Երկրորդ սկրինինգ․ հղիության 2-րդ եռամսյակ՝ 16-20-րդ շաբաթ (մաս III)

27.04.20185764

Կարդացեք՝ Երկրորդ սկրինինգ․ հղիության 2-րդ եռամսյակ՝ 16-20-րդ շաբաթ (մաս I)

Կարդացեք՝ Երկրորդ սկրինինգ․ հղիության 2-րդ եռամսյակ՝ 16-20-րդ շաբաթ (մաս II)

Արգանդի պարանոց և պատեր։ Շեղումների բացակայության դեպքում ՈւՁՀ պրոտոկոլի մեջ կնշվի «Արգանդի պարանոցն ու պատերը՝ առանց առանձնահատկությունների»։ Արգանդի պարանոցի երկարությունն այդ եռամսյակում պետ է կազմի 40-45 մմ, թույլատրելի է նաև 35-40 մմ-ը, բայց ոչ 30 մմ-ից պակասը։

Եթե նախորդ ՈւՁՀ-ի ընթացքում արված չափումների համեմատ դիտվում է վերջինիս բացվածք կամ կարճացում կամ հյուսվածքների փափկում, ինչն ընդհանրական անվամբ կոչվում է իսթմիկոցերվիկալային անբավարարություն, ապա մանկաբարձական պեսարիումի տեղադրում կամ կարում է նշանակվում, որպեսզի հնարավոր լինի պահպանել հղիությունը և հասցնել ժամկետին։

Վիզուալիզացիա։ Նորմայում այն պետք է «բավարարող» լինի։ Վիզուալիզացիան դժվարանում է հետևյալ դեպքերում՝

  • հետազոտության համար պտղի անհարմար դիրք կամ շարժունակություն, 
  • ավելորդ քաշ, 
  • մոր մարմնում այտուցների առկայություն, 
  • արգանդի հիպերտոնուս։

Կենսաքիմիական սկրինինգ կամ «եռակի թեստ»

Երկրորդ եռամսյակում արյան կենսաքիմիական սկրինինգն ուղղված է երեք կամ չորս ցուցիչների որոշմանը՝ ազատ բե-ՄԽԳ-ի, ազատ էստրիոլի, ալֆա-ֆետոպրոտեինի և ինհիբին ա-ի մակարդակ։

Ազատ էստրիոլը հղիության հորմոններից մեկն է, որն արտացոլում է ընկերքի աշխատանքի ու զարգացման վիճակը։ Հղիության բնականոն ընթացքի դեպքում այն պրոգրեսիվ աճում է ընկերքի ձևավորման առաջին իսկ օրվանից սկսած։

Հղի կնոջ արյան մեջ ազատ էստրիոլի քանակի մեծացում է դիտվում բազմապտուղ հղիության կամ պտղի մեծ քաշի դեպքում։

Էստրիոլի մակարդակի նվազում է դիտվում պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարության, հղիության ընդհատման վտանգի, ներարգանդային վարակի, մակերիկամների հիպոպլազիայի կամ պտղի անէնցեֆալիայի, սպինա բիֆիդայի (նյարդային խողովակի դեֆեկտ), Դաունի սինդրոմի դեպքում։

Կրիտիկական է համարվում ազատ էստրիոլի՝ նորմատիվ արժեքի համեմատությամբ 40% և ավել քանակով նվազումը։

Անալիզի հանձնման շրջանում հակաբիոտիկների օգտագործումը կարող է ազդել կնոջ արյան մեջ էստրիոլի նվազման վրա։

Ալֆա-ֆետոպրոտեինն սպիտակուց է, որն արտադրվում է երեխայի լյարդում և ստամոքսաղիքային տրակտում՝ սկսած հղիության հինգերորդ շաբաթից (բեղմնավորման օրվանից հաշված)։

Մոր արյան մեջ այդ սպիտակուցը թափանցում է ընկերքի և պտղաջրի միջով և սկսում է սերտաճել նրանում հղիության տասներորդ շաբաթից սկսած։

ԱՖՊ-ի ցածր մակարդակը կարող է վկայել Դաունի կամ Էդվարդսի սինդրոմի, վիժման կամ պտղի ներարգանդային մահվան մասին և այլն։

ԱՖՊ-ի բարձր մակարդակը վկայում է պորտի ճողվածքի, պտղի նյարդային խողովակի դեֆեկտի, կերակրափողի կամ տասներկումատնյա աղիքի ատրեզիայի կամ Մեկկելի սինդրոմի մասին։

Եթե հղիության ընթացքում կինը հիվանդացել է վարակիչ հիվանդությամբ և երեխայի լյարդը նեկրոզի է ենթարկվել, ապա կնոջ արյան շիճուկում նույնպես ԱՖՊ-ի մակարդակի բարձրացում է դիտվում։