Ուշ հղիություն․ միֆ և իրականություն

13.11.201818718

Մեզանում ուշ հղիության վերաբերյալ մի շարք պատկերացումներ կան, որոնք չափազանցված են։ Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը։

30 տարեկանից հետո ավելի դժվար է հղիանալը

Ճշմարտություն կա ասվածի մեջ, քանի որ տարիքին համընթաց ձվազատումների քանակը նվազում է, և ոչ բոլոր ցիկլերում է ձվաբջիջ դուրս գալիս։ Ֆերտիլության շրջանը, սակայն, խիստ անհատական պարամետր է։ Ոմանց մենոպաուզան սկսվում է 40 տարեկանում, ոմանք էլ կարողանում են հղիանալ անգամ 50 տարեկանում։

Մեծ տարիքում հղիությունը դժվար է ընթանում

Այդ նույնպես կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։ Տարիքին համընթաց առողջական խնդիրները շատանում են և կարող են իրենց զգալ տալ հենց հղիության ընթացքում։ Այդ խնդիրներից են՝ հիպերտոնիա, թութք (հեմորոյ), վարիկոզ, սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումներ, էնդոկրին հիվանդություններ, ողնաշարի խնդիրներ և այլն։

Ուշ հղիության դեպքում մեծանում է պտղի հիվանդությունների առաջացման վտանգը

Այդ գիտականորեն ապացուցված իրողություն է։ Մեծանում է Դաունի համախտանիշ ունենալու վտանգը։ Տարաբնույթ պաթոլոգիաների կարող է հանգեցնել նաև ներարգանդային հիպոքսիան կամ վիտամինների կամ այլ նյութերի պակասը, այդ պատճառով հարկավոր է առողջ ապրելակերպ վարել և ժամանակին դիմել բժշկի։

Մեծ տարիքում ծննդաբերությունը բարդություններով է ընթանում

Հնարավոր է, որ երեխայի ծնվելուց հետո որոշակի խնդիրներ ի հայտ գան, օրինակ՝ մաշկի և մկանների առաձգականության նվազման պատճառով հնարավոր է, որ ծննդաբերության ընթացքում պատռվածքներ լինեն, իսկ ոսկորների տարիքային փոփոխությունների պատճառով երեխայի ծնվելուց հետո ողնաշարի ցավ է առաջանում, քանի որ փոխվում է ծանրության կենտրոնը։ Երբեմն նաև հորմոնային խնդիրներ են ի հայտ գալիս։

Մեծ տարիքում ծննդաբերելուց հետո դժվար է վերականգնել կազմվածքը

Այ այդ միֆ է։ Կազմվածքը միշտ էլ հնարավոր է վերականգնել հատուկ վարժությունների և առողջ ապրելակերպի պահպանման շնորհիվ։

Մեծ տարիքում հղիանալն ու ծննդաբերելը երիտասարդացնում են կնոջը

Այո, երիտասարդացնում են, բայց հոգեբանորեն։ Մայրն իրեն էներգիայով լեցուն է զգում, ավելի հմուտ է լինում ու գիտակից։ Իսկ ֆիզիկական վիճակը միայն եզակի դեպքերում է լավանում, օրինակ՝ որոշ կանանց մաշկն ավելի լավն է դառնում, անցնում է ալերգիան, անգամ բրոնխիալ ասթման, կարգավորվում է հորմոնների մակարդակը։

Ամփոփելով ասենք, որ ժամանակակից բժշկության պայմաններում մեծ տարիքում հղիանալը սարսափելի չէ։ Ավելին՝ շատերն են հղիանում, բարեհաջող ծննդաբերում և վայելում իրենց մայրությունը։ Հիշեք, ամեն օրգանիզմ անհատական է, յուրաքանչյուր հղիություն՝ տարբեր։