Ինչպե՞ս վերականգնել հորմոնների աշխատանքը ծննդաբերությունից հետո

23.11.20178974

Հղիության ընթացքում կնոջ հորմոնային ֆոնը փոփոխվում է, ինչը բնական է։ Ի՞նչ անել, սակայն, երբ երեխայի ծնունդից հետո հորմոնային համակարգը չի կարգավորվում։

Հորմոնների արտադրման համար պատասխանատու են հատուկ գեղձերն ու առանձին բջիջները (հիպոֆիզ, վահանաձև գեղձ, մակերիկամների կեղև, սեռական օրգաններ, ընկերք և այլն)։ Արյան միջոցով դրանք տարածվում են ամբողջ օրգանիզմում։ Հորմոնների քանակն առհասարակ կայուն չէ, սակայն բնական վիճակից մեծ շեղումն անմիջապես զգացվում է։

Օրգանիզմում տասնյակ հորմոններ են արտադրվում, սակայն դրանցից երկուսը՝ պրոգեստերոնը և էստրոգենը, շատ կարևոր են հղի կամ նոր ծննդաբերած կնոջ համար։ Այդ հորմոններն արտադրվում են ձվարաններում, իսկ հղիության դեպքում կրկնակի են արտադրվում։ Այդպես շարունակվում է մինչև մոտավորապես չորրորդ ամիս, որից հետո ընկերքն սկսում է արտադրել սեփական հորմոնները։

Մեկ այլ կարևոր հորմոն է մարդու խորիոնային գոնադոտրոպինը, որն արտադրվում է միայն հղիության ընթացքում։ Ծննդաբերությունից հետո հորմոնային համակարգի վերակառուցում է սկսվում, հորմոնները կարգավորում են կրծքի կաթի արտադրությունը։ Լավագույն դեպքում հորմոնային ֆոնն իր նախկին վիճակին է վերադառնում կրծքով կերակրումը դադարեցնելուց հետո։

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին

Ինչպե՞ս հասկանալ, որ հորոմանային խանգարում կա

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ինքնազգացողությանն ու տրամադրությանը։ Հասկանալի է, որ երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում կինը շատ է ծանրաբեռնված լինում և հոգնում, սակայն պետք է աչալուրջ լինել, եթե բարձրանում է անոթային ճնշումը, հաճախակի գլխապտույտ, այտուցվածություն, մշտական անքնություն եք ունենում։ Բացի այդ հորմոնային խանգարման մասին են վկայում նաև գիրացումը կամ խիստ նիհարումը բնականոն սնվելու պայմաններում։

Կնոջ առողջության կարևոր ցուցանիշներից մեկը մենստրուացիան է։ Առատ, 7 օրից ավել տևող և ցավոտ դաշտանը կարող է վկայել հորմոնների աշխատանքի խախտման մասին։ Վերոնշյալ ախտանշանները նկատելուն պես հարկավոր է դիմել բժշկի և ժամանակին բուժվել՝ կանխելով հետագա բարդացումները։

Կարդացեք՝ Հորմոնային խանգարման նշանները

Հորմոնային համակարգի վիճակի ստուգման ամենաճիշտ միջոցը արյան հետազոտություն կատարելն է։ Դրա շնորհիվ պարզ կդառնա հիմնական օրգան-համակարգերի վիճակը, առկա շեղումները, բացի այդ կհասկանաք դյուրագրգռությունը բնավորության դրսևորո՞ւմ է, թե՞ օրգանիզմի օգնության ճիչը։

Ինքներդ ձեզ կարող եք օգնել վիտամինային համալիր խմելով, սննդակարգին ուշադրություն դարձնելով, քնի օրական պահանջը բավարարելով։