Արգանդի պարանոցի բացվածքի բուժավորում
Արգանդի պարանոցի բացվածքի (ցերվիկալ կանալ) նեղացման պատճառները տարաբնույթ են։ Ամենատարածվածն արգանդի պարանոցի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություններն են, ծննդաբերության կամ բուժախտորոշիչ միջամտությունների ընթացքում ստացած վնասվածքները, տարիքային փոփոխությունները և այլն։
Խնդիրը հանգեցնում է ծանրության տարբեր աստիճանի բարդությունների, օրինակ՝ ամենորեայի, անպտղության և այլն։ Եթե ախտորոշվել է արգանդի պարանոցի բացվածքի նեղացում կամ ցերվիկալ խողովակակը փակվել է, պետք է դիմել բժշկի. խնդիրը լուծվում է մի պարզ միջամտության՝ բուժավորման օգնությամբ։
Ցուցումները
Վիրաբուժական միջամտության հիմնական ցուցումներն են՝
- արգանդի պարանոցի բացվածքի նեղացում,
- արգանդի պարանոցի բացվածքի ատրեզիա,
- արգանդի պարանոցի բացվածքի բնածին կամ ձեռքբերովի փոփոխություններ։
Միջամտությունից առաջ կատարվում են մի շարք հետազոտություններ, ինչպես լաբորատոր (արյան և մեզի ընդհանուր հետազոտություն և այլն), այնպես էլ գործիքային (էլեկտրասրտագրություն, ֆլյուորոգրաֆիա և այլն)։
Միջամտությունը ենթադրում է հատուկ բժշկական գործիքի՝ բուժի օգտագործում, որը մտցվում է արգանդի պարանոցի բացվածքի մեջ և աստիճանաբար լայնացվում՝ լայնացնելով նաև բացվածքը։ Սովորաբար միջամտությունը տևում է 30 րոպե և անցկացվում է ամբուլատոր պայմաններում։
Վերականգնումը
Միջամտությունից ժամեր անց բուժառուն կարող է հեռանալ կլինիկայից։ Վերականգնման ժամանակահատվածը մոտ տասն օր է, որի ընթացքում հարկավոր է ընդունել բժշկի նշանակած դեղորայքը, սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական կյանքը։ Լորձաթաղանթի լիարժեք ապաքինումից հետո հնարավոր է վերադառնալ առօրյա կյանքին։