Nuva-Ring© (Նուվա րինգ). հորմոններ պարունակող հեշտոցային բեղմնականխիչ օղ

18.12.201712676

Նուվա րինգը© բեղմնականխման նոր մեթոդ է, որի դեպքում հորմոնների ներմուծման համար օգտագործվում է հեշտոցային ուղին։ Օրվա ընթացքում օղն արձակում է 15մկգ էթինիլէստրադիոլ և 120մկգ էթոնոգեստրել, որը դեզոգեստրելի ակտիվ մետաբոլիտ է, ինչը բեղմնականխիչ բարձր արդյունավետություն է ապահովում։

Հորմոնների ներմուծումը հեշտոցային ուղու միջոցով թույլ է տալիս էական առավելություններ գրանցել․ նախ հորմոնային կայուն ֆոն է ապահովվում, բացի այդ նյութերը չեն անցնում լյարդով և ստամոքսաղիքային տրակտով։ Այդ հանգամանքը թույլ է տալիս անհրաժեշտ արդյունավետության հասնել հորմոնների օրական ավելի փոքր դեղաչափով, քան հաբերի դեպքում։

Այդպիսով կնոջ օրգանզիմի վրա համակարգային ազդեցությունը նվազագույն է, բացի այդ, կոմպլեքսը չի ազդում մարմնի զանգվածի վրա, ինչը պայմանավորված է նվազագույն դեղաչափով և արյան մեջ հորմոնների մակարդակի կայունությամբ։

Նուվա րինգի© աշխատանքի հիմնական մեխանիզմը ձվազատման ճնշումն է։ Բացի այդ այն բարձրացնում է ցերվիկալ լորձի մածուցիկության աստիճանը։

Ամեն մի օղը նախատեսված է դաշտանային մեկ ցիկլի ընթացքում օգտագործելու համար։ Կինն ինքն է դնում կամ հեռացնում Նուվա րինգը©։ Այն դնում է մենստրուալ ցիկլի 1-5-րդ օրերի ընթացքում, երեք շաբաթ շարունակ այն մնում է հեշտոցում, այնուհետև հեռացվում է, և 7 օր դադար տրվում, ինչից հետո դնում նոր օղը։

Օղը դնելուց հետո առաջին մեկ ամսվա ընթացքում հարկավոր է նաև պահպանակ օգտագործել։ Հետագա ցիկլերի ընթացքում բեղմնականխման հավելյալ որևէ միջոցի անհրաժեշտություն չկա։