Առողջարար սնունդ․ սննդի բուրգ

18.01.20187000

Առողջարար սնունդը մարդու առողջ ապրելակերպի գլխավոր պայմաններից է։ Մեր կյանքն իր բոլոր դրսևորումներով կախված է այն բանից, թե ինչ ենք ուտում, ինչպես ենք ուտում, ինչ քանակով և ձևով։

Սխալ սննդակարգը հանգեցնում է ինչպես առանձին օրգանների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի ֆունկցիաների խանգարման։ Անդառնալի ազդեցություն է թողնում նաև վատորակ սնունդը, սննդի պակասն ու ավելցուկը։ Այդ պատճառով էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնել սննդին՝ հոգալով, որ այն լիարժեք լինի։

Սննդային բուրգ

Առողջարար սննդի հիմնական սկզբունքների սխեմատիկ պատկերը հնարավոր է տեսնել սնուցման բուրգին նայելով։ Բուրգում ներկայացված են ոչ թե կոնկրետ մթերքներ, այլ մթերքների հինգ մեծ խումբ, ինչը թույլ է տալիս բազմազան դարձնել սննդի օրաբաժինը և ընտրել այն մթերքները, որոնք ձեզ ավելի են դուր գալիս կամ համապատասխանում են ձեր ապրելակերպին։ Բուրգի օգնությամբ շատ հեշտ է հավասարակշռել սնունդը։ Ավելի մանրամասն ուսումնասիրենք այն։

Բուրգի հիմքում այն մթերքներն են, որոնք մարդու սննդի օրաբաժնում ամենաշատը պետք է լինեն, առհասարակ, որքան բարձր, այնքան քիչ պետք լինի քանակությունը։ Բուրգում սնունդը պայմանականորեն բաժանված է բաժինների։ Մեկ բաժինը կարող է հավասար լինել 100 գրամի կամ ձեզ հարմար այլ մեծության։

Տվյալ մարդուն անհրաժեշտ բաժինների քանակը կախված է նրա տարիքից, սեռից, առողջական վիճակից և նրա ակտիվությունից։ Ստորև ներկայացված է միջինվիճակագրական, հիվանդություններից և ֆիզիկական ծանր աշխատանքից չտուժած մարդու համար նախատեսված սննդի բուրգ։

  • Ճարպ, աղ, շաքարավազ, քաղցրեղեն (հարկավոր է նվազագույնի հասցնել) 
  • Կաթնամթերք, յոգուրտ, պանիր (2-3 բաժին) 
  • Մսամթերք, հավ, ձուկ, ձու, ընկուզեղեն (2-3 բաժին) 
  • Բանջարեղեն և մրգեղեն (5-9 բաժին) 
  • Հացահատկային մթերքներ (6-11 բաժին)

Հացահատկային մթերքներ

Բուրգի հիմքում հացահատկից պատրաստված մթերքներն են՝ հաց, շիլաներ, ամբողջական հացահատկի ալյուրից պատրաստված մակարոնեղեն, չմաքրած բրինձ։ Այդ խմբին են դասվում նաև բուսական յուղերը՝ ձիթապտղի, արևածաղկի և այլ ձեթերը։

Բանջարեղեն և մրգեղեն

Բանջարեղենն ու մրգեղենը շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ պարունակում են բազմաթիվ վիտամիններ, միկրոտարրեր և բջջանյութ, որը հագեցածության զգացում է տալիս։

Մսամթերք

Մթերքների այդ խումբը կոչվում է նաև սպիտակուց պարունակող մթերքների խումբ։ Ցանկալի էնախապատվությունը տալ ձկանը, հավի մսին, լոբուն, քանի որ ավելի քիչ ճարպ են պարունակում, քան սպիտակուց պարունակող կենդանական ծագման մթերքները։

Կաթնամթերք

Այդ մթերքները նույնպես սպիտակուցներ են պարունակում և սննդի բուրգում մսամթերքի հետ նույն մակարդակում են գտնվում։ Հարուստ են կալցիումով և օրգանիզմին անհրաժեշտ այլ վիտամիններով։

Ճարպ, աղ, շաքար, քաղցրեղեն

Մթերքների այս խումբը պետք է հնարավորինս քիչ լինի մեր սննդում, լավ կլինի առհասարակ հրաժարվել դրանցից։ Այդ խմբին են դասվում նաև մարգարինը, սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու մակարոնեղենը, ինչպես նաև գազավորված ըմպելիքները։