Օրգանիզմի կոփում

Օրգանիզմի կոփում

Կոփումը կանխարգելիչ միջոցառումների համակարգ է՝ ուղղված շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրմանը։ Առողջացնող կոփումն օրգանիզմին օգնում է ավելի լավ հարմարվել արտաքին միջավայրի պայմաններին։ Այսինքն՝ կոփված օրգանիզմն արտաքին միջավայրի ջերմաստիճանի անգամ զգալի տատանումների դեպքում կարողանում է պահպանել ներքին օրգանների ջերմաստիճանը բավականին նեղ սահմաններում։

Օրինակ՝ արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ անկման կամ բարձրացման դեպքում հնարավոր ցրտահարման կամ գերտաքացման սպառնալիքին կոփված օրգանիզմն անմիջապես արձագանքում է անոթների նեղացմամբ կամ լայնացմամբ և սահմանափակում կամ բարձրացնում է ջերմատվությունը։ Չկոփված օրգանիզմը չի կարողանում այդքան արագ արձագանքել և ցրտահարվում կամ գերտաքանում է։

Բացի այդ՝ կոփումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ամրացնում է նյարդային համակարգը։ Այն առողջության պահպանման լավագույն միջոցներից է։

Օրգանիզմի կոփման տեսակները

Առանձնացվում է կոփման մի քանի տեսակ՝ կախված անցկացվող պրոցեդուրայից։ Լինում է՝

  • աէրոթերապիա՝ կոփում օդի միջոցով (օդի վաննաներ, երկարատև զբոսանք մաքուր օդում), 
  • հելիոթերապիա՝ կոփում արևի միջոցով (պետք է, սակայն, զգույշ լինել, կանխել արևահարումը), 
  • կոփում բոկոտն քայլելու միջոցով (ոտնաթաթի վրա կան կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ կետեր, որոնք բոկոտն քայլելու դեպում ակտիվանում են՝ օգնելով կարգավորել բազմաթիվ օրգանների և համակարգերի աշատանքը), 
  • կոփում ջրի միջոցով՝ շփում, ամբողջ մարմնի կամ մարմնի մի մասի վրա ջուր լցնելը, ջրցողում (կոնտրաստային լոգանք)։

Կոփման կանոնները

Կոփմանն ուղղված միջոցառումները պետք է սկսել լիովին առողջ լինելու դեպքում միայն։ Երեխաների և տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում բժշկի խորհրդատվությունը պարտադիր է։

Անհրաժեշտ է պահպանել աստիճանականության սկզբունքը։ Այդ վերաբերում է ինչպես ջերմային ռեժիմին, այնպես էլ ժամային։ Ջրով կոփման դեպքում պետք է սկսել սենյակային ջերմաստիճանի ջրից՝ ջերմաստիճանը հետզհետե բարձրացնելով 1-2 աստիճանով։ Արևի դեպքում նույնպես պետք է պահպանել այդ սկզբունքը՝ սկսելով մի քանի րոպեից։

Կարևոր է կոփման պրոցեդուրաները կատարել կանոնավոր, առանց երկարատև դադարի, տարվա ցանկացած եղանակի։ Եթե այնպես է ստացվել, որ երկարատև ընդմիջել եք միջոցառումները, ապա վերջիններս պետք է վերսկսել ավելի խնայող պրոցեդուրաներից։

Կոփումը համատեղեք ֆիզիկական վարժությունների հետ։ Այդ զգալիորեն կմեծացնի կոփման արդյունավետությունը և բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ օրգանիզմի վրա։

Կոփումը պետք է առույգություն և ուրախություն պարգևի։ Եթե ձեզ լավ չեք զգում պրոցեդուրայից հետո, դադարեցրեք կոփումը և դիմեք բժշկի։

Կոփման դեպքում պետք է հաշվի առնել մարդու անհատական առանձնահատկությունները, առողջական վիճակը, տարվա եղանակը, բնակլիմայական պայմանները և այլն։

Կոփվելիս պետք է չկորցնել ինքնակառավարումը։ Գնահատեք ընդհանուր ինքնազգացողությունը, անոթազարկը, արյան ճնշումը, ախորժակը և այլ ցուցիչները՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից։

Հիշեք, որ կոփումն առողջ ապրելակերպի բաղադրիչներից է։ Չմոռանաք նաև ուշադրություն դարձնել սննդին և կյանքի այլ ոլորտներին։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: