Ինչպե՞ս ճիշտ պլանավորել հղիությունը

19.04.20192498

Հղիության պլանավորումն առողջ հղիություն և առողջ երեխա ունենալու երաշխիքն է։ Կնոջ օրգանիզմը հղիության, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում ծանրաբեռնվում է․ սիրտը, լյարդն ու երիկամները կրկնակի ուժով են աշխատում։ Ծանրաբեռնվում են նաև էնդոկրին, իմունային և նյարդային համակարգերը։ Այդ պատճառով էլ օրգանիզմն անհրաժեշտ է նախապատրաստել հղիությանը բեղմնավորումից դեռևս 3-4 ամիս առաջ։

Հարկավոր է դիմել հետևյալ մասնագետներին՝

  • գինեկոլոգ, 
  • թերապևտ,
  • ստոմատոլոգ, 
  • նյարդաբան, 
  • օտոլարինգոլոգ, 
  • օկուլիստ, 
  • հոգեբան։ 

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է, որ կնոջն ուղղորդեն այլ մասնագետների խորհրդատվության, եթե կա խնդիր։

Հետազոտություններ

Հղիության պլանավորման կարևոր փուլերից մեկը հետազոտությունների անցկացումն է, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել խնդիրը և նախքան հղիությունը բուժել այն։

Այդ հիմնական հետազոտություններից են՝

  • արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, 
  • մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • սեռավարակների հայտնաբերման համար քսուքի հետազոտություն, 
  • կոագուլոգրամա, 
  • կոլպոսկոպիա, 
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ և այլն։ 

Որևէ հիվանդության կամ խանգարման հայտնաբերման դեպքում հնարավոր է, որ բժիշկը հավելյալ հետազոտություններ նշանակի։ Եթե հետազոտությունների արդյունքում որևէ խնդիր չի հայտնաբերվում և օգանիզմը պատրաստ է լինում բեղմնավորմանը, խորհուրդ է տրվում՝

  • չծխել կամ գոնե նվազեցնել ծխախոտի քանակը, կամ ավելի թույլ տեսակ ընտրել, 
  • առանց բժշկի նշանակման չօգտագործել դեղեր, 
  • չչարաշահել սուրճը, 
  • հրաժարվել ալկոհոլից և թմրանյութերից, 
  • չօգտվել շոգեբաղնիքից և շատ տաք լոգանքից, 
  • առողջարար սնունդ ուտել, հատկապես բանջարեղեն և մրգեր, 
  • հատուկ վիտամիններ և ֆոլաթթու օգտագործել՝ բժշկի նշանակմամբ։ 

Առողջ զույգին հղիության համար պահանջվում է 3 ամսից մինչև մեկ տարի, սակայն եթե կանոնավոր սեռական կյանքի դեպքում հղիությւոն չի գրանցվում, պետք է դիմել բժշկի։