Նատրիում․ դերն օրգանիզմում և օրական պահանջը

25.06.20183193

Նատրիումը կենդանի օրգանիզմների բաղադրիչ տարրն է, այդ իսկ պատճառով էլ կենսաբանական խիստ կարևոր դեր ունի։ Մարդը նատրիումն ստանում է սննդի միջոցով, հիմնականում՝ աղի։

Դերն օրգանիզմում

Օրգանիզմում նատրիումի հիմնական գործառույթներից մեկը նյութերի տեղափոխումն է բջջային մեմբրանի միջով։

Կարգավորում է օրգանիզմի ջրաղային հավասարակշռությունը։

Բջիջները, հյուսվածքներն ու օրգանները պաշտպանում է ջրազրկումից։

Աղի քանակից է կախված անոթային ճնշումը։ Եթե նատրիումի մակարդակն օրգանիզմում բնականոն սահմանում է, ապա ճնշումն էլ է բնականոն, իսկ ավելցուկի դեպքում հիպերտոնիա է զարգանում։

Մասնակցում է մարսողությանը, ակտիվացնում է մի շարք ֆերմենտների գործունեությունը։

Նատրիումն անհրաժեշտ է մկանների բնականոն աշխատանքի համար։

Նատրիում պարունակող սննդամթերքներ

Նատրիումի հիմնական աղբյուրն աղն է։ Այն պարունակվում է բոլոր սննդամթերքներում, ինչպես բուսական, այնպես էլ կենդանակ ծագման, սակայն փոքր քանակությամբ։ Առաջատարը ծովամթերքն է, ձուն, գազարը, բազուկը, լոլիկը, հնդկաձավարը, վարսակաձավարը և այլն։

Օրական պահանջը

Այդ հարցում հստակ պարամետրեր չկան, քանի որ առողջապահական տարբեր կազմակերպություններ տարբեր թվեր են նշում։ Համարվում է, որ հասուն մարդու օրգանիզմի օրական պահանջը 3-6 գրամ է։ Եթե փոխակերպենք սեղանի աղի, կկազմի մոտավորապես 7-15 գրամ՝ 1-1.5 թեյի գդալ։ Պահանջը մեծանում է ուժգին քրտնարտադրության և ֆիզիկական ծանր աշխատանք կատարելու դեպքում։

Նատրիումի պակասն օրգանիզմում

Հազվադեպ է նատրիումի պակաս առաջանում։ Պատճառներից են՝ անալի դիետաները, սխալ սննդակարգը, երիկամների հիվանդությունները, դեղորայքի օգտագործումը և այլն։ Դրսևորվում է հետևյալ նշաններով՝

  • քաշի նվազում, 
  • թուլություն և հոգնածություն, 
  • հավասարակշռության կորուստ և գլխապտույտ, 
  • մաշկի չորություն և մաշկային ցան, 
  • սրտխառնոց, փսխում, 
  • մկանների դող և այլն։ 

Նատրիումի ավելցուկն օրգանիզմում

Չնայած որ նատրիումը թունավոր նյութ չի համարվում, դրա ավելցուկը կարող է հանգեցնել անդառնալի ծանր հետևանքների։ Պատճառներից են՝ աղի չարաշահում, նատրիումի փոխանակության խանգարում, դեղորայք, ջրի անբավարար քանակ օրգանիզմում։

Նշաններն են՝ անոթային բարձր ճնշում, ուժգին քրտնարտադրություն, այտուցվածություն, դյուրագրգռություն և այլն։ Երկարատև ավելցուկը կարող է հանգեցնել նյարդային և սրտանոթային համակարգի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման։