Զույգե՞ր, թե՞ երկվորյակներ. ո՞րն է տարբերությունը

24.04.201422500

Պատահում է այնպես, որ միևնույն մորից միաժամանակ լույս աշխարհ են գալիս երկու կամ ավել երեխաներ, որոնք լինում են կամ երկվորյակներ, կամ զույգեր: Ո՞րն է տարբերությունը: Ինչո՞վ են զույգերը տարբերվում երկվորյակներից:

Նախ նշենք, որ բժիշկները չեն կիրառում «զույգ» հասկացությունը: Տարբերում են միաձվանի (մոնոզիգոտ, հոմոզիգոտ) կամ երկձվանի (դիզիգոտ, հետերոզիգոտ) երկվորյակներ, որոնք առաջանում են երկու կամ ավել բեղմնավորված ձվաբջիջներից, առանձին սպերմատոզոիդներից: Հենց վերջիններիս էլ ժողովուրդն անվանում է զույգեր:

Միաձվանի երկվորյակները նման են, ինչպես ջրի երկու կաթիլ: Պատճառն այն է, որ երկվորյակները զարգանում են մեկ ձվաբջջից, որը բեղմնավորվել է մեկ սպերմատոզոիդից: Այդ ձվաբջիջը բեղմնավորումից հետո տրոհվում է երկու էմբրիոնի: Այս տիպի երկվորյակները միասեռ են լինում, քանի որ ունեն քրոմոսոմների նույն հավաքակազմը: Միաձվանի երկվորյակների ծնունդը պլանավորելն անհնար է:

Բեղմնավորումից հետո բեղմնավորված պտղաձվի տրոհման բնույթը բացահայտված չէ, մեծ դեր է խաղում ժառանգականությունը: Եթե ձեր կամ ձեր ամուսնու ազգականների մեջ եղել են միաձվանի երկվորյակներ, ապա երկվորյակ ունենալու հավանականությունը մեծանում է, սակայն ակտիվորեն ազդել այդ գործընթացի վրա հնարավոր չէ:

Զույգերը երկձվանի երկվորյակներն են: Նրանք ի սկզբանէ ձևավորվում են երկու տարբեր սպերմատոզոիդներից բեղմնավորված երկու տարբեր ձվաբջիջներից: Նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական քրոմոսոմային հավաքակազմ: Կարող են լինել ինչպես միասեռ, այնպես էլ տարբեր սեռի և նման են, ինչպես տարբեր ժամկետներում ծնված սովորական քույրերն ու եղբայրները: