Գարդներելլոզ. ախտանշանները, պատճառները և բուժումը

11.08.201421416

Գարդներելլոզը հաճախ նույնացվում է հեշտոցի լորձաթաղանթի բորբոքման և միկրոֆլորայի փոփոխման հետ: Այս հիվանդությունն կարող է անմիջապես չախտորոշվել և պահանջել րոշակի մանրէաբանական հետազոտություն կամ հայտնաբերում ՊՇՌ-մեթոդով: Գարդներելլոզը տարբերվում է նրանով, որ հաճախ ընթանում է առանց նկատելի ախտանշանների: Այդուհանդերձ որոշ այցելուներ գանգատվում են տհաճ հոտով առատ արտադրությունից, սակայն պետք է իմանալ, որ հեշտոցի արտադրությունը կարող է մի շարք գինեկոլոգիական խնդիրների ազդանշան լինել, այդ թվում նաև սեռավարակների:

Բազմաթիվ կանայք միգուցե երբևէ գլխի էլ չընկնեն, որ ունեն այս հիվանդությունը, որը հաճախ հայտնաբերվում է պատահմամբ՝ հերթական գինեկոլոգիական զննման ժամանակ: Բժիշկներն առանձնացնում են մի շարք հիմնական ախտանշաններ, որոնք բնորոշ են գարդներելլոզին: Առաջին հերթին հեշտոցից նկատվող արտադրությունն է, որն զգալիորեն առատ է լինում, սպիտակ կամ դեղնագույն, առանձնահատուկ, տհաճ հոտով:

Պետք է իմանալ, որ եթե հիվանդությունը ժամանակին չախտորոշվի, ապա հետագայում կարող են բարդություններ առաջանան: Դժվարությունները կարող են առաջ գալ հատկապես հղիության և ծննդաբերության ընթացքում: Շատ հաճախ այս հիվանդությունը հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության, էնդոմետրիտի, դաշտանային ցիկլի խանգարման և այլն: Գարդներելլոզը կարող է զարգանալով ուղեկցել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են գոնորեան կամ քլամիդիոզը:

Այս հիվանդությունը կարող է անդրադառնալ սեռական կյանքի վրա, քանի որ հնարավոր է փոխանցում տղամարդուն, սակայն դա պարտադիր պայման չի: Հիմնական կրողը համարվում է կինը: Այդուհանդերձ, տղամարդը կարող է դառնալ հիվանդության կրող և որոշակի ախտանշաններ ունենալ: Ստացվում է այնպես, որ գարդներելլոզով հիվանդ կնոջ զուգընկերը ևս պետք է հետազոտվի և բուժում ստանա: Գարդներելլոզն ըստ էության դիսբիոզ (դիսբակտերիոզ) է հեշտոցում: Այն մանրէները, որոնց քանակը մեծ է օրգանիզմում, պակասում են, իսկ մյուս մանրէները, ընդհակառակը, շատանում են: Գարդներելլայի քանակը սովորաբար քիչ է լինում: Եթե ուշադրություն դարձնենք բնականոն քանակներին, ապա հեշտոցում պետք է գերակշռեն լակտոբակտերիաները: Վերջիններս ջրածնի պերոքսիդի հետ միասին կանխում են ախտածին օրգանիզմների առաջացումը: Նշենք, որ գարդենելլան, միկոպլազմայի մանրէն և մյուսներն առկա են ցանկացած կնոջ օրգանիզմում, սակայն փոքր քանակությամբ: Եթե դրանց քանակը մեծանում է, ապա դիսբիոզ է առաջ գալիս և բուժում պահանջում:

Հիվանդության առաջացման պատճառները դեռ ամբողջությամբ չեն պարզվել: Պատճառ կարող են դառնալ արհեստական կտորից ներքնազգեստը, նույնատիպ կտորից կիպ տաբատները, որոնք խանգարում են թթվածնի ներթափանցմանը, ինչպես նաև հիգիենիկ վիրախցուկների (տամպոն) և ամենօրյա միջադիրների անընդհատ օգտագործումը, հակաբիոտիկների երկարատև ընդունումը, որոնք ոչնչացնում են լակտոբակտերիաները, կաթնաթթվային մթերքների բացառումը սննդակարգից, որոնք օրգանիզմը հագեցնում են օգտակար լակտոբակտերիաներով:

Վտանգավոր է նաև աղիների քրոնիկական հիվանդությունները, հատկապես դիսբիոզը: Այս պարագայում վնասակար մանրէները բազմանում են և տարածվում ամբողջ օրգանիզմով: Այսպիսի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ նաև թույլ դիմադրողական համակարգը, որը չի կարողանում դիմակայել հարվածներին:

Բուժումը կատարվում է մի քանի փուլով: Նախ անհրաժեշտ է օրգանիզմն ազատել վնասակար մանրէներից և դրանք լրացնել օգտակարներով: Դա պահանջում է կոմպլեքսային բուժում: Հաճախ դրանք այն տեսակի դեղամիջոցներն են, որոնք մետրանիդազոլ են պարունակում և այլն: Բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս զուգահեռաբար բուժել նաև աղիների դիսբիոզը, քանի որ այս երկու գործոնները հաճախ փոխկապակցված են: