Ինչպե՞ս խուսափել ինտիմ հատվածների խնդիրներից

07.02.20192964

Թվում է, թե առօրյա կյանքում բոլորս էլ քաջ ծանոթ ենք անձնական հիգիենայի կանոններին և պահպանում ենք դրանք։ Այնինչ կան բազմաթիվ նրբություններ, որոնք անտեսում ենք՝ համարելով, որ խնդիրը կշրջանցի մեզ։ Անձնական հիգիենայի պահպանման հարցում սխալները կարող են լուրջ հետևանքներ ունենալ՝ ազդելով կյանքի որակի վրա։

Ներկայացնում ենք պարզ կանոններ, որոնց հետևելով՝ կնպաստեք հեշտոցի առողջությանը և կկանխեք տարատեսակ հիվանդությունների առաջացումը։

1. Սովորական կոսմետիկ օճառը մի օգտագործեք որպես ինտիմ հատվածների լվացման միջոց։ Լոգանքի սովորական գելը կամ օճառը նպաստում են հեշտոցի բնական միջավայրի թթվայնության նվազեցմանը։ Հիմնային pH-ը նպաստավոր պայմաններ է ստեղծում ախտածին բակտերիաների և սնկերի զարգացման համար՝ հանգեցնելով բակտերիալ վագինոզի և կանդիդոզի։

2. Խուսափեք ալերգեններից։ Ամենատարածված ալերգենները հոտավետ նյութերն ու գունանյութերն են, որոնք պարունակվում են հիգիենիկ միջադիրների, տամպոնների և զուգարանի թղթի մեջ։ Այդ պատճառով ավելի լավ է հրաժարվել գեղեցիկ և հոտավետ թղթից և ընտրել անգույնն ու անհոտը, նույնը վերաբերում է նաև միջադիրներին, ինտիմ հատվածների համար նախատեսված խոնավ անձեռոցիկներին։

3. Ամենօրյա միջադիրներն ու տամպոնները պետք է փոխել յուրաքանչյուր չորս ժամը մեկ, քանի որ այն ամենը, ինչ դրանք ներծծել են, հրաշալի միջավայր են ապահովում ախտածին մանրէների բազմացման համար։ Որքան երկար է օգտագործվել միջադիրը, այնքան մեծ է բորբոքման հավանականությունը։

4. Մի օգտագործեք պարաբեններ պարունակող ինտիմ կոսմետիկայի միջոցներ։ Պարաբեններն այսօր կոսմետիկայում օգտագործվող ամենատարածված կոնսերվանտներն են։ Դրանց շարքին է դասվում մեթիլպարաբենը, պրոպիլպարաբենը, էթիլպարաբենը և բուտիլպարաբենը։ Վերջին տարիներին պարաբենների հետ են կապում օնկոլոգիական մի շարք հիվանդություններ։

5. Երկարատև մի կրեք «չշնչող», ձիգ ներքնաշոր։ Եթե ներքնաշորը նեղ է, թույլ չի տալիս, որ մաշկը շնչի և խաթարում է արյան շրջանառությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով անաէրոբ միկրոօրգանիզմների համար։

6. Չափից շատ չորության և անհարմարության դեմն առեք հատուկ ինտիմ գելերի միջոցով։ Վերջիններս կարող են պաշտպանել լողավազանում կամ ջրամբարում լողալիս։ Պետք է այն քսել լողալուց անմիջապես առաջ։ Անտիսեպտիկ հավելանյութերը (օրինակ՝ թեյի ծառի ձեթը) կկանխեն ախտածին բակտերիաների գործունեությունը։

Խորհուրդ է տրվում նաև լուբրիկանտ օգտագործել սիրով զբաղվելու դեպքում, քանի որ այն փափկացնում է, խոնավացնում և հանգստացնում հեշտոցի լորձաթաղանթը։