Հղիության 40-րդ շաբաթ

25.02.201440198

Ծննդաբերությունը ժամառժամ կարող է սկսվել։ Չնայած որ բնությունն ինքն է սահմանում ժամկետը և հնարավոր է, որ այն չհամընկնի ձեր հաշվարկներին։

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 50-54սմ է, մարմնի զանգվածը`3000-4500գր: Ենթամաշկի ճարպի կուտակման հետևանքով մարմնի ուրվագծերն ավելի կլորավուն են, կուրծքն արտափքված է: Մաշկը բաց վարդագույն է, պահպանվում են միայն պանրանման քսուքի մնացորդները:

Աղվամազերը գրեթե բացակայում են: Գլխի մազերի երկարությունը հասնում է 2 սմ-ի: Ձեռքերի և ոտքերի մատների եղունգները հասնում են մինչև մատների ծայրերը: Քթի և ականջի աճառներն առաձգական են:

Գանգը բավականաչափ պինդ չէ, քանի որ 5 ոսկրաթիթեղները տարանջատված են գաղտուններով և կարող են տեղաշարժվել ծննդաբերության ժամանակ` նպաստելով գլխի ձևի փոփոխությանը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի պտուղն ավելի հեշտ և առանց ուղեղը վնասելու ծնվի:

Ծննդաբերության պահին երազներ տեսնելու փուլն աստիճանաբար կրճատվում է մինչև քնի ամբողջ տևողության 50%-ը: Պտուղը լիովին համապատասխանում է երեխայի կազմաբանական կարգավիճակին:

Երկրորդ ծննդաբերություն

Երկրորդ ծննդաբերությունը տարբերվում է առաջինից, սակայն դժվար է ասել, թե որքան կտևի։ Արգանդի պարանոցն ավելի արագ է բացվում, քանի որ օրգանիզմը մեկ անգամ արդեն անցել է այդ ճանապարհով։

Կարդացեք՝ Ինչպես շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար

Ամենակարևոր պահը

Սպասելով ծննդաբերությանը՝ փորձեք հանգստություն պահպանել, ամեն մի մանրուքի պատճառով չնյարդայնանալ։ Կիրառեք ռելաքսացիայի և ճիշտ շնչառության մեթոդները։ Ձեր օրգանիզմը երկար ժամանակ պատրաստվել է այդ պահին։

Կարդացեք՝ Ինչպես վարվել ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության ընթացքում ուշադիր լսեք բժիշկների հրահանգները և կատարեք, քանի որ այդ հանգամանքը որոշիչ դեր է խաղում բարդություններից խուսափելու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու հարցում։

Դուք մեծ և դժվար ճանապարհ եք անցել, հաղթահարել եք ընթացիկ դժվարությունները։ Ձեր պարգևը երեխան է։ Նոր մարդ, նոր շարունակություն։ Շնորհավորում ենք։