Արդյո՞ք ուրեապլազման և միկոպլազման սեռավարակներ են

01.05.201412977

Հարց

Արդյո՞ք ուրեապլազման և միկոպլազման սեռավարակներ են: Կա՞ որևէ բուժում, թե՞ ոչ:

 

Պատասխան

Ուրեապլազման և միկոպլազման սեռավարակներ չեն, սակայն փոխանցվում են սեռական ճանապարհով: Այդ միկրոբները նորմայում առկա են կնոջ օրգանիզմում և երբ դիմադրողականությունն ընկնում է կամ գումարվում է բորբոքային պրոցեսը, այն գլուխ է բարձրացնում ու հայտնաբերվում անալիզի միջոցով:

Ուրեապլազման և միկոպլազման յուրահատուկ ախտանշաններ չունեն. շատ դեպքերում հնարավոր է, որ այդ միկրոբները պատահականորեն հայտնաբերվեն պրոֆիլակտիկ զննման ժամանակ: Որոշ դեպքերում հիվանդը կարող է ունենալ հետևյալ գանգատները՝ սեռական ուղիներից տհաճ հոտով արտադրության առկայություն, ցավեր որովայնի ստորին շրջանում և այլն: Այս ախտանշաններն ավելի են սրվում, երբ կա հարակից այլ ինֆեկեկցիա:

Երբեմն ուրեապլազման և միկոպլազման կարող են հանգեցնել վագինիտի՝ հեշտոցի բորբոքման, կամ էկտոէնդոցերվիցիտի` արգանդի վզիկի բորբոքման: Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ ուրեապլազման և միկոպլազման կարող են դառնալ, անպտղության վիժման կամ վաղաժամ ծննդաբերության պատճառ: Ախտորոշումը հիմնականում կատարվում է պոլիմերազ շղթայական ռեակցիայի (ПЦР) մեթոդով և հատուկ սննդարար միջավայրի վրա ցանքսի միջոցով, որը թույլ է տալիս նաև որոշել անտիբիոտիկների հանդեպ զգայունությունը:

Ուրեապլազմայի և միկոպլազմայի բուժման հարցում պետք է միշտ ուշադրություն դարձնել նաև կողմնակի հիվանդություններին և բորբոքային պրոցեսներին: Քանի որ օրգանիզմում ամեն բան փոխկապակցված է, հարակից ինֆեկցիայի կամ հեշտոցի բորբոքման առկայության դեպքում նախ պետք է բուժել դրանք, ապա նոր միայն անցնել ուրեապլազմայի բուժմանը: Բուժումը կոմպլեքսային է, անտիբիոտիկների, դիմադրողականությունը բարձրացնող և այլ դեղերի կիրառմամբ և հիմնականում տևում է 10-14 օր: Լինում են դեպքեր, երբ պահանջվում է բուժման կրկնակի, նույնիսկ եռակի կուրս: Դա պայմանավորված է տվյալ անձի օրգանիզմի առանձնահատկություններով, իմունային համակարգով և այլ գործոններով:

 

Հարցին պատասխանվել է blognews.am կայքում: