Քնի պակասը երեխայի լույս աշխարհ գալուց հետո

19.12.201717942

Առողջ, լիարժեք քունը կենսական անհրաժեշտություն է բոլորի համար։ Ի՞նչ անել, սակայն, երբ ծննդաբերությունից հետո չի հաջողվում հագենալ քնից։ Անքուն գիշերը բնական երևույթ է, քանի որ գրեթե բոլոր նորածինները 2-4 ժամը մեկ արթնանում են, որպեսզի սնվեն, իսկ ոմանք էլ նախընտրում են շփվել գիշերը։ Այդ պատճառով էլ ծնողներն ստիպված են լինում առժամանակ մոռանալ լիարժեք քնի մասին։ Դժվար է հատկապես մոր համար, որը հարմարվում է երեխայի ռեժիմին և չի լրացնում քնի պակասը, ինչը հանգեցնում է գերհոգնածության։

Ութ ժամից պակաս քնելու դեպքում ամբողջ օրվա ընթացքում անհարմարության զգացում է առաջանում։ Քրոնիկ անքնությունը և անքուն գիշերները հազվադեպ կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների, օրինակ՝ սպիտակարյունության, սակայն հաճախ մարդն արագ հոգնում է, դյուրագրգիռ դառնում, մեծանում է դեպրեսիվ վիճակների առաջացման հավանականությունը։

Նորածինները մինչև 6 շաբաթական դառնալը օրվա մեծ մասն անցկացնում են քնելով և 2-4 ժամը մեկ արթնանում են միայն ուտելու համար, եթե այլ անհանգստություն չեն ունենում։ Հավանականությունն ավելի մեծ է, որ կկարողնաք փոքր-ինչ քունն առնել այդ ընթացքում։

Տարածված խնդիր է, երբ երեխան քնում է ցերեկվա ընթացքում և առույգ լինում ամբողջ գիշեր։ Եթե երեխան քնում է ամբողջ ցերեկը, փորձեք արթնացնել նրան 2-4 ժամը մեկ և կերակրել։ Ցերեկը այն սենյակը, որտեղ քնած է փոքրիկը, պետք է լուսավոր լինի և ամենևին էլ պետք չէ լիակատար լռություն պահպանել։ Կերակրելուց հետո խաղացեք երեխայի հետ, որպեսզի որոշ ժամանակ կարողանա առույգ մնալ, այլ ոչ թե անմիջապես քնել։

Գիշերվա ընթացքում լիակատար մթություն ապահովեք երեխայի սենյակում։ Եթե նրան դուր է գալիս երաժշտության ներքո քնելը, ապա հաճելի մեղեդի միացրեք։ Փորձեք երեկոյան և գիշերը լռություն պահպանել։

Այս խորհուրդներին հետևելու դեպքում փոքրիկից այնքան էլ մեծ ժամանակ չի պահանջվի, որ հասկանա՝ պետք է խաղալ ցերեկը և քնել գիշերը։

Եթե երխային արհեստական կաթնախառնուրդներ եք տալիս, լավ կլինի, եթե ձեր ամուսինը գիշերվա ընթացքում օգնի ձեզ՝ իր հերթին կերակրելով փոքրիկին։ Կրծքով կերակրելու դեպքում գիշերային կերակրման լավագույն տարբերակը երեխային ձեր կողքին պառկեցնելը կարող է լինել։ Շատերը խուսափում են դրանից, սակայն նշենք, որ իրականում համատեղ քունը երեխայի մահվան վտանգ չի պարունակում, ընդհակառակը, թույլ է տալիս մորն անմիջապես քնել կերակրումից հետո։

Եթե այս ամենը չի համապատասխանում ձեզ, ապա համբերատարությամբ լցվեք, քանի որ անքուն գիշերները կավարտվեն ամիսներ անց, երբ փոքրիկը կմեծանա։