Արգանդի հավելումների բորբոքում․ թյուր պատկերացումներ

23.01.20191037

Արգանդի հավելումների բորբոքում, ադնեքսիտ, սալպինգոօֆորիտ․ բոլորը միևնույն հիվանդության անվանումներն են։ Այն կարող է պարբերաբար անհանգստացնել սուր ցավով, հանգեցնել դաշտանային ցիկլի խախտման, անպտղության և այլ խնդիրների։

Շատերի կարծիքով ձվարանների և արգանդափողերի բորբոքման գլխավոր պատճառը մրսածությունն է, սակայն ամենևին էլ այդպես չէ։ Գլխավոր պատճառը վարակներն են, որոնք կարող են այդ օրգաններ ներթափանցել արյան հոսքով, ավշի միջոցով, ստամոքսաղիքային տրակտից և հեշտոցից։

Իհարկե, խոնավ ու ցուրտ եղանակը, հարբուխը թուլացնում են իմունիտետը և կարող են նպաստել հիվանդության զարգացմանը, սակայն գլխավոր պատճառը կարող է լինել օրինակ սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը, հետևաբար՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելը։ Գոնոկոկները, քլամիդիաները, տրիխոմոնադները և այլ վարակները, ներխուժելով օրգանիզմ, ժամանակի ընթացքում կարող են ադնեքսիտ առաջացնել։

Ճիտ է և ճիշտ չէ

1. «Հավելումների բորբոքումից հնարավոր չէ ազատվել, այն անպայման քրոնիկ է դառնում»։

Այդպես չէ։ Բժշկի դիմելու և բուժում ստանալու դեպքում հիվանդությունը քրոնիկ չի դառնա։ Հատուկ բարդ դեպքերում հնարավոր է, որ վիրահատութան անհրաժեշտություն ծագի։

2. «Հերիք է մեկ անգամ բուժվել բժշկի դիմելով, իսկ հետո ախտանշանները կարելի է ճնշել ժողովրդական միջոցներով»։

Երբ բորբոքման ֆոնին կինը բուժում չի ստանում, նպաստում է վիճակի բարդացմանը։ Բարդություններից են՝ կպումներ արգանդափողերում, հիդրոսալպինգսի առաջացում, ձվարանների կառուցվածքի փոփոխություններ, արտարգանդային հղիություն և անպտղություն։ Ինֆեկցիան կարող է տարածվել նաև այլ օրգաններում և դառնալ քրոնիկ կոլիտի, խոլեցիստիտի և պիելոնեֆրիտի պատճառ։

Ժողովրդական միջոցներն առանց բժշկի հետ համաձայնեցնելու օգտագործելու դեպքում հնարավոր է, որ ցավը մեղմանա, սակայն ադնեքսիտը չի բուժվի։ Երբեմն ինքնաբուժությունը կարող է վատացնել վիճակը։

3. «Բոլորն են արգանդի հավելումների բորբոքում ունենում, այն վտանգավոր չէ և պարտադիր չէ բուժել, պետք է ուղղակի դիմանալ»։

Իհարկե ոչ։ Ցավն ու անհարմարությունն անտեսելու դեպքում հնարավոր է բախվել ոչ միայն ներքին օրգանների հիվանդությունների, այլև նևրոզի, աշխատունակության նվազման, դյուրագրգռության և այլ խնդիրների։ Ադնեքսիտը դժվարացնում է սեռական կյանքը, ինչը չի կարող չազդել կնոջ ինքնազգացողության և հոգեբանական կոմֆորտի վրա։

Մի մոռացեք, որ մարդկային երջանկության համար առողջությունը դեռ ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության երջանիկ լինել հաստատ հնարավոր չէ։ Հոգ տարեք ձեր մասին, դիմեք լավ բժիշկների և առողջ եղեք։