Չեմ ուզում, բայց սիրով եմ զբաղվում, որպեսզի․․․

30.07.20199452

Շատ պատճառներ կան, որոնք դրդում են սիրով զբաղվել, ընդ որում՝ առանց առանձնահատուկ ցանկության։

․․․հաշտվենք ակողնում

Երբեմն վիճած մնալու վախը դրդում է սեքսի, որովհետև ձգտում ենք մտերմության հասնել առանց բառերի, ապացուցել ինքներս մեզ, որ անուղղելի ոչինչ էլ չի պատահել։ Ագրեսիվությունը, որը չի արտահայտվում վեճի ժամանակ, հեշտությամբ կարող է վերափոխվել սեռական էներգիայի։ Այդ ճանապարհով հաշտվելը նորմալ է, բայց եթե մշտական բնույթ չի կրում։

Կատարյալ կլինի, եթե անկողնում հաշտվելուց առաջ արտահայտեք ձեր բոլոր հույզերն ու ասելիքները հանգիստ ձևով, այնպես, որ յուրաքանչյուրդ կարողանա մեղմել ինքնասիրությանը հասցրած վիրավորանքը։

․․․ հաճույք պատճառեմ ամուսնուս (զուգընկերոջս)

Այդ տարբերակն էլ է ընդունելի, մանավանդ որ ոչ միշտ է ցանկությունը միաժամանակ ծագում։ Խնդիրն այն դեպքում է, երբ երկուսի հարաբերությունը կառուցված է ուժի, ենթարկեցնելու վրա։ Երբ ուրիշին հաճույք պատճառելու մոտիվը սեռական հարաբերության միակ շարժիչ ուժն է լինում, հարաբերությունը վերածվում է զոհաբերության, ցավոտ երևույթի, բայց միևնույն ժամանակ հարմար է այդպես․ թույլ է տալիս շրջանցել ցանկության բացակայության հարցը։

 

Ուրիշին հաճույք նվիրելն օգտակար է միայն այն դեպքում, երբ մենք ինքներս ենք դրանից հաճույք և բավարարվածություն զգում։


․․․ դավաճանությունից հետո մեղավոր չզգամ

Այդ դասական տարբերակը բնորոշ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։ Դրանով ապացուցում ենք ինքներս մեզ, որ դավաճանությունն «իսկական» չի եղել, որովհետև սեռական հակում ենք զգում մեր իսկական զուգընկերոջ հանդեպ։ Երբ նրա հետ մտերմության հաճույքը վերադառում է, մեղավորության զգացումն անհետանում է։

Ավելին՝ ցանկությունը հաճախ սնվում է արգելքը խախտելու գիտակցվածությամբ, որը հարաբերություններում հետաքրքրքրություն ու սրություն է ավելացնում, իսկ դավաճանությունը դառնում է սեռական կյանքի մասերից մեկը։ Եթե կապը հիմնված է լինում հավատարմության վրա, մեղավորության ծանրությունը կարող է իշխել դավաճանության առաջացրած ցանկությանը։ Եթե պարտքի զգացումն է մոտիվացիա դառնում, վաղ թե ուշ կրկին խնդիրներ են առաջանալու ցանկության հետ կապված։

․․․ կողքիս պահեմ նրան

Այդ մոտիվի հիմքում վախն է, որը հաճախ դիտվում է կանանց դեպքում։ Դրա մասին են վկայում տղամարդուն պահելու այն հազար ու մի մեթոդների գրքերը, որոնք այսօր առաջարկվում են։ Ցավոք, եթե հնարավոր լինել դրանց հետևելով կանխել դավաճանությունը, ապա այդ գրքերը ցանկացած ընտանիքում իրենց հատուկ տեղը կունենային։

Ինչպես գիտենք, լավագույն աֆրոդիզիակը ցանկությունն է։ Սեռական հարաբերության որակը քանակով չի որոշվում։ Օրական երկու անգամ սեքսը չի երաշխավորում ոչ սեռական բավարարվածությունը, ոչ է ամուսնու հավատարմությունը։

 

Հիշեք՝ եթե տրվում եք նրան ձեր կողքին պահելու համար, ապա կարող եք և կորցնել ինքներդ ձեզ։


․․․ուղղակի լիցքաթափվեմ

Սեքսը նաև լարվածությունը թուլացնելու և հանգստանալու միջոց է։ Խնդիրն այն դեպքում է, երբ մեկը մյուսի մարմինն օգտագործում է միայն սեփական հաճույքի ու լիցքաթափվելու համար։ Մտերմությունը, մերսումը, շոյանքները, անգամ միմյանց գրկելով քնելը կարող է հաճելի լինել առանց մյուսի հետ որպես օբյեկտի վարվելու։