Հազրեվարդ (ռոզմարին)․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

20.12.20176069

Գիտե՞ք, որ այս բուրումնավետ համեմունքը պարբերաբար օգտագործելու դեպքում ի զորու է պաշտպանել տարատեսակ հիվանդություններից և ամրացնել առողջությունը։

Քանի որ մեր երկրում ռոզմարինը գրեթե չի օգտագործվում թարմ վիճակում, ապա հոդվածում կխոսենք չորացրած ռոզմարինի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին խոհարարական ոլորտում։

Հազրեվարդը (ռոզմարին, խնկունի, լվացտակի ծառ, լուսնտակի ծառ), խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է, մշտադալար թփեր են։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։

Ռոզմարինն ավելացնում են ձկնային, մսային, բանջարեղենային և սնկով ուտեստներին, օգտագործում են ապուրներ, աղցաններ, սոուսներ պատրաստելիս։ Լայնորեն օգտագործվում է դեղագործության, ժողովրդական և պաշտոնական բժշկության մեջ։ Բուժման նպատակով օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ռոզմարինը պարունակում է վիտամին A, C, B խմբի վիտամիններ (ռիբոֆլավին, նիացին, թիամին, պիրիդոքսին, ֆոլաթթու), երկաթ, ֆոսֆոր, պղինձ, կալցիում, ցինկ, նատրիում, կալիում, մագնիում և այլ մակրոտարրեր ու միկրոտարրեր։ Հագեցած է եթերային յուղերով։ Կալորիականությունը 100 գր մթերքում կազմում է 330 կկալ։

Օգտակար հատկությունները

  • Նպաստում է դիմադրողական համակարգի ամրապնդմանը։ 
  • Օժտված է հակամանրէային հատկություններով։ 
  • Բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի համար։ 
  • Բարձրացնում է անոթային ճնշումը։ 
  • Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը։ 
  • Օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնում է տրամադրությունը։  
  • Պարբերաբար օգտագործելու դեպքում նպաստում է հիշողության, մտավոր ունակությունների և ուղեղի աշխատանքի լավացմանը։ 
  • Ենթադրվում է, որ այն պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից։

Հակացուցումները

Հարկավոր է զգուշությամբ օգտագործել հիպերտոնիայի, էպիլեպսիայի, երիկամների և մարսողական համակարգի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև հղիության դեպքում։ Հիշեք, որ պետք է չափավորություն պահպանել, քանի որ այս օգտակար համեմունքը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնասել անգամ լիովին առողջ մարդուն։