպիսի դեպքերում է արգանդի հետնամասում հեղուկ կուտակվում: Լուրջ հիվանդությունները սովորաբար հեղուկի առկայության դպքում ուղեկցվում են նաև բնորոշ այլ ախտանշաններով: Պատահում է նաև, որ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, սակայն ՈւՁՀ-ն հեշտությամբ ցույց է տալիս ախտահարված օրգանը: Փոքրիկ կասկածի դեպքում անգամ անհրաժեշտ է մանրամասն հետազոտվել և որոշակի անալիզներ հանձնել:

Եթե ցիկլի այլ օրերին, բացի ձվազատման շրջանից, արգանդի հետնամասում հեղուկ է կուտակվում: Այսպիսի վիճակի պատճառը պետք է պարզվի: Հեղուկի արտաքին տեսքն իսկ ցույց կտա խնդիրը: Պետք է շատ լրջորեն վերաբերվել պատճառի բացահայտմանը, քանի որ, օրինակ, հեղուկում արյան առկայությունը վկայում է արտարգանդային հղիության մասին: Այդ պարագայում հեղուկն արյան հետ արտահոսում է վնասված արգանդափողով և բեղմնավորված ձվաբջիջը կարող է և հայտնաբերվել արգանդից դուրս: Հեղուկի կուտակման պատճառ կարող են դառնալ ձվարանների վրա առաջացած նորագոյացությունները կամ ձվարանի ապոպլեքսիայի, էնդոմետրիոզի, բորբոքումների, պերիտոնիտի, ասցիտի, փոքր կոնքի տուբերկուլոզը, թարախային սալպինգիտի զարգացումը և այլն: Հեղուկ է կուտակվում նաև շեքի հատվածի առատ արնահոսության դեպքում:

Արգանդի հետնամասում հեղուկի կուտակման ախտորոշումն առանց ՈւՁՀ-ի դժվար է, քանի որ հեղուկն այնքան էլ շատ չի լինում, և եթե այդ երևույթը պաթոլոգիական բնույթի չէ, ապա այլ հիվանդության հետևանք է: Այդ պատճառով էլ ՈւՁՀ-ի ժամանակ հեղուկի պատահական հայտնաբերումը լրջորեն հետազոտվելու առիթ է տալիս:

Բուժում որպես այդպիսին չկա, քանի որ բուժում են հիվանդությունը, որը հանգեցրել է հեղուկի կուտակմանը: Հենց այդ պատճառով էլ տվյալ դեպքում ամենակարևորը հիվանդությունն ախտորոշելն է, ինչն անհնար է առանց հատուկ հետազոտման: Կարևոր մի բան. չփորձեք զբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտվելով ժողովրդական միջոցներից: