Ընկերքի վաղաժամ հասունացում

29.06.2019676

Ընկերքի վաղաժամ հասունացումը կլինիկորեն չի դրսևորվում, ախտորոշվում է միայն պլանային սկրինինգի ընթացքում։ Պաթոլոգիայի առաջացմանը նպաստում են շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնները, հղի կնոջ վնասակար սովորությունները (ծխախոտ, ալկոհոլ, հոգեակտիվ նյութերի օգտագործում և այլն)։

Խանգարումը հաճախ ի հայտ է գալիս այն կանանց դեպքում, որոնք չափազանց նիհար են կամ գեր, նստակյաց և անառողջ ապրելակերպ են վարում։

Հիմնական պատճառներն են՝

  • այլ օրգանների հիվանդություններ՝ երիկամների հիվանդություններ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ և այլն, 
  • վերարտադրողական օրգանների քրոնիկ հիվանդություններ, 
  • գեստոզներ, 
  • վարակիչ հիվանդություններ, 
  • պտղի և մոր իզոսերոլոգիական անհամատեղելիություն և այլն։ 

Ախտանշանները

Ընկերքի վաղաժամ հասունացումը կլինիկորեն չի արտահայտվում և հայտնաբերվում է միայն գործիքային հետազոտության ընթացքում։ Սուր հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների սրման կամ հղիության բարդությունների բացակայության դեպքում սովորաբար որևէ գանգատ չի լինում։

Ընկերքային զգալի անբավարարության դեպքում, որն ի հայտ է եկել ընկերքի վաղաժամ հասունացման պատճառով, հնարավոր է՝ պտղի ակտիվության փոփոխություն դիտվի՝ շարժումների ինտենսիվության հաճախակիացում։

Ախտորոշում

Ախտորոշումն իրականացվում է պտղի, արգանդի և ընկերքի ՈւՁՀ-ի և արգանդաընկերքային արյան հոսքի դոպլերամետրիայի միջոցով։ Հաշվի առնելով պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարության առաջացման վտանգը՝ անհրաժեշտ է վերահսկել պտղի վիճակը ֆետոմետրիայի և ԿՏԳ-ի միջոցով։

Բուժումը

Հղիության վարման հիմնական խնդիրը պաթոլոգիան առաջացրած խանգարումների շտկումն է, արգանդընկերքային արյան հոսքի կարգավորումը, ծննդալուծման լավագույն մեթոդի և ժամկետի որոշումը։ Նախածննդաբերական շրջանում հղիության վարումը կախված է այն ժամկետից, երբ հայտնաբերվել է ընկերքի վաղաժամ հասունացումը։

Ընկերքի վաղաժամ հասունացման ախտորոշման ժամկետից անկախ բուժվում է հիմնական հիվանդությունը՝ հակաբիոտիկների, հորմոնային թերապիայի, սրտանոթային համակարգի վրա ազդող և այլ դեղամիջոցների օգտագործմամբ։ Զուգահեռ նշանակվում է նաև պտղի արյան հոսքը լավացնող դեղամիջոցներ:

Դեղորայքային բուժումը լրացվում է ոչ դեղորայքային մեթոդներով՝ շարժողական ռացիոնալ ակտիվություն, սննդակարգի շտկում, քնի և հանգստի ռեժիմի կարգավորում։