Վիտամին B1․պահանջը և ազդեցությունն օրգանիզմի վրա

17.05.20185940

Վիտամին B1-ը (թիամին) կարևոր դեր է խաղում օրգանիզմում․ դրա քանակից են կախված օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսները։ Խիստ անհրաժեշտ է երեխաների աճի և զարգացման համար։

Դերն օրգանիզմում

Խիստ կարևոր դեր է խաղում նյութափոխանակության գործում, մի շարք ֆերմենտների անբաժանելի մասն է կազմում և մասնակցում է կենսաքիմիական գործնականորեն բոլոր պրոցեսներին։

Մասնակցում է ջրային, սպիտակուցային, ճարպային և աշխաջրային փոխանակությանը։

Թիամինն անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին, հատկապես՝ նյարդային բջիջների բնականոն աշխատանքի համար։

Օգնում է ապահովել սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, լավացնում է մարսողությունը և արագացնում է ստամոքսի գալարակծկանքը։

Մասնակցում է էնդոկրին համակարգի աշխատանքին։

Մեծացնում է գլխուղեղի ակտիվությունը, լավացնում է հիշողությունը և մտավոր հմտությունները։

Օրգանիզմի օրական պահանջը

Օրգանիզմում թիամինի օրական պահանջը կախված է ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանից, տարիքից, սեռից, կլիմայական պայմաններից, առողջական վիճակից և այլ բաղադրիչներից։ Երեխաների դեպքում այդ վիտամինի պահանջը տատանվում է օրական 0.5-1.7մգ-ի սահմաններում, կանանց դեպքում՝ 1.3-2.2մգ, տղամարդկանց դեպքում՝ 1.6-2.5մգ։

Օրգանիզմի պահանջը մեծանում է ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության դեպքում, տարվա ցուրտ ամիսներին, հղիության և կրծքով կերակրման շրջանում, սննդում մեծ քանակությամբ ածխաջրերի առկայության դեպքում, մի շարք հիվանդությունների և այլ գործոնների դեպքում։ Պետք է նկատի ունենալ, որ թիամինը չի կուտակվում և պաշարվում օրգանիզմում, այդ պատճառով էլ օրգանիզմն ամեն օր պետք է ստանա այն։

Թիամին պարունակող սննդամթերքներ

Պարունակվում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներում։ Թիամինով հարուստ մթերքներն են՝ հացահատկային մշակաբույսեր, հնդկաձավար, վարսակաձավար, ոլոռ, հունական ընկույզ, սիրտ, լյարդ, ելակ, կտավատ, սև հաղարջ, մանդարին, նարինջ, կանաչեղեն և այլն։

Վիտամին B1-ի անբավարարություն

Վիտամինի պակաս կարող է առաջանալ սխալ սնվելու, օրինակ մեծ քանակությամբ ածխաջրեր, մեծ քանակությամբ կամ անբավարար քանակությամբ սպիտակուցներ օգտագործելու դեպքում։ Կարող է առաջանալ նաև հաճախակի թեյ, սուրճ կամ ալկոհոլ օգտագործելու դեպքում, ինչպես նաև մի շարք հիվանդությունների հետևանքով։ Դրսևորվում է թուլությամբ, մոռացկոտությամբ, անհանգստությամբ, դյուրագրգռությամբ, գլխացավով, ձեռքերի դողով, ախորժակի կորստով, անքնությամբ և այլ վիճակներով։

Վիտամին B1-ի ավելցուկ

Օրգանիզմում այդ վիտամինի ավելցուկը խիստ հազվադեպ երևույթ է։ Քանի որ այն չի կուտակվում հյուսվածքներում և դուրս է գալիս մեզի միջոցով։ Ավելցուկ կարող է առաջանալ վիտամին պարունակող մեծ քանակությամբ դեղամիջոց օգտագործելու դեպքում։