Պտղի հետույքային առաջադրություն

15.11.20191947

Հղիության ամբողջ ընթացքում պտուղը կարողանում է ժամանակ առ ժամանակ փոխել իր դիրքը։ 34-րդ շաբաթում պտուղը հիմնականում լինում է գլխային առաջադրությամբ, ինչը բնական է և ավելի ապահով ծննդաբերության համար։ Լինում են, սակայն, դեպքեր, երբ երեխան հետույքային դիրք է զբաղեցնում արգանդում։

Պատճառները

Բուն պատճառներն առ այսօր պարզ չեն։ Երբեմն հետույքային առաջադրությունը կապում են հետևյալ երևույթների հետ՝

  • վաղաժամ ծննդաբերություն, 
  • բազմապտուղ հղիություն, 
  • պտղի զարգացման արատներ, 
  • գերջրություն կամ սակավաջրություն, 
  • արգանդի հետ կապված խնդիրներ և այլն։ 

Ախտանշանները

Հատուկ ախտանշաններ չկան։ Դժվար է որևէ նշանով զգալ, որ պտուղը հետույքային առաջադությամբ է։ Հնարավոր է, որ կինն սկսի փոքրիկի հարվածներից կասկածել, որ նրա ոտքերը որովայնի ներքևի մասում են, իսկ գլուխը՝ վերևում։ Այդ դեպքում պետք է դիմի իր մանկաբարձ-գինեկոլոգին։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է զննմամբ․ բժիշկը զննում է որովայնի վերին և ստորին հատվածները, ինչպես նաև արգանդի պարանոցը, իսկ ամենահստակ պատկերը տալիս է ուլտրաձայնային հետազոտությունը։

Բուժումը

Մանկաբարձական չբարդացած իրավիճակի դեպքում, երբ երեխայի ու մոր վիճակը լավ է, կոնքի և պտղի չափը համապատասխան են, մոր օրգանիզմը կենսաբանորեն պատրաստ է ծննդաբերությանը և այլն, հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով։ Այդուհանդերձ, բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատմամբ:

Բարդությունների դեպքում ծննդկանը հոսպիտաացվում է և անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում պտուղընկերքային անբավարարությունն ու ախտաբանական այլ վիճակների առաջացումը կանխելու նպատակով։