Ինչպե՞ս հասկանալ, որ ձվազատում է սկսվելու

15.07.2014130962

Կարևոր է, որ կինն իմանա ձվազատման նախանշանները, հատկապես, եթե նա ցանկանում է հղիանալ, քանի որ բեղմնավորման հավանականությունը բարձր է հենց այն պահին, երբ ձվաբջիջը ձվարաններից դուրս է գալիս:

Որո՞նք են ձվազատման նախանշանները

Պտղաբեր օրերը հնարավոր է որոշել հետևյալ նախանշանների առկայությամբ.

  • Ցավ կամ ծակոց ձվարաններում (սակայն ոչ բոլորի մոտ կարող է այդպես լինել)
  • Արգանդի վզիկի լորձունքի փոփոխություն
  • Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն
  • Հորմոնների մակարդակի փոփոխություն 
  • Ձվազատմանը բնորոշ զգացումներ և այլն 

Ձվազատման համախտանիշ անվամբ են ընդհանուր առմամբ արտահայտվում ձվազատման նախանշանները: Այն ներառում է որովայնի ստորին հատվածի թույլ ծակոց կամ ցավ, որն զգացվում է դաշտանի սկսվելուց մոտավորապես 2 շաբաթ առաջ: Սովորաբար ցավը կարճ է տևում (մի քանի րոպեից մինչև 2 ժամ), սակայն որոշ կանայք կարող են ցավն զգալ մոտ 2 օր: Դեռևս պարզ չեն ձվազատման ցավի պատճառները: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել ձվարանի լորձաթաղանթի վնասմամբ, երբ ձվաբջիջը դուրս է գալիս այնտեղից:

Կարդացեք՝ Ձվազատման թեստ․ ինչպե՞ս կիրառել

Ձվազատման համախտանիշը կարող է լինել յուրաքանչյուր ամիս կամ էլ երբեմն: Կան մարդիկ, ովքեր իրենց ձվազատումն ընդհանրապես չեն զգում: Դա նույնպես համարվում է նորմա: Եթե առաջին անգամ եք սկսում ցավ զգալ, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որպեսզի համոզվեք, որ չկան լուրջ խնդիրներ:

Հեշտոցային արտադրության փոփոխությունները

Ձվազատման պահին մոտ շրջանում արտադրությունը թանձրանում է, դառնում սերուցքանման՝ սպիտակավուն կամ դեղնավուն երանգով: Ձվազատումից մի քանի օր առաջ և ընթացքում արտադրությունը թափանցիկ է, մածուցիկ և առաձիգ: Այդ շրջանում բեղմնավորման հավանականությունը շատ մեծ է: Ձվազատման ավարտից հետո արտադրությունը կրկին վերափոխվում է՝ դառնալով կպչուն կամ ընդհանրապես կորչում է մինչև հաջորդ պարբերաշրջան:

Երբ հեշտոցում նկատեք մածուցիկ, թափանցիկ հեղուկ, ապա իմացեք, որ շուտով ձվազատում է սկսվելու: Դրան նախորդող մի քանի օրերի ընթացքում և դրանից մինչև 3 օր հետո հնարավոր է հղիանալ: Անմիջապես դաշտանից հետո 7-8 օր կամ դրանից մի փոքր առաջ հղիանալու հավանականությունը շատ ցածր է:

Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն

Հիմքային ջերմաստիճանի փոփոխությունը ևս կարող է վկայել ձվազատման մասին: Հիմքային ջերմաստիճանն անհրաժեշտ է չափել առավոտյան՝ արթնանալուց հետո: Ձվազատման ընթացքում և նրանից անմիջապես հետո ջերմաստիճանը բարձրանում է:

Հիմքային ջերմաստիճանի չափման կանոնների, ձևի և անհատական գրաֆիկի կազմման մասին մանրամասները կարդացեք այստեղ:

Հորմոնների մակարդակի փոփոխություններ

Դաշտանային պարբերաշրջանի ընթացքում լյուտեինիզացնող հորմոնի աճն ազդանշանում է, որ ձվարաններն ազատեն ձվաբջջին: Ձվազատումը սովորաբար կատարվում է լյոտեինիզացնող հորմոնի առավելագույն բարձր ցուցանիշից մոտավորապես 12-24 ժամ հետո: Դեղատանը վաճառվում են տան պայմաններում ձվազատումը որոշելու հատուկ թեստեր և ընտրանիներ: Դրանց սկզբունքը հիմնված է մեզի մեջ լյուտեինիզացնող հորմոնի բարձրագույն մակարդակնը ֆիքսելու վրա: Այդ նպատակով պետք է թեստը պահել մեզի շիթի տակ կամ մի քանի վայրկյան դնել մեզով տարայի մեջ (կախված թեստի տեսակից): Այնուհետև պետք է գնահատել արդյունքը: Սովորաբար տան պայմաններում ձվազատումը որոշելու համար կիրառվող պարագաների ընտրանին ներառում է մի քանի թեստ, որոնք կբավականացնեն 5 կամ ավել օր թեստավորման համար: Ձվազատման թեստերը հարկավոր է անցկացնել դաշտանային պարբերաշրջանի կեսերին (դաշտանի սկսվելուց մինչև 2 շաբաթ առաջ):

Պտղաբեր օրեր են համարվում լյուտեինիզացնող հորմոնի բարձրացումից 3 օր առաջ և դրանից 1-2 օր հետո ընկած շրջանը: