Ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերը կնոջ համար

19.07.201441449

Ժամանակն արագ է թռչում, և ծննդաբերությունը, որին երկար էիք պատրաստվում, արդեն անցյալում է: Ձեր օրգանիզմը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների և այժմ պետք է աստիճանաբար վերադառնա իր սկզբնական վիճակին: Դա անմիջապես չի կատարվում: Չզարմանաք, որ դեռևս որոշ ժամանակ ինքնազգացողությունն այնքան էլ լավ չլինի: Շուտով, սակայն, ամեն բան կկարգավորվի, և որպեսզի կասկածները մտահոգություն չպատճառեն, կպատմենք ծննդաբերությունից հետո վերականգնվելու ֆիզիոլոգիական պրոցեսների մասին: Ի դեպ, վերականգնման այդ շրջանը հաճախ կոչում են հղիության չորրորդ եռամսյակ:

Եվ այսպես, երկարուձիգ ամիսներից հետո լույս աշխարհ եք բերել մի հրաշալի առողջ երեխայի: Նշանակում է, որ ձեր պատրաստությունները ծննդաբերությանն ապարդյուն չեն անցել: Եթե կարծում եք, որ արդեն ամեն բան կարգին է և լիովին վերականգնված եք, ապա սխալվում եք: Խնայեք ձեր ուժերը, քանի դեռ դրանք լիովին չեն վերականգնվել. անկողնուց անմիջապես մի վեր կացեք, որպեսզի գլխապտույտ չսկսվի: Սա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր ցածր ճնշում ունեն, ինպես նաև նրանց, ովքեր ծննդաբերության ժամանակ շատ արյուն են կորցրել և թույլ են զգում: Ծննդաբերությունից հետո նախընտրելի է պառկել և քնել որովայնի վրա, սակայն խորհուրդ չի տրվում կրել նեղ ներքնազգեստ, որպեսզի որովայնը չսեղմի: Եթե ձեզ բավականին լավ եք զգում, փորձեք շատ շարժվել և անգամ հատուկ վարժություններ անել:

Այդուհանդերձ, շատ դեպքերում ինքնազգացողությունը բարելավվում է աստիճանաբար: Երբ անցնում է աննկարագրելի թեթևության զգացումը, նկատում եք, որ որովայնը դեռևս մեծ է և փոքր-ինչ ցավում է: Մի անհանգստացեք, ամեն բան իր ժամանակին: Որպեսզի արգանդն իր նախկին չափսն ստանա, դեռ պետք է կրճատվի: Արգանդի կրճատումն սկսվում է անմիջապես ծննդաբերությունից հետո, և նրա զանգվածը 6-8 շաբաթների ընթացքում նվազում է՝ 1000գ-ից հասնելով 50-ի:

Քանի որ արգանդի կրճատումը կատարվում է ի հաշիվ արգանդի մկանների աշխատանքի, հաճախ ուղեկցվում է պարբերաբար կրկնվող ցավով: Վերջինս երբեմն ուժգնանում է կրծքով կերակրման ընթացքում: Բանն այն է, որ ծծակի խթանումն արյան մեջ բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը, ինչն էլ նպաստում է արգանդի կրճատմանը: Փորձը ցույց է տվել, որ կրկնվող ծննդաբերություններից հետո կրճատումն ավելի ցավագին է անցնում, քան առաջին ծննդաբերության ժամանակ: Սովորաբար ցավն այնքան ուժեղ չէ, որ ցավազրկող միջոցներ օգտագործեք: Իմանալով, որ այդ ամենը բնականոն է և ոչ թե ախտաբանական երևույթ՝ ավելի քիչ կանհանգստանաք, ինչն էլ կմեղմի ցավը: Դեղորայքը, ընդհակառակը, պետք է օգտագործել, եթե կրճատումը թույլ է: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում դեղորայքը պետք է օգտագործել միայն բժշկի ցուցմամբ:

Եվս մեկ գործոն, որ անհանգստացնում է կնոջը՝  ցավ շեքի հատվածում, որն ի հայտ է գալիս անգամ ծննդաբերության ընթացքում պատռվածքների և կտրվածքների բացակայության դեպքում: Պատճառն այն է, որ ծննդաբերության ընթացքում հյուսվածքներն ուժգին ձգվում են: Սովորաբար ցավն այնքան էլ տևական չէ և անցնում է 2-3 օր հետո: Եթե պատռվածքներ և կտրվածքներ են եղել, ցավը կարող է երկրատև լինել (7-10 օր): Բացի այդ ստիպված կլինեք հոգ տանել կարերի մասին, իսկ մինչև դրանք հանելու պահը չի կարելի նստել:

Ծննդաբերությունից հետո հաճախ թութք է ի հայտ գալիս՝ հաստ աղիքի երակների վարիկոզ լայնացում, որը կարող է ցավ պատճառել: Ցավը մեղմելուն օգնում է մանրակրկիտ հիգիենան և ամենօրյա երեկոյան լոգանքը: Դեղորայք սովորաբար չի օգտագործվում, քանի որ ժամանակի ընթացքում բորբոքումը մեծ մասամբ անցնում է: Եթե չի անցնում, ապա պետք է դիմել բժշկի:

Հղիության ընթացքում առաջացած փորկապությունը կարող է զգալ տալ նաև հետծննդաբերական շրջանում: Պատճառը կարող է լինել շեքի կարերը վնասելու վախը: Այդ զգուշավորությունը, սակայն, արդարացված չէ և վախենալու ոչինչ չկա: Բացի այդ, դեֆեկացիայի՝ արտաթորման ժամանակ կարելի է անձեռոցիկով պահել կարերի հատվածը, ինչը կնվազեցնի հյուսվածքների ձգումը, և դեֆեկացիան համեմատաբար պակաս ցավոտ կլինի: Փորկապությունից խուսափելու համար պետք է ուտել սալոր և ծիրան, խմել հանքային ջուր: Եթե փորկապությունը չի կարգավորվում, կարող եք թուլացնող մոմիկներ օգտագործել, որոնք թույլատրված են կրծով կերակրման ժամանակ:

Ծննդաբերությունից հետո արգանդից մեծ քանակով արյան թանձրուկ է դուրս գալիս, որոնք արյունատար անոթների մնացուկներն են: Ուժեղ արտադրություն է դիտվում հատկապես առաջին օրերին, հետագայում քանակը նվազում է: 3 օր անց արտադրությունը դեղնաշագանակագույն է դառնում, իսկ 10-րդ օրվանից սկսած՝ դեղնասպիտակավուն, 5-6-րդ շաբաթների ընթացքում արտադրությունն ընդհանրապես դադարում է: Այդ շրջանում անհրաժեշտ է խստորեն պահել հիգիենայի կանոնները, քանի որ վարակը կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի բորոբոքման՝ էնդոմետրիտի և այլն:

Ամբողջ 9 ամիս կնոջ բոլոր օրգաններն աշխատել են, որպեսզի ապահովեն երեխայի բնականոն զարգացումը և ամուր առողջությունը: Այժմ նա ծնվել է և որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել: Կնոջ՝ որպես մոր գործառույթները, սակայն, դրանով չեն սահմանափակվում. դրանցից գլխավորը նորածնին կրծքով կերակրելն է: Մոր օրգանիզմում շարունակվում են հորմոնային վերափոխությունները, որի հետևանքով կաթնագեղձերում ևս էական փոփոխություններ են կատարվում և արդյունքում սկսում են կաթ արտադրել: Առաջին 2-3 օրերի ընթացքում կաթնախեժ է արտադրվում, իսկ 3-4-րդ օրը՝ անցումային կաթ, որն աստիճանաբար վերածվում է հասուն կաթի: Երեխայի կերակրումը և կաթնագեղձերի դատարկումը խթանում են կաթի արտադրությունը: Այդ պատճառով էլ կաթի ոչ բավարար քանակի դեպքում անհրաժեշտ է հաճախակի կերակրել կրծքով:

Այդուհանդերձ, բավականին հաճախ կանայք բախվում են հակառակ խնդրին՝ կաթի ավելորդ քանակություն և դժվար արտահոսք: Սա իր հերթին հանգեցնում է խցանման և կաթնագեղձերի արտահայտված կոշտացման: Արդյունքում կաթնագեղձերը կարծրանում են, ծավալով մեծանում և սկսում ցավել: Հնարավոր է նաև ջերմության բարձրացում: Ինչպե՞ս կանխարգելել դա:

Աաջին հերթին պետք է փորձել պարբերաբար կերակրել երեխային և ծննդաբերությունից հետո առաջին 3-4 օրերի ընթացքում սահմանափակել հեղուկի քանակը մինչև օրական 800մլ: Այսպիսի մոտեցման դեպքում կաթնագեղձերն աստիճանաբար կփափկեն և կոշտությունը կանհետանա: Բացի այդ պետք է իմանալ, որ ծննդաբերությունից հետո առաջին օրերի ընթացքում ծծակների մաշկը շատ նուրբ է լինում և հնարավոր է, որ ճաքեր առաջանան: Դա վտանգավոր է այնքանով, որ կարող է վարակի ներթափանցման հետևանքով հանգի մաստիտի: Այդ պատճառով էլ հարկավոր է լավ խնամել ծծակները և հարմարավետ կրծքկալ կրել: Որպեսզի ծծակների շրջանում ճաքեր չառաջանան, հարկավոր է ծննդաբերությունից հետո առաջին 2-3 օրերին երեխային կերակրել և՛ աջ, և՛ ձախ կրծքով: Սկզբում 5-7 րոպե կերակրեք մի կրծքով, այնուհետև մյուսով: Ճաքերի կանխարգելման համար գոյություն ունեն հատուկ քսուքներ, որը պետք է օգտագործել կերակրելուց հետո, իսկ մյուս անգամ կերակրելուց առաջ մանրակրկիտ լվանալ մնացուկները:

Ահա և բոլոր անախորժությունները, որոնք հեշտությամբ մոռացվում են և էական չեն թվում, երբ տարված եք նոր հոգսերով: Խորհուրդ ենք տալիս չմոռանալ ինքներդ ձեր մասին, պահպանել առողջությունը և միշտ հիշել, որ բացի հոգատար մորից դուք նաև ցանկալի կին եք ձեր ամուսնու համար: