Մանկաբարձական պերիտոնիտ

Մանկաբարձական պերիտոնիտ

Սա հետծննդյան շրջանի ծանրագույն բարդություն է: Այն կարող է լինել մետրոէնդոմետրիտի, փող-ձվարանային բորբոքային գոյացության թափածակման կամ պիոսալպինգսի, ձվարանի ուռուցքի ոտիկի ոլորման, ենթաշճային միոմատոզ հանգույցի նեկրոզի հետևանք: Սակայն ամենահաճախակի հանդիպող պատճառը կեսարյան հատումից հետո արգանդի կարերի վարակային տարանջատումն է (0,5-1,0% դեպքերում է հանդիպում):

Պատճառագիտությունը և ախտածագումը

Պերիտոնիտը սովորաբար հարուցվում է միկրոօրգանիզմների ասոցիացիաներով, որոնցում առաջատար դերը աղիքային ցուպիկինն է: Վերջին տարիներին դեր ունեն նաև սպոր չառաջացնող անաերոբ բակտերիաները: Հետծննդյան պերիտոնիտի առավել ծանր ձևերը պայմանավորված են աերոբ-անաերոբ ասոցիացիաներով: Մանկաբարձական պերիտոնիտը ծանր ախտաբանություն է, բնորոշվում է վաղ առաջացող էնդոգեն ինտոքսիկացիայով: Ինտոքսիկացիայի առաջացման պաթոգենետիկ մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն:

Կենսաբանական ակտիվ նյութերի ազդեցության հետևանքով հիվանդի օրգանիզմում առաջանում են`

- գեներալիզացված անոթային խանգարումներ` գլխավորապես անոթային հունի միկրոցիրկուլյար մասի մակարդակով,

- օրգանների և հյուսվածքների արյունամատակարարման անադեկվատությունը հանգեցնում է ընդհանուր հյուսվածքի հիպօքսիայի առաջացմանը, փոխանակիչ գործընթացների խանգարմանը, որի հետևանքով առաջացած արգասիքները ախտաբանական ազդեցություն են թողնում ԿՆՀ-ի, միոկարդի և այլ օրգանների վրա, նպաստում են հյուսվածքներում փոխանակային գործընթացների ընկճմանը, կենսական կարևոր օրգան-համակարգերի ֆունկցիաների հետագա խանգարմանը (սիրտ-անոթային, 223 շնչառական, հեմոստազ): Այս ամենը երիկամներում, ենթաստամոքսային գեղձում, լյարդում, բարակ աղիներում հանգեցնում է դեստրուկտիվ փոփոխությունների:

Պերիտոնիտի ախտածագման մեջ հիմնական դերը պատկանում է աղիքային պարեզին: Խանգարվում է շարժողական, սեկրետոր, ներծծողական ֆունկցիան: Բարակ աղիքի լուսանցքում կուտակվում է նշանակալի քանակությամբ հեղուկ, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց և էլեկտրոլիտներ: Աղիքի պատի գերձգումը և իշեմիան նպաստում են աղիքի պատնեշային ֆունկցիայի խանգարմանը և ինտոքսիկացիայի հետագա ուժեղացմանը:

Մանկաբարձական պերիտոնիտը, ինչպես և վիրաբուժականը, ունի փուլային ընթացք.

1. Ռեակտիվ փուլ. կոմպենսատոր մեխանիզմները պահպանված են, խանգարված չէ բջջային մետաբոլիզմը, չկան հիպօքսիայի նշաններ: Ընդհանուր վիճակը հարաբերական բավարար է, հիվանդները փոքր-ինչ էյֆորիկ են, գրգռված: Նկատվում է աղիքի չափավոր պարեզ: Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոցիտոզ` չափավոր ձախ թեքումով:

2. Տոքսիկ փուլ. կապված է հարաճող ինտոքսիկացիայի հետ: Տուժում է հիվանդի ընդհանուր վիճակը, խանգարվում են փոխանակային գործընթացները, փոխվում է էլեկտրոլիտային հաշվեկշիռը, առաջանում է հիպոպրոտեինեմիա, խանգարվում է ֆերմենտատիվ համակարգի գործունեությունը: Հարաճում է լեյկոցիտոզը:

3. Տերմինալ փուլ. փոփոխությունները կրում են առավել խոր բնույթ, գերակայում են ԿՆՀ-ի ախտահարումները: Ընդհանուր վիճակը ծանր է, հիվանդները թույլ են, ադինամիկ: Խանգարված է աղիքի մոտոր ֆունկցիան: Որովայնամզի գրգռման ախտանիշները թույլ ենարտահայտված: Աղիքային ձայները լսելի չեն:

Կլինիկական պատկերը

Կեսարյան հատումից հետո առաջացած պերիտոնիտը կարող է արտահայտվել 3 կլինիկական տարբերակով` կախված վարակի տարածման ուղուց:

I տարբերակ. հիվանդության ախտանիշներն առաջանում են վաղ` առաջին օրվա վերջում կամ երկրորդ օրվա սկզբում:

Բնորոշ են բարձր ջերմությունը, տախիկարդիան, որովայնի փքվածությունը, փսխումը: Կարճատև ռեակտիվ փուլն արագ փոխարկվում է տոքսիկի: Հիվանդի վիճակն արագ և պրոգրեսիվ վատանում է` չնայած տարվող պահպանողական բուժմանը: Միայն շուտափույթ ռելապարոտոմիան և արգանդի հեռացումը որոշակի հնարավորություն են ստեղծում կյանքը փրկելու համար:

Պերիտոնիտի այս ձևը հանդիպում է այն դեպքում, երբ կեսարյան հատումը կատարվել է խորիոնամնիոնիտի կամ էնդոմետրիտի ֆոնի վրա:

II տարբերակ, առաջանում է այն դեպքում, երբ որովայնամզի վարակումը կապված է հետվիրահատական շրջանում էնդոմետրիտի առաջացման հետ: Այս խմբի կանանց շրջանում հղիությունը և ծննդաբերությունը բարդացել են պիելոնեֆրիտով, կոլպիտով, երկարատև անջուր ժամանակահատվածով, ծննդաբերության ձգձգված ընթացքով: Կեսարյան հատումից հետո հիվանդի վիճակը մնում է հարաբերական բավարար` մարմնի սուբֆեբրիլ ջերմություն, չափավոր տախիկարդիա, որովայնում ցավերի բացակայություն: Միակ ախտանիշը աղիքների վաղ առաջացող պարեզն է: Բուժական միջոցառումների արդյունքում գազերը և կղանքային զանգվածները դուրս են գալիս, բայց 3-4 ժամ անց նորից առաջանում է որովայնի փքվածություն, միանում է փսխումը: Չնայած ինտենսիվ բուժմանը, որը թվում էր արդյունավետ, 3-4 օր անց դիտվում է հիվանդի վիճակի կտրուկ վատացում` պերիտոնիտի ռեակտիվ փուլըփոխարկվում է տոքսիկի: Պերիտոնիտի պատկերը դառնում է պարզ, բայց ախտորոշվում է ուշացումով:

III տարբերակ. առաջանում է արգանդի վրա կարերի անբավարարությունից: Կլինիկան երևում է առաջին օրից` ցավեր որովայնի ստորին շրջանում, շոշափելիս ցավոտություն, որովայնամզի գրգռման ախտանիշներ, արգանդից աղիքային արտադրություն, արագ միանում է փսխումը, հաճախակի և հեղուկ կղանքը, որովայնի փքվածությունը: Արագ զարգանում է ինտոքսիկացիա:

Ախտորոշումը ճշգրտելու համար կատարվում է հեշտոցային քննություն, որով հայտնաբերվում է արգանդի պարանոցի տոնուսի իջեցում, ազատ անցանելի պարանոցային խողովակ, կարելի է զգուշորեն շոշափել կարը` հայտնաբերվում է դրա անբավարարություն:

Ախտորոշումը

Մանկաբարձական պերիտոնիտը վիրաբուժականից տարբերվում է կլինիկական պատկերի որոշակի ջնջվածությամբ: Տեղային արտահայտություններից են`

  • ցավը որովայնում.
  • դրականՇչյոտկին-Բլյումբերգի ախտանիշը (որովայնամզի գրգռման ախտանիշ), 
  • աղիքների պարեզ: 

Ընդհանուր ախտանիշներից են`

  • մարմնի բարձր ջերմաստիճանը, 
  • շնչառության խիստ հաճախացումը, 
  • փսխումը, 
  • անհանգստությունը կամ էյֆորիան, 
  • տախիկարդիան, 
  • սառը քրտինքը, 
  • որոշ լաբորատոր ցուցանիշների փոփոխությունը` արտահայտված լեյկոցիտոզ` կտրուկ ձախ թեքումով, նեյտրոֆիլների տոքսիկ հատիկավորությամբ, ինտոքսիկացիայի լեյկոցիտար ինդեքսի մեծացում, հիմնային ֆոսֆատազների մակարդակի բարձրացում, թրոմբոցիտոզ:

Բուժումը

Բուժումը տարվում է 3 փուլով` 1-ին` նախավիրահատական նախապատրաստում, 2-րդ` վիրահատական միջամտություն, 3-րդ` ինտենսիվ բուժում հետվիրահատական շրջանում:

1. Տևում է 2 ժամ: Կատարվում է ստամոքսի դեկոմպրեսիա նազոգաստրալ զոնդի միջոցով: Իրականացվում է ինֆուզիոն բուժում` ուղղված հիպովոլեմիայի և մետաբոլիկ ացիդոզի վերացմանը, ջրա-էլեկտրոլիտա-սպիտակուցային հավասարակշռության շտկմանը, օրգանիզմի դետոքսիկացիային:

2. Վիրահատական միջամտություններ` արգանդի էքստիրպացիա արգանդափողերով, որովայնի խոռոչի սանացիա, դրենավորում:

3. Հետվիրահատական շրջանում երկար ժամանակ շարունակվում է ինտենսիվ բուժումը: Ինֆուզիոն-տրանսֆուզիոն բուժման նպատակն է`

  • հիպովոլեմիայի վերացումը և արյան ռեոլոգիական հատկությունների բարելավումը, 
  • ացիդոզի շտկումը, 
  • օրգանիզմի էներգետիկ պահանջարկի ապահովումը, 
  • հակաֆերմենտային և հակակոագուլյացիոն բուժումը (հեպարինի և կոնտրիկալի զուգակցված ներմուծում), 
  • դիուրեզի ապահովումը, 
  • վարակի դեմ պայքարը (լայն սպեկտրի հակաբիոտիկներ), 
  • սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ անբավարարության կանխարգելումն ու բուժումը, 
  • հիպովիտամինոզի կանխումն ու վերացումը: 

Բուժման մեջ մեծ դեր ունի նաև ստամոքսի և աղիքների մոտոր-էվակուատոր ֆունկցիայի վերականգնումը (ցերուկալ, գանգլիոբլոկատորներ պրոզերինի հետ): Արվում է երկարատև պերիդուրալ անզգայացում:

Բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառում են աուտոարյան ուլտրամանուշակագույն և լազերային ճառագայթում, պլազմոֆերեզ, հեմոդիալիզ, սպլենոպերֆուզիա և հիպերբարիկ օքսիգենացիա:

Բուժումն իրականցվում է մանկաբարձ-գինեկոլոգի, վիրաբույժի և ռեանիմատոլոգի հետ համատեղ:

 

Աղբյուրը՝ Մանկաբարձություն: Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար /Խմբ. բ.գ.դ. պրոֆեսորներ Գ. Ա. Բեգլարյան և Ռ. Ա. Աբրահամյան– Երևան/: Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ. 2010թ

Նմանատիպ նյութեր

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար