Վիտամին B3 (վիտամին PP, նիկոտինաթթու, նիացին)

Վիտամին B3 (վիտամին PP, նիկոտինաթթու, նիացին)

Վիտամին B3-ը (վիտամին PP, նիկոտինաթթու, նիացին) մարդուն խիստ անհրաժեշտ վիտամին է և օրգանիզմում մասնակցում է կենսականորեն կարևոր մի շարք պրոցեսների։

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրգանիզմին

  • Մասնակցում է հյուսվածքների շնչառությանը և նպաստում է հյուսվածքների ճիշտ աճին։
  • Կարևոր դեր է խաղում սրտանոթային համակարգի աշխատանքում, նվազեցնում է «վնասակար» խոլեստերինի մակարդակը, պաշտպանում է թրոմբների կազմավորումից, լայնացնում է անոթները։
  • Մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին և էրիթրոցիտների առաջացմանը։
  • Մասնակցում է սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի փոխանակությանը։
  • Արյան մեջ վերահսկում է գլյուկոզայի մակարդակը և նրա վերափոխումն էներգիայի, կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը՝ օրգանիզմին պաշտպանելով շաքարային դիաբետի առաջացումից։
  • Մասնակցում է բազմաթիվ հորմոնների (տեստոստերոն, պրոգեստերոն, ինսուլին և այլն) արտադրման պրոցեսին:
  • Խթանում է մարսողական համակարգի աշխատանքը, ուժգնացնում աղիների գալարակծկանքը։
  • Մասնակցում է որոշ տոքսինների չեզոքացմանը։
  • Նպաստում է նյարդային համակարգի ճիշտ աշխտանքին, պաշտպանում հոգեկան հիվանդություններից։
  • Այդ վիտամինից է կախված մաշկի, մազերի, եղունգների և հոդերի վիճակը։

Փոխազդեցությունն այլ նյութերի հետ

  • B խմբի վիտամինները վատ են յուրացվում առանց B3 (PP) վիտամինի։ 
  • Վիտամին B3-ը (PP) լավ է յուրացվոմ պղնձի և վիտամին B6-ի առկայությամբ։ 

Օրգանիզմի օրական պահանջը

Մեծահասակների օրական պահանջը 20մգ է, երեխաներինը՝ 6-21մգ՝ կախված զարգացման փուլից։ Վիտամին B3-ի (PP) պահանջը մեծանում է ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության դեպքում, ինչպես նաև հղիության շրջանում։

Վիտամին B3 (PP) պարունակող մթերքներ

Պարունակվում է բուսական և կենդանական ծագման բազմաթիվ մթերքներում։ Ընդ որում՝ ջերմային մշակման ընթացքում կորչում է վիտամինի 20%-ը, ուստի անգամ ջերմային մշակման ենթարկված մթերքները մեծ քանակությամբ նիկոտինաթթու են պարունակում։

Վիտամին B3-ով (PP) հարուստ մթերքներն են՝

  • մսամթերք՝ լյարդ և երիկամներ, հնդկահավի և հավի սպիտակ միս, ձու,
  • ձկնեղեն՝ թյունա, սաղմոն, 
  • կաթնամթերք՝ պանիր, կաթ, 
  • բուսական ծագման մթերքներ՝ ձավարեղեն (հնդկաձավար, վարսակ, գարի, ցորեն), լոբեղեն (լոբի, ոլոռ, սոյա), ընկուզեղեն, անանաս, լոլիկ, գազար, բրոկոլի, մաղադանոս և այլն։ 

Վիտամինի պակասն օրգանիզմում

Հազվադեպ է օրգանիզմում վիտամին B3 (PP)-ի պակաս առաջանում։ Սովորաբար առաջանում է սխալ սնվելու, քրոնիկական ալկոհոլիզմի կամ աղիներում ներծծման ֆունկցիայի խանգարման, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, հաճախակի սթրեսի և մի շարք հիվանդությունների դեպքում։

Արտահայտվում է հետևյալ ախտանշաններով՝ սրտխառնոց, փորլուծություն, գլխապտույտ, գլխացավ, թուլություն, անքնություն, ախորժակի անկում, հոգեկան խանգարումներ, մաշկի չորություն, դերմատիտ, մտավոր ընդունակությունների նվազում և այլն։

Վիտամինի ավելցուկն օրգանիզմում

Խիստ հազվադեպ է օրգանիզմում վիտամին В3 (РР)-ի ավելցուկ լինում, որովհետև ավելորդ քանակությունն օրգանզիմից դուրս է գալիս բնական ճանապարհով։

Ավելցուկ կարող է առաջանալ նիկոտինաթթու պարունակող դեղորայքի չարաշահման արդյունքում, դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝ գլխապտույտ, ճնշման նվազում, մաշկի կարմրածություն, մկաններում ծակծկոցի և թմրածության առաջացում։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: