Հեշտոցի ատրեզիա

12.12.20182019

Հեշտոցի ատրեզիան հեշտոցի պատերի բնածին կամ ձեռքբերովի սերտաճումն է։ Ատրեզիայի դեպքում արգանդը, արգանդի պարանոցը, արգանդափողերը, ձվարանները և արտաքին սեռական օրգանները ճիշտ են գործում, սակայն խանգարված է լինում դաշտանային արյան հոսքը, դժվարանում է սեռական կյանքը։

Առաջացման պատճառները

Հեշտոցի բնածին ատրեզիան առաջանում է մյուլլերյան ծորանների ներարգանդային սխալ ձևավորման պատճառով, ինչը պատահում է մի շարք գործոնների ազդեցությամբ (նաև մոր սեռավարակների):

Ձեռքբերովի ատրեզիան կարող է զարգանալ հեշտոցի ծննդաբերական և վիրահատական վնասվածքներից, բորբոքումներից, բժշկական միջամտություններից հետո, ինչպես նաև մանուկ հասակում տարած վարակիչ հիվանդությունների պատճառով (խոզուկ, դիֆտերիա, պարոտիտ և այլն)։

Ախտանշանները

Հեշտոցի բնածին ատրեզիայի դեպքում աղջկա առաջին դաշտանի սկսվելուն պես որովայնի ստորին հատվածում մշտապես կրկնվող ցավ է դիտվում, սակայն դաշտանային արյուն չի երևում։ Կախված ատրեզիայի տեղից՝ դաշտանային արյունը կարող է կուտակվել հեշտոցում և ձգելով լայնացնել վերջինիս, արգանդի և փողերի պատերը։ Հաճախ այն ուղեկցվում է հետանցքի ատրեզիայով, միզային համակարգի ագենեզիայով։ Ատրեզիան նաև խոչընդոտում է սեռական կյանքին ու բեղմնավորմանը և կարող է այլ խդիրներ առաջացնել։

Ախտորոշումը

Ախտորոշման համար կիրառվում են հետևյալ մեթոդները՝ ռեկտովորովայնային հետազոտություն, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա, հեշտոցի զոնդավորում։

Բուժումը

Հեշտոցի ատրեզիայի դեպքում հեշտոցի պլաստիկ վիրահատություն՝ վագինոպլաստիկա է կատարվում, որի ընթացքում հեռացվում է սերտաճումը և վերականգնվում անցանելիությունը։ Վիրահատությունից առաջ հեռացվում է կուտակված արյունը։ Հետագայում հակամանրէային թերապիա է նշանակվում։ Ատրեզիայի վերացումից հետո խորհուրդ է տրվում կանոնավոր սեռական կյանք վարել։