Սթրեսի 3 տեսակ․ ինչպե՞ս հաղթահարել

03.06.20191531

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ հիվանդությունների հիմքում ընկած է մշտական սթրեսը։ Երբ սթրես առաջացնող խնդրի ենք բախվում, հարկավոր է վերլուծել այն և հասկանալ որքանով է խնդրի լուծումը կախված մեզնից (լիովին, մասամբ կամ ընդհանրապես կախված չէ մեզնից): Ահա խնդրի երեք հիմնական տեսակ, որոնք սթրես են առաջացնում։

1. Խնդրային իրավիճակ, որում կարող եք որևէ բան փոխել

Այդպիսի իրավիճակները կառավարելի են, մնում է միայն ստեղծագործաբար մոտենալ հարցին և լուծում գտնել։ Միայն ձեզնից է կախված կկարողանա՞ք ազատվել մշտապես հետապնդող սթրեսից, թե ոչ։

Հնարավոր է, որ դրա համար պահանջվի անձնական սահմանները հստակեցնել, վերաբերմունքը փոխել, շրջապատը փոխել, կոնկրետ պլան մշակել (օրինակ՝ ֆինանսական) և այլն։ Օրինակ՝ կարող եք որոշել և դուրս գալ աշխատանքից, եթե այն սթրեսային է։ Ցանկացած դեպքում պետք է հասկանալ, որ վիճակը չի բարելավվի, եթե շարունակեք զոհի կարգավիճակում մնալ և չսկսեք ակտիվորեն լուծել խնդիրը։

2. Խնդիրներ, որոնք պետք է ընդունել որպես իրողություն

Խոսքն սթրեսի այն աղբյուրների մասին է, որոնց վրա հնարավոր չէ ազդել, օրինակ՝ անբուժելի հիվանդությունները, դժբախտ պատահարները, կենցաղային պայմանները կամ տնտեսական հանգամանքները, որոնք այս պահին չեք կարող փոխել։

Այդ տեսակ սթրեսը հաղթահարելու համար պետք է սովորեք այլ կերպ նայել խնդրին։ Ամրացրեք ձեր ռեսուրսները՝ սոցիալական, ֆիզիկական, հոգեբանական։ Պետք է միշտ այն միտքն արթուն պահեք, որ դուք տվյալ պահին իրավիճակն ընդունում եք ինչպես որ այն կա և չեք փորձում այն փոխել։ Ուժը վատնելով մի բանի համար, որը չենք կարող փոխել, դառնում ենք ավելի անհանգիստ ու չարանում ենք։ Այդ խանգարում է մտածել, այլընտրանքային տարբերակներ գտնել ու ուրախանալ կյանքով։

3. Խնդիրներ, որոնցից պետք է խուսափել

Օրինակ, եթե չեք սիրում մարդաշատ վայրեր, գնացեք համեմատաբար հանգիստ վայրեր կամ գնումներն արեք այն ժամերին, երբ խանութներում մարդիկ քիչ են։ Եթե ժամանակը չի հերիքում, հրաժարվեք հավելյալ պարտականություններից։ Ֆինանսական դժվարությունների դեպքում քիչ գնացեք ռեստորաններ ու սրճարաններ, փոխարենն ընկերների հետ հանդիպեք բնության գրկում կամ հյուրընկալեք տանը։

Գիտակցբար խուսափեք այն իրավճակներից, որոնք սթրես են առաջացնում։ Սթրեսին դիմակայելու կարողությունը շատ կարևոր է, կենսական հմտություն է, որը պետք է զարգացնել, փոխել մտածողության արդեն անարդյունավետ դարձած ձևերը, որոնք թույլ չեն տալիս լիովին բացահայտել ներուժը։