Արևածաղկի չռաֆինացված ձեթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

27.06.20182057

Արևածաղկի ձեթը մեր երկրում ամենատարածված բուսական ձեթն է։ Մարդկանց մեծամասնությունը գնում է ռաֆինացված ձեթը, որը հնարավոր է օգտագործել որևէ բան տապակելու, ինչպես նաև աղցաններին ավելացնելու համար։

Այն բազմաթիվ առավելություններ ունի (ավելի երկար է պահպանվում, չունի հոտ, նրանով հնարավոր է տապակել), սակայն օգտակար հատկություններով չի փայլում։ Այդ առումով չռաֆինացված ձեթն ավելի օգտակար է և չի զիջում այլ տեսակի բարձրորակ ձեթերին (ձիթապտղի, սոյայի, եգիպտացորենի և այլն), իսկ որոշ հատկություններով անգամ գերազանցում է դրանց։

Արևածաղկի չռաֆինացված ձեթը հարուստ է հագեցած և չհագեցած ճարպաթթուներով, պարունակում է վիտամին А, Е, D, ինչպես նաև B խմբի վիտամիններ, իսկ վիտամին E-ի պարունակությամբ գերազանցում է ձիթապտղի ձեթին։

Կալորիականությունը

100 գրամ ձեթի կալորիականությունը 900 կկալ է։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, ամրացնում էանոթների պատերը, կանխում է աթերոսկլերոզը, թրոմբոզը, ինֆարկտը և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններ։

Լավ է ազդում գլխուղեղի վրա, լավացնում է հիշողությունը։

Կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, օգնում վերացնել փորկապությունը, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։

Խորհուրդ է տրվում օգտագործել արթրիտի և ռևմատիզմի դեպքում։

Դրական ազդեցություն է թողնում էնդոկրին և միզասեռական համակարգի վրա։

Չնայած բարձր կալորիականությանը՝ այն ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Լավացնում է մաշկի և մազերի որակը։

Խորհուրդ է տրվում ներառել երեխաների սննդակարգում։

Շարունակաբար օգտագործելու դեպքում կանխում է օրգանիզմի վաղաժամ ծերացումը։

Հակացուցումները

Արևածաղկի չռաֆինացված ձեթը բուսական այլ ձեթերի պես կարելի է օգտագործել օրական առավելագույնը քսան գրամ, բայց պարբերաբար։ Չարաշահումը կարող է ներքին օրգանների աշխատանքի խանգարումների հասցնել։ Բուժման նպատակով օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։