Արգանդի զարկերակների էմբոլիզացիա

06.08.2019392

Արգանդի միոման գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Բուժման բացակայությունը, խնդիրը բարձիթողի վիճակի մատնելը կարող է հանգեցնել արգանդային արյունահոսության և սակավարյունության զարգացման, անպտղության, գոյացության ակտիվ աճի և արդյունքում արգանդի հեռացման։ Արգանդի զարկերակների էմբոլիզացիան արգանդի միոմայի բուժման արդյունավետ և ապահով մեթոդներից մեկն է։

Ցուցումները

Արգանդի զարկերակների էմբոլիզացիան կատարվում է հետևյալ դեպքերում՝

  • միոմայի արագընթաց աճ, 
  • բազմակի միոմաներ, 
  • օրգանը պահպանելու ցանկություն, 
  • հակացուցումների բացակայություն, 
  • միոմայի ռեցիդիվներ։ 

Նախապատրաստում միջամտությանը

Միջամտությունից առաջ բուժառուն ստանում է գինեկոլոգի խոհրդատվություն և մի շարք հետազոտություններ կատարում՝ արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, հորմոնային ֆոնի հետազոտություն, կոագուլոգրամա, վարակների հայտնաբերման հետազոտություն։ Կատարվում է նաև փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ և մի շարք այլ հետազոտություններ՝ ըստ ցուցման։

Առավելությունները և առանձնահատկությունները

  • Ստացիոնարում անցկացնելու ժամանակահատվածը՝ առավելագույնը երկու օր։ Բուժառուն սովորաբար դուրս է գրվում հիվանդանոցից միջամտության հաջորդ օրը։ 
  • Հետվիրահատական բարդությունների առաջացման ռիդկը շատ փոքր է․ մի քանիօր անց հնարավոր է վերադառնալ առօրյա կյանքին։ 
  • Միջամտությունից հետո սպի չի մնում։ 
  • Արգանդի զարկերակների էմբոլիզացիան հետագա երկարատև հորմոնային թերապիա չի պահանջում։ 

Վերականգնումը

Վերականգման շրջանը կարճատև է։ Խորհուրդ է տրվում միջամտությունից հետո առաջին 7-8 ժամն անցկացնել անկողնում։ Դուրսգրումից հետո համապատասխան դեղորայք է նշանակվում՝ ըստ անհրաժեշտության։ Հնարավոր է, որ ջերմության բարձրացում և որովայնի ստորին հատվածի ցավ դիտվի։