Արտաքին սեռական էնդոմետրիոզի կոագուլյացիա

01.08.2019492

Արտաքին սեռական էնդոմետրիոզը էնդոմետրիումի բջիջների տարածումն է հեշտոցում, արգանդի պարանոցի վրա, արտաքին սեռական օրգանների, արգանդափողերի և ձվարանների վրա։ Խնդրի մասին խոսել ենք ստորև ներկայացված հոդվածում։

Կարդացեք՝ Արտաքին սեռական էնդոմետրիոզ

Լապարասկոպիայի կամ կոլպոսկոպիայի ընթացքում կատարվող կոագուլյացիան բուժման ամենաարդյունավետ և առավելագույնս խնայող մեթոդ է։ Օգնում է ազատվել կոնքի ցավից, սեռական ակտի և կղազատման ընթացքում զգացվող ցավից, դաշտանի երկարատև արյունահոսությունից և անպտղությունից։

Ցուցումները

Հիմնական ցուցումներն են՝

  • էնդոմետրիոզի հատուկենտ օջախներ, 
  • ցանկացած լոկալիզացիայի արտաքին սեռական էնդոմետրիոզ, 
  • կպումներ։ 

Հիվանդությունն ընթանում է հետևյալ ախտանշաններով՝

  • առատ ու երկարատև դաշտան, 
  • կոնքի ցավ, որն ուժգնանում է դաշտանի ընթացքում, 
  • անպտղություն։ 

Միջամտության մասին

Նախքան միջամտությունը կինը որոշակի պարտադիր հետազոտություններ է անցնում։ Միջամտությունը կատարվում է դաշտանի ցիկլի առաջին կեսին, երբ էնդոմետրիոիդ օջախները տեսանելի են և փոքր է այլ տեղերում դրանց իմպլանտացիայի վտանգը։

Ցավազրկման մեթոդի ընտրությունը կախված է միջամտության ծավալից։ Կիրառվում է ընդհանուր անզգայացումը։ Արգանդի պարանոցի վրա տեղակայման դեպքում կիրառվում է ռադիոալիքային մեթոդը։ Լապարոսկոպիայի կարիք չի լինում։ Միջամտությունը կատարվում է կոլպոսկոպիայի վերահսկմամբ։

Վերականգնումը

Սովորաբար հնարավոր է լինում մի քանի ժամ անց վեր կենալ անկողնուց։ Եթե միջամտության ծավալը մեծ է լինում և կան ուղեկցող հիվանդություններ, հնարավոր է, որ ստացիոնարում 1-2 օր մնալու անրաժեշտություն զգացվի։ Մինչև մեկ շաբաթ տևողությամբ հնարավոր է ցավ զգացվի, որը հնարավոր է վերացնել ոչ ստերոիդային դեղորայքով։

Միջամտությունից հետո երկու շաբաթ պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնածություն։ Լիարժեք վերականգնումը կարող է խլել մոտ մեկ ամիս։ Հերթական դաշտանի ընթացքում կինն արդեն իսկ փոփոխություն է զգում․ ցավը վերացած է լինում, պակասում է արյունը և կարգավորվում է սեռական կյանքը։