Գինեկոլոգիական հիվանդությունները ծննդաբերությունից հետո

19.02.201810202

Հնարավոր է, որ ծնդաբերությունից հետո գինեկոլոգիական որոշ հիվանդություններ ի հայտ գան, օրինակ՝ էնդոմետրիտ, միզասեռական համակարգի բորբոքային հիվանդություններ, հետծննդաբերական միկրովնասվածքներ, դաշտանի ցիկլի խանգարում, տեղային իմունիտետի անկում և այլն։ Բազմաթիվ խնդիրներով ուղեկցված հղիությունից հետո հետծննդաբերական խնդիրներն էլ կարող են տարաբնույթ լինել։ Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադիր լինել և պարտադիր այցելել գինեկոլոգի։ Բացի այդ, գինեկոլոգիական մի շարք խնդիրներ կան, որոնք անմիջապես չեն դրսևորվում, իրենց զգալ են տալիս ծննդաբերությունից ամիսներ կամ էլ մեկ տարի անց։

Գինեկոլոգիական հիվանդություններից են՝ արգանդի պարանոցի պաթոլոգիաները, պոլիպները, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները և կնոջ սեռական ոլորտի տարատեսակ հիվանդությունները։ Ըստ տարածվածության աստիճանի առանձնացվում են բորբոքային հետևյալ հիվանդությունները՝ վագինիտ, սալպինգիտ, էնդոմետրիտ և օոֆորիտ, տարբերում են նաև սուր և քրոնիկական ընթացք ունեցողները։

Հետծննդաբերական գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառները

Ցանկացած մարդու օրգանիզմում պայմանականորեն ախտածին մանրէներ կան, որոնք պասիվ վիճակում մաշկի, լորձաթաղանթների վրա են, աղիներում և ոչ մի վնաս չեն պատճառում։ Ծննդաբերության ընթացքում, սակայն, հատկապես արյունահոսության դեպքում, երբ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները թուլանում են, բարենպաստ պայմաններ են ստեղծվում ախտածին մանրէների զարգացման համար, որոնք բորբոքային պրոցեսներ են առաջացնում։

Էնդոմետրիտ

Էնդոմետրիտն առաջանում է տարաբնույթ ինֆեկցիաների (գոնոկոկային, քլամիդային, միկոպլազմային, վիրուսային, բակտերիալ և այլն) պատճառով։ Առաջանում է նաև նախկինում մի քանի անգամ աբորտ կատարած լինելու դեպքում, ինչպես նաև կեսարյան հատման և ախտորոշիչ նպատակով ներարգանդային միջամտություններից հետո։

Կարդացեք՝  Հետծննդաբերական էնդոմետրիտ

Ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, որովայնի ցավ, թարախային արտադրություն, լեյկոցիտոզ։ Նշված ախտանշաններից անգամ մեկը նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Այդ հիվանդությունն ի զորու է լրջորեն վնասել առողջությանը, սական վաղ փուլում հայտնաբերելու դեպքում այն լիովին ենթարկվում է բուժման։

Խորիոամնիոնիտ

Խորիոամնիոնիտը պտղապարկի բորբոքումն է։ Սպառնում է պտղապարկի վաղաժամ պատման դեպքում։ Հիվանդության հարուցիչներն անաէրոբնեն են, էնտերոկոկները, ստաֆիլոկոկները, ստրեպտոկոկները և դրանց համադրությունները։

Կարդացեք՝ Խորիոամնիոնիտ․ պտղապարկի պաթոլոգիա

Ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, սրտխփոց, թարախային արտադրություն։ Հիվանդությունը վտանգավոր է ոչ միայն մոր, այլև դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի համար։

Հետծննդաբերական շրջանի բարդությունները բավականին լուրջ են լինում և նոր ծննդաբերած յուրաքանչյուր կին պետք է ուշադիր լինի ու բժշկի միջոցով հերքի դրանց առկայությունը։

 

Թարգմանությունը և խմբագրումը՝ sotskiy.am-ի